Saturday, February 19, 2011

«Այսպես կվարվենք բոլոր «հայերի» հետ». PKK-ականներին սպանած թուրք զինվորներ

HayNews.am. 18-2-2011- Վանի նահանգում հերթական եղբայրական գերեզմանն է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է Firat գործակալությունը, եղբայրական գերեզմանում թաղված են եղել 1995 թվականին թուրք զինվորների կողմից սպանված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 9 անդամներ: Թուրք զինծառայողները քուրդ ապստամբներին սպանելուց հետո զանգվածաբար թաղել են նրանց:
Սպանված PKK-ականներից մեկի եղբայրը դիմում է ներկայացրել պետությանը, որով պահանջել է գտնել այն վայրը, որտեղ թաղվել է իր եղբայրը: Որոշ ժամանակ անց հաջողվել է գտնել 9 քուրդ ապստամբների եղբայրական գերեզմանը:
Որոնողական աշխատանքներին մեծապես օգնել են տեղի բնակիչները: Վերջիններս նշել են, որ PKK-ականներին սպանելուց ու թաղելուց հետո թուրք զինծառայողները գյուղացիներին զգուշացրել են, որ «պետության դեմ ելնող ցանկացած մեկն այդ բախտին կարժանանա», ինչպես նաև ցինիզմով հավելել. «Այսօր մենք 9 հայի ենք սպանել»:
Նշենք, որ մինչ օրս Թուրքիայի շատ վայրերում «հայ» բառը որպես վիրավորանք է օգտագործվում:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիսի-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող մոտ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական են համարում աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments:

Post a Comment