«Լրագիր» 30-11-2010- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի երեւանյան այցի ընթացքում կարծես թե տեսի ունեցավ մի ոչ սովորական դրվագ: Բորդյուժան Հայաստանի ԱԳՆ-ում մի սեղանի շուրջ նստեցրեց արտգործնախարար Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Կարծես թե աննախադեպ ֆորմատ է, գոնե Բորդյուժայի առաջ նստելու առումով: Բնական է, որ այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչով կարող էր դա պայմանավորված լինել: Պաշտոնական հաղորդագրություններն իհարկե չեն կարող լինել այդ հարցի պատասխանը փնտրելու հուսալի ուղեկից: Մնում է միայն ենթադրություն անել, հիմնվելով այն ֆոնի վրա, որ կա այդ հանդիպման շուրջ: Իսկ ֆոնը կազմում են մոտ տասն օր առաջ Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ Վեհաժողովը, որին ի դեպ Հայաստանը ներկայացրին հենց արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը, դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ Վեհաժողովը, ինչպես նաեւ ամերիկյան Wikileaks-ը, որը դարձավ միջազգային անցուդարձի մասին սկանդալային բացահայտումների աղբյուր:
Անցած ու սպասվող այդ իրադարձություններից ամեն մեկը կամ բոլորը միասին կարող էին լինել Բորդյուժայի եւ Հայաստանի ԱԳՆ, ՊՆ ղեկավարների ու ԱԽ քարտուղարի հանդիպման պատճառ: Իսկ ինչ կարող էր ասել Բորդյուժան: Ըստ երեւույթին, Բորդյուժան որոշակի շտկումներ է մտցրել այն հարցերի շրջանակում, որոնք նոյեմբերի 16-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՌԴ իշխանության առաջ բարձրացրել էր Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել էր, որ այդ բոլոր հարցերին տրվել են դրական եւ վաղվա օրվա հանդեպ հավատ առաջացնող պատասխաններ: Ըստ երեւույթին, Բորդյուժան այժմ եկել է ասել, որ վաղվա օրվա հանդեպ այդքան էլ հանգիստ լինել պետք չէ, իսկ որոշ հարցերին տրված պատասխաններն էլ պետք է ուժը կորցրած համարել, որովհետեւ ամերիկացիները կարծես թե գործում են ոչ ստանդարտ եւ խառնում են խաղաքարտերը:
No comments:
Post a Comment