Saturday, July 10, 2010

ՍԵՄՆԵԲԻՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՄՏԱՀՈԳ Է ԼՂ ՀԱՐՑՈՎ

«ԱԶԳ», 09-07-2010- Հարավային Կովկասը շարունակում է մնալ անկայունությամբ ու անհաստատությամբ բնութագրվող տարածաշրջան, եւ միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավվածությունը մասնավորապես հակամարտությունների կարգավորման ու ժողովրդավարության բարեփոխումներին աջակցության հարցում: ԵԱՀԿ մշտական խորհրդում երեկ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին : Ըստ ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության, Սեմնեբին խոսել է Եվրոմիության ջանքերից, որ ուղղված են Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում հակամարտությունների լուծմանը եւ ժողովրդավարության ամրապնդման աջակցությանը: ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ չլուծված հակամարտությունների կարգավորումը տարածաշրջանում ԵՄ առաջնահերթություններից է: «Չլուծված հակամարտությունները Հարավային Կովկասի կայունության հիմնական սպառնալիքն են, քանի որ ստատուս քվոն անկայուն է ու էսկալացիայի վտանգ է պարունակում: Սա ի ցույց դրվեց 2008թ. օգոստոսին Վրաստանում սկսված պատերազմով», նշել է Սեմնեբին: Նրա խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առանձնակի մտահոգիչ է. շփման գծի երկայնքով զոհերով միջադեպեր են լինում: Երկարաձգված հակամարտությունները վնասում են նաեւ Եվրոմիության արեւելյան հարեւանների քաղաքական բարեփոխումներին եւ տնտեսական զարգացմանը աջակցելու ԵՄ ջանքերը»: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:

Post a Comment