Monday, April 19, 2010

ԱԳՆ. Այս տարի ևս հայերն ու հույները միասին մասնակցելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումներին

Panorama.am. 19-4-2010- Հունաստանի խորհրդարանում ապրիլի 15-ին տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի և Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի միջև: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կողմերը քննարկել են հայ-հունական համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ հայ և հույն ժողովուրդներին կապում է մի բազմադարյան պատմություն` սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերը, և որ երկու բարեկամ երկրներն այսօր հնարավորություն ունեն արդեն իսկ հաստատված արդյունավետ համագործակցությունը խորացնել տնտեսության, առևտրի, մշակութային կապերի, հայ և հույն հասարակությունների շփումների ակտիվացման և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի և համագործակցության ամրապնդումը, ինչի համար լավ նախադրյալներ են ստեղծվել վերջերս հունական խորհրդարանում հայ-հունական բարեկամության խմբի ստեղծմամբ: Այդ համագործակցությունը գործնական հուն տեղափոխելուն, անկասկած, կնպաստի նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի այցը Հունաստան, որը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին: Շնորհակալություն հայտնելով Հունաստանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար` Հայաստանի դեսպանը հանդիպման ավարտին երախտագիտությամբ նշել է, որ Հունաստանի խորհրդարանի պատերի ներսում 14 տարի առաջ` ապրիլյան հենց այս օրերին, միաձայն ընդունվել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման և հիշատակի օրվա սահմանման մասին բանաձևը, և որ այս տարի ևս հայերն ու հույները միասին մասնակցելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին:

No comments:

Post a Comment