Tuesday, January 24, 2012

Լավ է, Ֆրանսիա, կամ Թուրքիան մոդայից դուրս

«Լրագիր» 24-1-2012- Հայերը շնորհակալություն են հայտնում Ֆրանսիային, Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Օրինագիծը ընդունեց նաեւ Ֆրանսիայի Սենատը, եւ հիմա մնացել է միայն նախագահի նստավայրը: Գրեթե կասկած չկա, որ նախագահ Սարկոզին կստորագրի օրինագիծը, ինչի համար սահմանված է 15 օր ժամանակ: Ընդամենը մի քանի ամիս առաջ, 2011 թվականի մայիսին, Ֆրանսիայի Սենատը մերժել էր համանման մի օրինագիծ, որով քրեականացվելու էր հայերի ցեղասպանության ժխտումը: Ի՞նչ փոխվեց 2011 թվականի մայիսի եւ 2012 թվականի հունվարի միջեւ: Արդյոք բանը միայն այն է, որ 2012 թվականի հունվարը ավելի մոտ է Ֆրանսիայի նախագահի 2012 թվականի ապրիլին կայանալիք ընտրությանը, որտեղ կարեւոր է դիտվում հայկական համայնքի դիրքորոշումը, թե պատճառների եւ շարժառիթների համախումբը ավելի ծավալուն է: Նկատի ունենալով այն, որ Ֆրանսիան բավական մեծ ռիսկի է ենթարկում իր հարաբերությունը մի պետության հետ, որն իհարկե աշխարհում հզոր կամ գերհզոր չէ, բայց որը բավական նշանակալի տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքականության “երթուղիներում”, պետք է թերեւս ենթադրել, որ բանը միայն նախագահի ընտրությունը չէ: Միայն թեթեւամիտ երկրները նախընտրական շարժառիթներով կվտանգեն իրենց հարաբերությունը կարեւորություն ներկայացնող պետությունների հետ: Ֆրանսիան անկասկած թեթեւամիտ երկիր չէ: Ավելին, Ֆրանսիան համաշխարհային քաղաքականության լուրջ, առաջատար մշակներից է: Հետեւաբար, “հայկական” օրինագծի ընդունումը թերեւս պետք է դիտարկել հենց այդ մշակության ծիրում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ֆրանսիայի քայլը ֆրանս-հայ-թուրքական “եռանկյունու” մեջ տեղավորելը կնշանակի չափազանց, անհամարժեք նեղացնել իրողությունը: Ֆրանսիան համաշխարհային քաղաքականության մեջ բացում է թերեւս մի նոր շարժ, որտեղ Թուրքիայի համար հեռանկարները լինելու են բավական մտահոգիչ: Թուրքական հիստերիկ արձագանքը վկայում է հենց այդ մասին, որ բանը միայն Ֆրանսիան չէ, միայն Թուրքիայի հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքը չէ, այլ համաշխարհային կլիմայի փոփոխությունը, որտեղ Թուրքիան կարող է հայտնվել “տեղումնառատ” գոտում: Ֆրանսիան կարծես թե կտրուկ շրջում է այն հունը, որով մինչ այդ Թուրքիան բավական առաջապահ դիրքերի էր հասել համաշխարհային քաղաքականության մեջ, մասնավորապես եվրասիական ուղղությամբ: Նորաձեւության հայրենիքներից մեկը դիտվող Ֆրանսիայի քայլը նույնիսկ կարելի է համարել Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի համաշխարհային քաղաքականության նոր մոդայի ներմուծում, որը կարելի է բնորոշել “Թուրքիան արդեն մոդա չէ” արտահայտությամբ: Այդ իրավիճակը թերեւս պետք է մանրակրկիտ դիտարկման ենթարկի Հայաստանը, որովհետեւ Թուրքիայի համաշխարհային դերակատարության հետ կապված որեւէ փոփոխություն, Թուրքիայի հանդեպ համաշխարհային քաղաքականության մթնոլորտում առկա որեւէ նոր միտում ուղղակիորեն ենթադրելու է նաեւ նոր մոտեցումներ եւ դիրքորոշումներ Հայաստանի հանդեպ: Իսկ դա Հայաստանի համար կարող է լինել թե խոստումնալից հնարավորություն, թե բավական մեծ վտանգ: Ամեն ինչ բնականաբար կախված է այն բանից, թե ինչ դիտարկումներ, հետեւություններ եւ եզրակացություններ կանի Հայաստանը այդ նոր իրավիճակում, ինչպես կհասկանա, ինչ ամբողջությամբ կկարողանա ընկալել եւ պատկերացնել նոր իրավիճակը: Ակնհայտ է, որ Հայաստանից այստեղ պահանջվում է արդիականացման արագ տեմպ, որովհետեւ պետության այն որակը, որ կա այժմ Հայաստանում, որեւէ դեպքում թույլ չի տալիս քիչ թե շատ նշանակալից ֆունկցիոնալ մասնակցություն ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ: Համաշխարհային քաղաքականության մեջ չի կարող մասնակցություն ունենալ մի պետություն, որտեղ տնտեսությունն ու քաղաքականությունը բաժանված է իշխանական փոքր խմբի եւ մականունավոր քերաօլիգարխիկ խմբակների միջեւ, իսկ հերթի մեջ էլ կանգնած են առավելապես նույն արժեհամակարգի եւ մտածողության ծիրում գտնվող, պարզապես քաղաքակիրթ ֆորմաների մեջ տեղավորված կուսակցական հերթափոխը, որի համար Հայաստանի արդիականացումն ընդամենը աշխարհին արագ եւ շահավետ զիջելու, քան աշխարհում պետության ֆունկցիոնալ մասնակցություն աստիճանը բարձրացնելու միջոց է: Նոր իրողությունները անհապաղ անհրաժեշտություն են դարձնում Հայաստանի վերափոխումն ու արդիականացումը թե իշխող, թե հերթափոխի մեջ կանգնած քաղաքական-կուսակցական համակարգի կադրային եւ արժեհամակարգային, աշխարհայացքային արդիականացումը: Պետության եւ հասարակության շահն ու անվտանգությունը համաշխարհային “նորաձեության” նոր համատեքստում պետք է թերեւս չափվի արդիականացման այդ չափի ընդգրկման ելակետով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment