Thursday, May 5, 2011

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅԵՐԸ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

«Lragir.am», 05.05.2011: Այսօր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ` կամ մինչեւ մայիսի 31-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, կամ իրենց ստորագրությունը դնել հասարակություն-իշխանություններ ջրբաժանի ընդդիմության կոչի տակ: Իշխանություններն այլեւս սպառել են ինչպես Հայաստանի հասարակության համբերության, այնպես էլ միջազգային հանրության հանդուրժողականության բոլոր պաշարները եւ այս պահանջը չկատարելու դեպքում կանգնելու են համաժողովրդական ընդվզման փաստի առաջ, որի առաջին հրահրողները և պատասխանատուն հենց իրենք են` երկրի համար կենսական նշանակության բոլոր բնագավառներում սեփական անհեռանկար քաղաքականության շնորհիվ: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ չեն կարող անվերջ երկարաձգել հասարակության պահանջի և միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունների կատարումը:

Սիրելի հայրենակիցներ, ինչպես վերջին հանրահավաքի ավարտին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Ազատության հրապարակում անժամկետ նստացույց կսկվի, եթե մինչեւ մայիսի 31-ը ազատ չարձակվեն քաղբանտարկյալներր: Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում իր համակիրներից, որոնք ցանկություն են հայտնում միանալու Հայաստանի նստացույցին: Այստեղ նույնպես սպառվում է մարդկանց համբերությունը:

Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը հայտարարում է, որ եթե գեթ մեկ քաղբանտարկյալ մնա բանտում մինչեւ մայիսի 31-ը, ապա Լոս Անջելեսի հայությունը եւս, ի աջակցություն Լեոն Զուրաբյանի նախաձեռնության, նստացույց կկազմակերպի Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության մասնաշենքի դիմաց:

Ազատությո'ւն բոլոր քաղբանտարկյալներին որպես համաժողովրդական պայքարի արդյունքում Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ տարվող կարեւորագույն քայլի:

Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակ
Լոս Անջելես/ 4 մայիսի 2011 թ.

No comments:

Post a Comment