Wednesday, January 13, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ «ՍԱՌԸ ՔԱՄԻ Է ՓՉՈՒՄ»

«ԱԶԳ», 13-01-2010- Ամերիկյան The James Town Foundation վերլուծական կենտրոնի փորձագետները փաստում են, որ 2009-ին ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ տարաձայնություններ են առաջացել, որն առաջին հերթին հիասթափություն է առաջացրել Բաքվում: Ըստ ամերիկացի փորձագետներիՙ ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում նկատվող սառնությունը հղի է բազմաթիվ վտանգներով նաեւ ԱՄՆ-ի համար, քանի որ վերջինս մեծ շահեր ունի էներգակիրներով հարուստ կասպյան տարածաշրջանում: Ամերիկյան փորձագետների կարծիքովՙ Ադրբեջանի «խռովության» հիմնական պատճառը հայ-թուրքական արձանագրություններն են, որոնք, նաեւ ԱՄՆ-ի պահանջով, պետք է վավերացվեն ու կյանքի կոչվեն առանց նախապայմանների: Մինչդեռ Բաքուն հայ-թուրքական սահմանների բացումը տեսնում է միայն «ադրբեջանական հողերը վերադարձնելուց հետո», եւ, ըստ ամերիկացի փորձագետների, Ադրբեջանը կարծում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցում, խոչընդոտում է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. «Ըստ ադրբեջանցիների, եթե հայ-թուրքական արձանագրությունները վավերացվում են առանց հայերի կողմից Ղարաբաղը վերադարձնելու, ապա դա նշանակում է, որ Սպիտակ տունը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը, քանի որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից հետո Երեւանը դժվար թե համաձայնի զիջումներ անել Ադրբեջանին», գրում է ամերիկյան կենտրոնը: The James Town Foundation-ը նկատում է, որ Նահանգներից Ադրբեջանը «նեղացել» է նաեւ այն պատճառով, որ Ղարաբաղը 8 մլն դոլար հումանիտար օգնություն է ստացել ԱՄՆ-ից, իսկ այս փաստը Բաքուն ընդունել է որպես վիրավորանք: Վերջում ամերիկյան վերլուծական կենտրոնը նկատում է, որ Ադրբեջանը սկսել է հաճախակի դժգոհել ԱՄՆ քաղաքականությունից. «Իսկ սա խոսում է այն մասին, որ մեր երկրների միջեւ նկատվում է ոչ թե տակտիկական, այլ ռազմավարական «սառը քամի»», եզրափակել է կենտրոնը: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments:

Post a Comment