Wednesday, July 13, 2011

Ալի Հասանով. Այսօրվա պայմաններում Ադրբեջանը պատերազմ սկսել չի կարող

Panorama.am. 13-7-2011- Այսօր առկա պայմաններում Ադրբեջանը չի կարող Հայաստանի դեմ պատերազմ սկսել ու ղարաբաղյան խնդրի լուծման ցանկալի տարբերակ պարտադրել: Այս մասին, ըստ ադրբեջանական 1news.az կայքի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը:
«Բնական է, որ ներկայացված ոչ բոլոր սկզբունքներն են Ադրբեջանին լիովին բավարարում: Որպեսզի Ադրբեջանին բացարձակապես ամն ինչ բավարարի, մենք պետք է պատերազմ սկսեինք, ազատագրեինք հայերի օկուպացրած տարածքներն ու Հայաստանին ստիպեինք մեզ բավարարող խաղաղության համաձայնագիր ստորագրեր»,- աղբյուրի համաձայն` հայտարարել է Ալի Հասանովն ու նշել, որ «այսօրվա պայմաններում, սակայն, դա անհնար է»:
«Ուստի, դրսևորելով կառուցողական դիրքորոշում, մենք պատրաստ ենք փոխադարձ զիջումների»,- նշել է նա:
Ալի Հասանովը, ինչպես և իր ղեկավարը` Իլհամ Ալիևը, նախօրեին խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին, հատվածական ներկայացրել միջնորդների առաջարկները ու դրանք բնորոշել փոխզիջումային:
Ուշագրավ է, որ թե Իլհամ Ալիևը, թե Ալի Հասանովը մոռացության են մատնել այն փաստը, որ Մադրիդյան սկզբունքներում, մասնավորապես 2009թ. Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում ներկայացված տարրերում հստակ ամրագրված է նաև դրույթ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին: Հիշյալ փաստաթղթերում մասնավորապես նշված է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը հստակեցվելու է նրա բնակչության իրավական պարտադիր հետևանք ունեցող կամարտահայտության արդյունքում:

No comments:

Post a Comment