Tert.am. 23-12-2010- «Այսօր այս ամբիոնից մի քանի անգամ հնչեց այն միտքը, որ մեր Ջավախքը դատապարտված է ունենալ երկու ճակատագիր՝ կամ Նախիջևանի, կամ Արցախի ճակատագիրը։ Մենք համոզված ենք, որ եթե վրացական իշխանությունները շարունակեն Ջավախքի հայաթափման այս ծրագիրը, նրանք կունենան ազատագրված Արցախի տարբերակը»,– ջավախահայերի խնդիրներին նվիրված այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Սեֆիլյանը նշեց, որ Ջավախքում տարեցտարի ավելի է վատթարանում իրավիճակը։ «Այսօր այդ նույն հայաթափման քաղաքականությունը, որը կիրառվում է Թիֆլիսի իշխանությունների կողմից, դժբախտաբար, իրականցնում են այնտեղ բնակվող հայերը։ Այն հայերը, որոնք այսօր գործակցում են Թիֆլիսի իշխանությունների հետ, ենթարկվում են թիֆլիսյան հակահայկական բոլոր հրահանգներին, ես նրանց ուզում եմ հիշեցնել, որ եթե նրանք կարծում են, որ անպատիժ են մնալու, ապա չարաչար սխալվել են»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը շեշտեց, որ Ջավախքում տիրող այսօրվա մթնոլորտը նույնությամբ առկա էր 1988թ. շարժման նախօրեին Արցախում, երբ այնտեղի չինովնիկները նույնպես կարծում էին, որ շարունակելով կատարել Բաքվի հրամանները, չեն պատժվելու։ Մինչդեռ, Սեֆիլյանի խոսքով, չնայած նման մտածող չինովնիկների մի մասը փախավ, իսկ մյուս մասն էլ առ այսօր չի ստացել իր արժանի պատիժը, այնուամենայնիվ վերոհիշյալ չինովնիկների մի մասը պատժվեց։
«Այն հայ անհատներին, որոնք այսօր գործակցում են, ենթարկվում են Թիֆլիսի իշխանություններին, հորդորում եմ, որ հետ կանգնեն իրենց դավաճանական ընթացքից այն իմաստով, որ այսօր մեր սերունդը մի ամբողջ շարժման փորձ ունի, և եթե 88թ. շարժումից հետո որոշ չինովնիկներ կարողացան խուսափել հայկական արդար դատից, ապա դուք չեք ազատվելու»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։
Նա ասաց, որ Արցախյան ազատամարտը հաջողություն ունեցավ այն պատճառով, որ առկա էր Հայաստանի աջակցությունը։ Սակայն այսօր, Սեֆիլյանի դիտարկմամբ, իրավիճակն այլ է։
«Այսօր Վահագն Չախալյանի ընկեր Գուրգեն Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ ոչ միայն վրացական, այլև մեր իշխանություններից։ Այսօր մեր երիտասարդներին պատսպարվելու տեղ չի մնացել, և մեր օրակարգը մեկն է՝ ՀՀ–ում իրականացնել համակարգային փոփոխություններ և միայն դրանից հետո է հնարավոր լրջորեն զբաղվել Ջավախքով»,– ասաց նա։
No comments:
Post a Comment