Monday, October 1, 2012

Վարդան Օսկանյան. ես նման բան չէի սպասում

News.am. 1-10-2012- Նման հիմար մեղադրանքներ իմ հասցեին չէի սպասում: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը: «Ես նման բան չէի սպասում», - ասել է Օսկանյանը` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: Ինչպես հաղորդվել էր, ՀՀ ԱԺ-ում այսօր`հոկտեմբերի 1-ին քննարկվում է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է: «Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:

No comments:

Post a Comment