Tuesday, October 2, 2012

Ադրբեջանը պատրաստ է օգնել Իսրայելին Իրանի դեմ հարձակման հարցում. Daily Star

Tert.am. 1-10-2012- Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակման Իսրայելի ինքնագլուխ տարբերակը սահմանային
վիճակ է ստեղծել Միջին Արևելքում և ապակայունացրել է այդ երկրի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ին՝ նախագահական ընտրությունների կիզակետում, գրում է լիբանանյան Daily Star-ն իր «Ադրբեջանը պատրաստ է օգնել Իսրայելին՝ Իրանի դեմ» վերտառությամբ անդրադարձում: Աղբյուրը նկատում է, որ Վաշինգտոնի հետ, թե առանց Վաշինգտոնի, Իսրայելը մենակ չէ: «Իրանի հյուսիսային սահմանին նավթով հարուստ նախկին խորհրդային երկիր» Ադրբեջանն իր ռազմական քաղաքականությամբ ցույց է տվել, որ ադրբեջանական ավիաբազաներն ու լրտեսական անօդաչու սարքերը կարող էին օգնել իսրայելական կործանիչներին Իրանի դեմ տևական հարձակման հարցում: «Սա կարող է նաև կողմնակի բացասական ազդեցություն ունենալ: Շատերը կասկածում են, որ ադրբեջանցի նախագահ Իլհամ Ալիևը ռիսկի կդիմի՝ վտանգելով էներգաարդյունաբերությունը, որից կախված է իր կարողությունը, կամ իսլամիստներին սադրելով, որոնք երազում են տապալել նրա՝ Իսրայելի լավություններին հետամուտ դինաստիային», - նշում է աղբյուրը: Եվ չնայած Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնական հերքումներին, ադրբեջանցի երկու նախկին ռազմական գործիչների և ռուսական հետախուզության տվյալների հիման վրա աղբյուրը գրում է, որ թե՛ Իսրայելը, թե՛ Ադրբեջանը մտածում են, թե ադրբեջանական հետախուզությունն ու բազաներն ինչպես կարող են ծառայել Իսրայելին: «Որտեղի՞ց են թռչելու օդանավերը: Այստեղի՞ց, այնտեղի՞ց, թե՞ որտեղից: Հիմա հենց սա է ծրագրվում», - նշել է անանուն աղբյուրը: «Այդ Ալիևը՝ արևմտյան կառավարությունների և նավթային ընկերությունների ավտոկրատ դաշնակիցը, հրեական պետության բացառիկ մուսուլման դաշնակիցն է դարձել», - նկատում է DS-ը: Աղբյուրը հիշում է, թե 2009-ին ամերիկյան դիվանագիտական աղբյուրներից ինչպես էր տեղեկություն տարածվել Ալիևի այն խոսքի վերաբերյալ, թե Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններն «այսբերգի նման են՝ մակերևույթին միայն 9/10-րդն է»: «Իսրայելի իրական ռազմական խնդիրը տվյալ դեպքում, սակայն, նախևառաջ վառելիքով վերալիցքավորվելն է Իրանի վրա հարձակումների ժամանակ»,- նկատել է ադրբեջանցի փորձագետ Ռասիմ Մուսաբաևը: Իսկ այն 60 իսրայելական անօդաչու սարքերի միջոցով, որոնք Ադրբեջանը ձեռք է բերելու, Իսրայելն անուղղակի հնարավորություն է ունենալու հետևել Իրանին:

No comments:

Post a Comment