Monday, November 1, 2010

Արցախի օդանավակայանի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է Արցախի Օդանավակայանում լայն թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում ԼՂՀ-ն միջազգային չափանիշներին համահունչ օդանավակայան է ունենալու: Օդանավակայանի նշանակության և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
«Ընդհանուր առմամբ, օդանավակայանն ունի և՛ տնտեսական և՛ քաղաքական, և սոցիալական նշանակություն: Քաղաքական նշանակության էությունը կայանում է նրանում, որ օդային տրանսպորտը, տարբեր երկրների հետ կապը առավել հեշտացնում է: Արցախի շփումները Հայաստանի և առհասարակ, արտերկրի հետ բավականին կթեթևանա: Ճիշտ է ցամաքային ճանապարհը բարեկարգ է, սակայն ճանապարհային որոշ հատվածներ բավականին «ծանր» են և բնական է, որ անհրաժեշտություն էր առաջանալու ուղիղ կապ ապահովելու համար, իսկ օդանավակայանն այդ կապի հնարավորությունը կստեղծի»,- ասաց նա:
Անդրադառնալով տնտեսական գործոնին՝ նշեց, որ կան մեծ թվով գործարարներ, տարբեր շրջանակներ, որոնք կցանկանային առավել ակտիվ շփումների մեջ լինել Արցախի հետ, առավել հաճախ այցելել երկիր, սակայն ժամանակի ու տարածության առաջացրած խնդիրները խոչընդոտում են կապը:
«Լավ կլինի, որ այս տրանսպորտային հանգույցը լիարժեք գործի: Սկզբում կապ կհաստատվի Երևանի հետ, անուհետև չվերթներ կիրականացվեն նաև այլ ուղղություններով»,- ընդգծեց Դ. Բաբայանը:

No comments:

Post a Comment