Monday, January 23, 2012

Եվրամիությունը հաստատել է իրանական նավթի ներմուծման պատժամիջոցը

Tert.am. 23-1-2012- Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում հաստատել են իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում, որում դիտարկվում է նաև ԵՄ երկրների կողմից իրանական նավթի ու նավթամթերքի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու հարցը, ենթադրվում էր, որ հուլիսի 1-ից Թեհրանից նավթ գնող Եվրամիության բոլոր անդամները պետք է լիովին դադարեցնեն ներմուծումը: Իրանական նավթի ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ընկնում է Հունաստանին, Իտալիային, Իսպանիային: Հունաստանում իրանական «սև ոսկու» սպառումը հասնում է 35 տոկոսի: Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս սպառնացել էր, որ եթե Եվրամիությունը որոշի այնուամենայնիվ պատժամիջոցներ սահմանել իրանական նավթի հանդեպ, ապա Թեհրանը կփակի Պարսից և Օմանի ծոցերը միացնող Հորմուզի նեղուցը, որով կատարվում է համաշխարհային մատակարարումների մոտ 40%-ը: Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ նման բան երբեք թույլ չի տա:

No comments:

Post a Comment