Wednesday, November 3, 2010

Հայկական եկեղեցու վրացականացման հերթական փորձը. հուշարձանագետն ահազանգում է Երևան Սբ. խաչի մասին

Tert.am. 3-11-2010- Վրացական իշխանությունները որոշել են վրացականացնել հերթական հայկական եկեղեցին։ Այս մտահոգությունն այսօր հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը ներկայացրեց, որ Երևան Սուրբ խաչ եկեղեցին գտնվում է Ախալցխայի հին թաղամասում։ Այն ի սկզբանե հայկական առաքելական եկեղեցի է եղել՝ կառուցված միջնադարում՝ 13–14–րդ դարերում։ Առաջին ուսումնասիրողներից ֆրանսիացի Մարի Պրոսեն 1840–ականներին այցելել է և գրի է առել եկեղեցու շինարարության հայերեն արձանագրությունը։ Մինչև 18–րդ դարի սկիզբը գործել է որպես Հայ առաքելական եկեղեցի, այնուհետև փոխանցվել է տեղի, այսինքն՝ Ախալցխայի հայ կաթողիկե համայնքին և մինչև հեղափոխությունը գործել է որպես հայ կաթողիկե եկեղեցի։
Հուշարձանագետը նշեց, որ տասնամյակներ շարունակ անգործածելի մնալուց հետո վրաց պատրարք Իլյա Երկրորդը «միտք է հղացրել եկեղեցին հանձնել հորինովի վրացի կաթոլիկ համայնքին»։ «Հորինովի, որովհետև այդպիսի համայնք չկա։ Վրացի կաթոլիկ չկա, կան վրացախոս հայ կաթոլիկներ, բայց նրանք վրացիներ չեն։ Հնարքը գտել են՝ վրացախոս հայ կաթոլիկներին հայտարարեն վրացի կաթոլիկներ և եկեղեցին փոխանցեն իրենց»,– ասաց հուշարձանագետը։
Նրա խոսքով, այս մասին լուրն անցյալ տարվանից է շրջանառվում, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում վրացական մամուլն ավելի արդիականացրել է հարցը։

No comments:

Post a Comment