Monday, September 20, 2010

Մուշի խաղող, ոտնակոխ արվող եկեղեցու պատառիկներ, հուզմունք. Սուրբ Խաչ թանգարանում պատարգ մատուցվեց

Panorama.am. 20-9-2010- «Մուշի խաղող, Մուշի շատ համով խաղող»,- Աղթամար կղզում` Սուրբ Խաչ եկեղեցու կողքին, երբեմնի իր հավատակիցներին թուրքերենով կանչում էր մուշեցի Հասանը: Մուսուլման դարձած հայը Մուշի խաղող էր հյուրասիրում եկեղեցում մատուցվելիք պատարագը դիտելու համար կղզի ժամանած սփյուռքահայերին: Մուշի խաղողը, իսկապես, շատ համեղ էր, մարդիկ ուտում էին ու փառք տալիս Աստծուն: Իսկ Հասանը գոհ էր, որ գոնե խաղող մատուցելով գոհացրեց հայերին:

70-ամյա հայ ծնված Ֆարսանդան 15 տարեկանից մեծացել է քրդերի մեջ, կրոնափոխ եղել. Սուրբ Խաչ եկել էր փեսայի` քրոջ ամուսնու հետ: Չի ամուսնացել, ժառանգներ չունի: Ասաց. «Շատ լավ եմ զգում ինձ: Եկել եմ արմատներս փնտրելու»:

Ծնունդով Սասունից պոլսահայ Գևորգ Չալըշը մի տուրիստական կազմակերպության միջոցով Աղթամար էր եկել հիսուն հոգանոց խմբի հետ: Ասաց` ուրախ է, հոգում թեթևություն է զգում:

Շուրջ մեկդարյա դադարից հետո Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագը հուզել էր գրեթե բոլոր այցելուներին` հայերն արցունքոտ աչքերով ու հուզված` մոմ էին վառում: Գլխաշորերով մուսուլման կանայք էլ կային, իսկ տեղի երեխաները Հիսուս Քրիստոսի պատկերով նկարներ էին վաճառում: Մոմավառությունը կազմակերպվել էր դրսում: Դրսում էին աղոթում նաև հայ ուխտավորները` թուրքական հատուկ ծառայությունների համառ հսկողության ներքո: Եկեղեցի քիչ մարդու էր թույլատրվում մուտք գործել: «Տեղ չկա», - բացատրեցին պոլսահայ քահանաները: Մարդիկ հուզված էին նաև եկեղեցի մուտք գործել չկարողանալու համար:

Մինչև պատարագն սկսելը` կղզում հայկական, հիմնականում, Արա Գևորգյանի երաժշտությունն էր հնչում: Գմբեթի փոխարեն` խաչը տեղադրվել էր եկեղեցու կողքին: Մարդիկ մոտենում էին, համբուրում այն ու կանգնում աղոթում խաչի դիմաց:

Եկեղեցու շրջակայքը լի էր նախկինում եկեղեցու մաս կազմած քարերով, որոնց վրա խաչեր էին քանդակված, իսկ որոշների վրա էլ որմնանկարներ կային: Դրանց վրայով մարդիկ անխնա քայլում էին ու չէին էլ նկատում` ինչեր են:

Կիսլովոդսկից տասնմեկ հայրենակիցների հետ պատմական Հայաստան ժամանած Ալեքսեյը մոր խնդրանքով պետք է Բիթլիսից հող ու ջուր տանի: «Մայրս շատ է կարոտում իր երկրի հողն ու ջուրը», -բացատրեց Ալեքսեյը: Նա առանց խաչ Սուրբ Խաչի նկարն էլ գնեց ու կտանի իր հետ Կիսլովոդսկ:

Ընդհանրապես, Վանի իշխանությունները բավականին լավ էին պատրաստվել Աղթամարի միջոցառմանը: Բրոշյուրներ ու պաստառներ էին տպագրել` գունազարդ ու նաև աղավաղված պատմությամբ: Սուրբ Խաչը չէր ներկայացվում որպես Բագրատունյաց հայկական թագավորության ժամանակներում հիմնադրված կոթող, այլ ուղղակի նշված էր` Սուրբ Խաչը կառուցվել է Վասպուրականի թագավորի կողմից: Վանա լճի ափից զբոսաշրջիկներին կղզի էր հասցնում զբոսանավը, իսկ ափին մեծ տոնավաճառ էր, վաճառում էին Վանի խորհրդանիշները` Վանա կատու, Սուրբ Խաչ եկեղեցին…առանց խաչի:

Կղզի այցելողներին միանգամից դիմավորում է գրությունը. «Աղթամար, Սուրբ Խաչ թանգարան, մուտքը 3 լիրա, բացվում է 10:00-ին, փակվում` 18:00-ին»: Ու այդպես, Պոլսի հայոց պատրիարքարանի հոգևորականները, պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորությամբ, թանգարան-եկեղեցում պատարագ մատուցեցին: Ուղիղ 18:00-ին թանգարանի մուտքը փակվում է: Իսկ եթե նշված ժամանակին դուրս չեն գալիս թանգարանից, թուրք ոստիկանները ստիպելով ու հրահանգելով են դուրս հանում, ինչպես մեզ հետ պատահեց պատարագի նախօրեին:

Հասմիկ Համբարձումյան
Վան, Աղթամար

No comments:

Post a Comment