Saturday, November 20, 2010

ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է կրոնական ազատությունները սահմանափակելու մեջ

Panorama.am. 19-11-2010- ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով գրասենյակի` աշխարհում կրոնի իրավիճակի հետ կապված հերթական զեկույցի Ադրբեջանին վերաբերող մասում ասվում է, որ այդ երկրում, անցյալ տարվա համեմատ, կրոնի ազատության նկատմամբ հարգանքը ոչ մի առաջընթաց չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:
Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է կրոնի ազատության սահմանափակումները: Գրանցում չունեցող որոշ մահմեդական և քրիստոնեական խմբերի գործունեությունն արդեն կասեցվել է: Տեղեկություններ կան, որ տեղական պաշտոնյաներն այդ հարցում չարաշահել են իրենց լիազորությունները»:
Ըստ զեկույցի, Ադրբեջանի սահմանադրության մեջ կատարված փոփոխություններն ու 2009 թ-ին ընդունված մյուս օրենքները մեծացրել են կրոնական սահմանափակումները և խստացրել կրոնական խմբերի գրանցումը: «Սահմանադրական փոփոխությունները սահմանափակել են օտարերկրացիների՝ կրոն քարոզելու հնարավորությունը և կրոնական արարողություններ կատարելու լիազորությամբ օժտել միմիայն Ադրբեջանում աստվածաբանական կրթություն ստացած քաղաքացիներին: Ադրբեջանի խորհրդարանն էլ օրենք է ընդունել 2010 թ-ի հունվարից կրոնական կազմակերպությունների կրկնակի գրանցում անցնելու մասին, ինչը խնդիրներ է առաջացրել բազմաթիվ կրոնական համայնքների համար»,- ասվում է զեկույցում:
Զեկույցի համաձայն, բազմաթիվ կրոնական խմբեր զրկվել են պետական աջակցությունից: «Տեղեկություններ կան, որ դրա հետ միասին, տեղական պաշտոնյաները վերահսկողություն են սահմանել որոշ կրոնական գործիչների նկատմամբ, ճնշումներ գործադրել իսլամական և «ոչ ավանդական» կրոնական խմբերի անդամների հանդեպ և ձերբակալել նրանցից ոմանց»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում:

No comments:

Post a Comment