Thursday, June 26, 2008

ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է ՊԱՏՐԻԱՐՔ ՀՈՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

ՍՏԱՄԲՈՒԼ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովը պաշտոնական զեկույցով հակազդել է թուրքական «Սաբահ» օրաթերթում օրեր առաջ տեղ գտած լուրը` այն որակելով բացարձակապես անհիմն եւ պաշտոնապես հայտարարելով, որ Պատրիարք Հայր Մեսրոպ արք. Մութաֆյանը բոլորովին էլ «մահամերձ» վիճակում չէ, այլ նրա բուժումը շարունակվում է բնականոն պայմաններում:Նույն հայտարարությամբ Կրոնական ժողովը խոր զարմանք է արտահայտել Բաբկեն ծ. վրդ. Անուշյանի` դեպի Անկարա եւ Ստամբուլ կատարած այցելությունների եւ շփումների վերաբերյալ, որոնք եղել են առանց Պոլսո Պատրիարքարանի իմացության, եւ հետեւաբար նաեւ` առանց հավանության: Ստույգ աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ բացի ակնարկված պաշտոնական հայտարարությունից, Պոլսո Պատրիարքարանի Կրոնական ժողովը բողոքի նամակներ է ուղարկել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին եւ Միացյալ Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին` բուռն կերպով բողոքելով Բաբկեն վրդ. Անուշյանի դեպի Անկարա կատարած ուղեւորության կապակցությամբ: Բաբկեն վրդ. Անուշյանը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ուխտի անդամ է եւ Նյու Ջերսիի (ԱՄՆ) Թենըֆլայ քաղաքի Սուրբ Թովմաս Հայց. Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվն է:

No comments: