Tuesday, February 21, 2012

ԵԿՄ մի հատվածը դեմ է

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը համագումարի ժամանակ հայտարարել էր, թե ԵԿՄ-ն սատարում է Սերժ Սարգսյանին: Այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր կուսակցությունների անդամ երկրապահների մոտ: Վահան Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար. - ԵԿՄ համագումարի ժամանակ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե սատարում են Սերժ Սարգսյանին: Արդյոք ԵԿՄ-ի` ՀՅԴ-ական անդամները եւս սատարում են: - ԵԿՄ-ն իր կանոնադրության մեջ էլ է գրել, որ քաղաքական կառույց չէ, չի խառնվում քաղաքական իրադարձություններին: Եթե այս կամ այն ղեկավարի հայտարարություններով խառնվում են, այնուամենայնիվ, կարծում եմ` որպես կազմակերպություն նման քայլի չեն գնա, որովհետեւ քաղաքական կազմակերպություն չեն: Ավելին, ցանկացած երկրապահ, որը որեւէ կուսակցության անդամ է, կվարվի այնպես, ինչպես իրեն թելադրում է քաղաքական հավատամքը, կուսակցական պատկանելությունը եւ իր ընտրած ուղին: - Այսինքն` ՀՅԴ-ական երկրապահները չեն սատարում Սերժ Սարգսյանին: - Ոչ: Ոչ երկրապահ դաշնակցականները, ոչ էլ ԵԿՄ-ին չանդամակցող դաշնակցականները չեն սատարում այս իշխանությանը, այդ թվում` նրա նախագահին: Աշոտ Զաքարյան «Կումայրի» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ - Անգամ ԵԿՄ համագումարը ամբողջապես չի կարող արտահայտել ԵԿՄ-ականների տրամադրությունները` նախընտրական, քաղաքական գործընթացների հետ կապված: Ես առնվազն գիտեմ մի քանի տասնյակ առանցքային ԵԿՄ-ական տղերք, ովքեր միանշանակ չեն կիսում այս կարծիքը: Այնպես որ, ես շատ հանգիստ եմ վերաբերվում համագումարի ժամանակ հնչեցված մտքերին: - Այդ հայտարարություններն ի՞նչ էին նշանակում, ինչու են բոլորի անունից նման բաներ ասում: - Ես չգիտեմ, հատկապես որ վերջին շրջանում ակտիվորեն զբաղված չեմ ԵԿՄ խնդիրներով: - Այսինքն` ԵԿՄ-ականների մի հատվածն այս հատարարությունների հետ չունի՞ առնչություն եւ դե՞մ է դրանց: - Միանշանակ: Ավելին, ԵԿՄ-ականների մի զգալի հատված դեմ է այս հայտարարություններին: Գոնե Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող տղաների առումով այլ կարծիք լինել չի կարող:

No comments:

Post a Comment