Thursday, May 5, 2011

Ֆրանսահայությունն ամեն ինչ կանի ցեղասպանության մասին օրինագիծը եւս մեկ անգամ Սենատում քվերակության դնելու համար. Հրաչ Վարժապետյան

«NEWS.am», 05.05.2011: Ֆրանսիայի Ծերակույտը (Սենատ) խուսափեց իրականության հետ առճակատումից. Սենատի անդամները պատասխանատվությունից խուսափելու համար դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծին»,- այս մասին մայիսի 4-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը: Նրա խոսքով, Ծերակույտը, փոխանակ խորքային քննարկում անելու, տուրք է տվել Սահմանադրական հանձնաժողովի հայտնած կարծիքին, համաձայն որի` այս օրինագիծը հակաահմանադրական է:
Ապագա քայլերի մասին խոսելիս Հրաչ Վարժապետյանը նշեց, որ մինչ նախագահական ընտրությունները կա մեկ տարի եւ այդ ընթացքում հայությունն ամեն գնով պետք է իր քվեն օգտագործի` ի նպաստ այդ խնդիրների լուծման: «Պետք է համախմբվել եւ դա վերածել զորավոր խաղաքարտի: Մեկ տարվա ընթացքում անպայման պետք է այնպես անել, որ այդ օրինագիծը մեկ անգամ եւս Սենատում դրվի քվեարկության»,- ասաց նա:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին 196 դեմ եւ 74 կողմ ձայներով մերժեց Թուրքիայում 20-րդ դարասկզբին կատարված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Հրաչ Վարժապետյանի խոսքով` իրենք չէին սպասում անպայմանորեն հաղթանակ, բայց նաեւ չէին կարծում, որ այսքան դեմ ձայներ կլինեն:
Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող օրենք է ընդունել։ Սակայն, Ֆրանսիայում ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո, այն պետք է վավերացվի Սենատում, որից հետո միայն, նախագիծը օրենքի ուժ է ստանում։

No comments:

Post a Comment