Wednesday, July 13, 2011

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ...»

«ԱԶԳ», 13-07-2011- ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հուլիսի 6-10 Բելգրադում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ավարտին 53 երկրների 230 պատգամավորների կողմ քվեարկությամբ (թե ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրներից ո՞ր երկուսը չեն մասնակցել քվեարկությանը` պաշտոնապես տեղեկություն չի հաղորդվում, չնայած հարեւան Ադրբեջանի ներկայացուցիչները նիստերին հաստատ մասնակցել են. Ա.Հ.) ընդունվեց ԵԱՀԿ-ի ԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված բելգրադյան հռչակագիրը, որում էլ հենց ներկայացված է վերը գրված կոչը:
«ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը ցավ է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջը լարվածության մեծացման առնչությամբ եւ կոչ է անում, որ ԵԱՀԿ շրջանակներում քաղաքական ավելի մեծ ջանքեր գործադրվենՙ կարգավորելու չլուծված հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում եւ Վրաստանում», ի շարս այլ դրույթների` նշվում է բանաձեւում:
Համաձայն հռչակագրի, որն ըստ էության հանձնարարականներ է պարունակում ԽՎ անդամ 55 երկրների խորհրդարանների համար, ընդգծվում է, որ ԵԱՀԿ-ն խորապես մտահոգ է ԵԱՀԿ-ի տարածքում ձգձգված հակամարտությունների լուծման գործում առաջընթացի բացակայության պատճառով:
Ամեն դեպքում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը նաեւ վերընտրել է վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին, իսկ Հարավային Կովկասում եւ ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ժոաո Սուարեշը, որը, ըստ ադրբեջանական տեղեկատվության, տարածաշրջան կայցելի արդեն սեպտեմբերին:

No comments:

Post a Comment