Wednesday, June 30, 2010
ՄԵԴՎԵԴԵՎ-ՍԱՐԿՈԶԻ-ՕԲԱՄԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՀՈՒՇԱԹԵՐԹԻ՞Կ»
«ԱԶԳ» , 30-06-2010- Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարությամբ իրենց աջակցությունն են վերահաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում: Աջակցության հատվածը լիովին ընդունելի, թեեւ ձեւական ու բովանդակությունից անկախ կրկնվող մի «ներածություն» է:
Հայտարարության հաջորդող հատվածը, թե «Որպես նշանակալից քայլ մենք ողջունում ենք կողմերի համար ընդունելի մոտեցումը, որ երկարաժամկետ կարգավորումը պետք է հիմնված լինի հելսինկյան սկզբունքների վրա» եւս այն իրողությունն է, որ անընդհատ ու ամեն պարագայում մատուցում է հայկական կողմը: Սակայն նույն նախադասության հաջորդ հատվածը, թե կարգավորումը պետք է հիմնված լինի «նաեւ այն դրույթների վրա, որ մենք առաջարկել ենք 2009 թ. հուլիսի 10-ին Լ,Աքվիլայում արված հայտարարությամբ», անհանգստության առաջին ալիքի պատճառն է:
2009թ. հուլիսի 10-ին նույն եռյակը Լ՛Աքվիլայում ներկայացրեց հետեւյալը. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխավորմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտությամբ, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց մշտական բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ նաեւ խաղաղապահ գործողություն»:
Ի՞նչ է սա. զուտ շարադրա՞նք, հերթականությո՞ւն, փուլային լուծման արդեն իսկ մեկնարկած ընթա՞ցք, մադրիդյան կամ դրանց կրկնությամբ ու որոշ փոփոխությամբ, այսպես կոչված, պետերբուրգյան սկզբունքների հերթագայությո՞ւն... Հստակ է, որ արդեն որերորդ անգամ ինչ-որ փաստաթուղթ` հայտարարություն, բանաձեւ, հռչակագիր, հուշագիր ու էլի դրանց նման այլ թղթեր նախ հավերժացնում են «օկուպացված տարածքներ» ձեւակերպումը այն դեպքում, երբ դրանց վերադարձի անհնարինության մասին շատ է ասվում ու խոսվում:
Ավելին, այն դեպքում, երբ այս հայտարարությունը հերթական անգամ ամրագրում է մի վիճակ, որ բնավ էլ հայանպաստ չէ, հայաստանյան կողմից հնչող մեկնաբանությունները աչք են փակում դրա վրա` շեշտելով հայանպաստության տարտամ դրսեւորումներ ունեցող դրույթների ներգրավումը համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում:
Այսպես, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, կարեւոր է, որ Կանադայում արված հայտարարությունը, հղում կատարելով Լ,Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:
Ըստ Նալբանդյանի, այդ սկզբունքները ներառում են այն, որ «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ, եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ»: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությամբՙ «Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»:
Արդեն սովորական դարձած ու գրեթե արձագանքի չարժանացող «օկուպացված տարածքներ» ձեւակերպման կողքին դեռ չպիտի՞ նշեին, թե Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ: Եվ ի՞նչ` հերթական անգամ հերթական «անուժ» փաստաթուղթ է ընդունվել, «անուժ» հայտարարություն է արվել, որ Հայաստանը որեւէ կերպ չի արձագանքում սովորական դարձած ձեւակերպումներին: Կամ արդյոք շարադրված սկզբունքները հերթականություն ունե՞ն, որին համաձայն է Հայաստանը:
Այս ամենի ֆոնին մեկ բան հստակ է. «օկուպացված»-ը անվտանգության գոտու համար դառնում է սովորական, ինչն անհետեւանք լինել չի կարող:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment