
News.am. 29-6-2010- «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների հայտարարության բուն փաստն ինքնին կարեւոր է այն համատեքստում, որ այդ երեք առաջատար երկրների ղեկավարները շեշտը չեն դրել ինչ-որ տարածքային խնդրի վրա, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Եւ քանի որ հայտարարությունը հնչել է Ադրբեջանի չդադարող ռազմատենչ հռետորաբանության, ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված ստատուս-քվոն խարխլելու եւ հրադադարի ռեժիմը խափանելու փորձերի պայմաններում, այդ հայտարարությունը կրկնակի կարեւոր է դառնում»,- նկատել է նա:
Ինչ վերաբերում է նախագահների հայտարարության մեջ առկա առաջարկներին, դրանք, ըստ պատգամավորի, ավելի մոտ են հայկական կողմին, քան ադրբեջանական: «Հայտնի է, որ Ադրբեջանը չի համաձայնվում Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարի հետ, լավագույն դեպքում խոսելով ողջ հանրապետության տարածքում հանրաքվեի մասին, իսկ նախագահների հայտարարության մեջ խոսվում է հենց ԼՂՀ տարածքում հանրաքվեի մասին»,- հայտարարել է Կ. Զատուլինը: Նրա խոսքով, նախագահների հայտարարության մեջ կան դրույթներ, որոնք կանհանգստացնեն Ադրբեջանին:
«Օրինակ, փաստաթղթում նշված են Ղարաբաղի շրջակա տարածքներ, այսինքն Լեռնային Ղարաբաղը տարանջատվում են դրանցից, ինչը Բաքուն չի անում պաշտոնական մակարդակով»,- նկատել է պատգամավորը: Նաեւ, նշված է ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի պահպանման անհրաժեշտության մասին, ինչը վկայում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշված տարածք է:
Զատուլինը նշել է, թե միջազգային հանրությունը հակված է ապագայում կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը: «Սակայն հայկական կողմը չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեին, քանի չեն հստակեցվել դրա կոնկրետ ժամկետները»,- ասել է նա:
Մեկնաբանելով տարածված շշուկները, թե Ռուսաստանը մտադիր է առաջիկայում իր խաղաղարարներին տեղակայել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում, Զատուլինը նշել է, թե Ռուսաստանը նման վառ արտահայտված ցանկություն չունի:
No comments:
Post a Comment