Wednesday, January 13, 2010

Անկարան ղարաբաղյան հակամարտության մեջ առանցքային խաղացող չէ

/PanARMENIAN.Net/ 12.01.2010 - Թուրքիայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարեւոր են էներգետիկ առումոց, քանի որ երկրները մի շարք նախագծեր են իրականացնում այդ ոլորտում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: Ընդ որում, նա մեկնաբանեց Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների առաջիկա հանդիպումը Մոսկվայում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երեւանում` ասելով, որ հանդիպումներն, ամենայն հավանականությամբ, տարբեր բնույթ են կրելու: «Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն առանց այդ էլ պարզ չեն էներգետիկայի ոլորտում, եւ եթե դա կապենք Հարավային Կովկասի հետ, ապա ամեն ինչ կխճճվի»,- նշեց Արեշեւը: Նա անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին եւ հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում Թուրքիայի շահագրգռվածությանը` ասելով, որ թեեւ Թուրքիան կարող է ազդել որոշ հարցերի վրա, ղարաբաղյան հակամարտության մեջ հիմնական խաղացողներն են մնում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: «Չնայած տարածաշրջանում իր ակտիվությանը, Անկարան այդ հարցում առանցքային խաղացող չէ եւ չի կարող ճեղքման հասնել»: Արեշեւը մեկնաբանեց նաեւ Ռուսաստանին ուղղված թուրքական կողմի խնդրանքը` ավելի ակտիվ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` ասելով, որ Ռուսաստանն առանց այդ էլ անում է այն ամենը, ինչ կարող է, եւ որ այդ երկիրը չի կարող միայն մի կողմին օժանդակել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը: 1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:

No comments:

Post a Comment