«ԱԶԳ, 29-10-2010- Երեկ մինչեւ դեկտեմբերի 9 հետաձգվեց ԼՂՀ-ն ճանաչելու «Ժառանգության» օրինագիծը: Երբ քննարկված օրինագծերի քվեարկությունների ժամանակ հերթը հասավ այս օրինագծին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օգտվեց վարման կարգի վերաբերյալ հնարավորությունից, ձայն վերցրեց ու ասաց, որ եթե այս պահին օրինագիծը դրվի քվեարկության, մեծամասնությունը դրան կողմ չի քվեարկի` նպատակահարմար է համարում նախագծի քվեարկությունն իրականացնել Աստանայի գագաթաժողովից հետո: Ապա եւ ներկայացրեց կոալիցիոն խմբակցությունների հայտարարությունը, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը համոզված են` ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է: Սակայն, պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, կոալիցիան համոզված է նաեւ, որ ԼՂՀ միակողմանի ճանաչումը Հայաստանի կողմից այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում նախագահ Սարգսյանի կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան: «Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվիՙ վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը: Բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՛ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՛ կսատարենք դրանով մտահոգ որեւէ այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը: Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը», հայտարարեց Գալուստ Սահակյանը` նշելով, որ այս հայտարարությունը ստորագրել են կոալիցիոն խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը, Հեղինե Բիշարյանն ու ինքը: Ելույթ ունենալով` Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնեց, իր խոսքով, «ճշմարտության մեր պահը տեղափոխել 2 քառօրյա անց` մինչեւ դեկտեմբերի 9: Այլեւս մեզնից չեք լսելու մեծ օրակարգ մտցնելու պահանջ, համաձայնություն, փոխզիջում, որովհետեւ քաղաքական մեծամասնության փաստարկները մենք ընդունում ենք», ասաց նա` նշելով, որ դա կտեւի մինչեւ դեկտեմբերի 9, հաջորդ օրը` դեկտեմբերի 10 Արցախի հանրաքվեի 19-ամյակն է, եւ հարկ է միասնական քվեարկությամբ ընդունել օրինագիծը. մինչեւ հաջորդ տարվա 20-ամյակի տոնակատարությունը, ըստ Հովհաննիսյանի, Արցախը, Հայաստանը, Սփյուռքը միասնական ջանքերով մեղքերի քավությամբ պետք է տանեն ծրագրված, նպատակասլաց քաղաքականություն միջազգային հանրության եւ իր առանձին անդամների ճանաչման համար. «Մինչեւ դեկտեմբերի 9` Մշո սուլթան սուրբ Կարապետ մեզի լինի օգնական», ասաց նա: Այս` թերեւս պատգամավորկան լսարանի համար մի քիչ էմոցիոնալ խոսքից հետո Հովիկ Աբրահամյանը հարկ համարեց ճշտել. «Պարոն Հովհաննիսյան, դուք առաջարկում եք, որ մենք քվեարկենք որոշումը հետաձգելու մասի՞ն»: Եվ հաստատական պատասխան ստացավ: ԱԺ-ն քվեարկեց հետաձգման որոշումը, որը 77 կողմով ընդունվեց:

No comments:
Post a Comment