Tuesday, November 30, 2010

Թուրքիան կարևորում է Հայաստանին, բայց վախենում է Ադրբեջանից

Panorama.am. 30-11-2010- Կովկասյան պլատֆորմը կյանքի կոչելու հարցում Թուրքիան կարևորել է Հայաստանի դերակատարությունը, սակայն վախեցել է Ադրբեջանի բացասական արձագանքից: Այս մասին հայտնի է դարձել երեկ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերից:
Հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն` Թուրքիայի փոխարտգործնախարար Չևիկոզը Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դագ Սիլիմանի հետ զրույցում` խոսելով Կովկասյան պլատֆորմի մասին, նշել է, որ Թուրքիան կարևորում է տարածաշրջանային համագործակցության ցանկացած մեխանիզմում Հայաստանի ակտիվ դերակատարությունը:
«Չևիկոզն ընդգծեց Թուրքիայի տեսակետը, որ Հայաստանը պետք է կարևոր դերակատարում ունենա ցանկացած նման մեխանիզմում»,- իր զեկուցագրում արձանագրել է Ժամանակավոր հավատարմատար Սիլիմանը:
Վերջինիս հետ զրույցում, որը կայացել է 2008 թվականի օգոստոսի կեսերին, Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Չևիկոզը նաև հայտնել է, որ Աբդուլա Գյուլի Երևան այցելության հետ կապված վերջնական որոշում դեռ չի կայացվել: Սիլիմանի տեղեկացմամբ, իր և Չևիկոզի հանդիպման մասնակից Էրչինը (Թուրքիայի ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ) հայտնել է, որ այդ պահին երկրի ԱԳՆ-ում քննարկում են նախագահի հնարավոր այցելության դրական ու բացասական հետևանքները:
«Գլխավոր բացասական հանգամանքն, հավանաբար, Ադրբեջանի չափազանց բացասական արձագանքն է: Ժամանակավոր հավատարմատարը խրախուսեց Գյուլի մասնակցությունը (այցելությունը- Panorama.am)` որպես հայ-թուրքական կարգավորման հզոր խորհրդանիշ»,- նշել է Դագ Սիլիմանը:

No comments:

Post a Comment