Tuesday, September 15, 2009

Հանուն ճշմարտության

Խոսք ուղղված ԻԱՄՄ-ի վարչության ու նաեւ նրանց, ում եսը թույլ չի տալիս ճիշտ գնահատել հարցերը «Յոյս» երկշաբաթաթերթի հաջորդական երկու համարներում՝ (55-56), երկու գրություններ հրապարակվեցին, որոնք, այսպես կամ այնպես, վերաբերում էին համայնքում գործող ոչ-դաշնակցական կողմին: Հիշյալ գրություններից երկրորդում, որի տակ, ի զարմանս մեզ, դրված էր Իրանահայ ազգային եւ մշակութային միության վարչության անունը, տեղ էին գտել այնպիսի անճշտություններ, որոնց չպատասխանելը կարող է ընթերցողներին լրիվ սխալ եզրահանգումների տանել, ուստի, ելնելով պարտքի զգացումից ու նաեւ հանուն ճշմարտության որոշեցինք տալ այս բացատրականը: Իրանահայ համայնքը տարիներից ի վեր բաժանված է եղել այսպես ասած երկու բեւեռների՝ դաշնակցականներ եւ այլախոհներ, որոնց միջեւ հանդուրժողականությունը դեռ մինչեւ այսօր չի գտել իր արժանի տեղը: Այդուհանդերձ, վերջին տասնամյակներում միջազգային, հայկական եւ ինչու չէ նաեւ իրանական գետինների վրա տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները հույսեր էին ներշնչում, որ մեզ մոտ նաեւ նոր խմորումներ տեղի կունենան, որոնք կնպաստեն համայնքի առավել բարգավաճմանը եւ մեր նախնիների ջանքերով ստեղծված կառույցները՝ եկեղեցի, դպրոց, միություն, մամուլ եւ այլն, նոր թափով կշարունակեն իրենց գործունեությունը, հանուն ապագա սերնդի Հայեցի դաստիարակման, Հայ Դատի հետապնդման ու Հայրենիք-Սփյուռք կապերի առավել ամրապնդման: Իհարկե, վերոնշյալ ակնկալիքը իրականություն կդառնար եւ կդառնա, եթե հաշվի առնվեր եւ առնվի երկու կարեւոր հանգամանք. ա- Դաշնակցությունը վերանայեր իր անցյալի մենատիրական քաղաքականությունը եւ հեռու մնար համայնքը իր սեփականությունը դիտելու գաղափարից. բ- Համայնքում ներկա այլախոհ միավորները՝ (անհատ մտավորականներից սկսած մինչեւ շրջանակներ, միություններ, մամուլ եւ այլն), առավել աշխույժ մասնակցություն բերեին ազգային կառույցներում: Թե որքանով է Դաշնակցությունը ձերբազատվել իր «սառը պատերազմի» ժամանակաշրջանի քաղաքականությունից եւ ընդունել այն պարզ իրականությունը, որ եթե ազգային բոլոր կառույցներում լինեն այլախոհներ եւ ներկայացնեն խորհուրդ-տեսակետներ եւ ոչ թե դառնան իրենց կամակատարը, ապա համայնքում կստեղծվի փոխվստահության մթնոլորտ եւ կունենաք ավելի ամուր եւ կուռ համայնք, թող նախ դատեն իրենք՝ կուսակցականները, ապա համայնքը: Իսկ ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել այլախոհների ճամբարում, պետք է ասել, որ եսակենտրոնությունը եւ համայնքային հարցերին ընդհանուր շահերի դիտանկյունից չնայելը տարիներ շարունակ որոշներին խանգարել է ընդհանուր մոտեցում ճշտելու հարցում: Նշված կետերին պետք է ավելացնենք նաեւ նեղ շրջանակային շահերը ազգային շահերից գերադասելու խնդիրը, որն իհարկե վերաբերում է եւ՛ դաշնակցականներին եւ՛ այլախոհների որոշ խավին: Ինչեւէ, 2006թ., ի մի գալու, նոր փորձ կատարվեց այլախոհների դաշտում՝ ստեղծվեց Միասնական համադրող հանձնախումբ (ՄՀՀ), իր մեջ ներառելով Պատգամավորական ժողովի մի խումբ պատգամավորներ, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ ու նաեւ անհատ մտավորականների, իսկ համագործակցության առանցքը՝ բնականաբար, հայապահպանումը, Հայ Դատը, համայնքի զարգացումն ու Հայրենիք-Սփյուռք կապերը: ՄՀ հանձնախումբը իր երկամյա աշխատանքի ընթացքում բավական գործունեություն ծավալեց համայնքում, որն երեւի այս նյութին չի առնչվում, բայցեւ չի կարելի աչքաթող անել, որ. ԹՀԹ 13-րդ Պատգամավորական ժողովում, ՄՀ հանձնախումբը, ունենալով պատգամավորների մոտ 20 տոկոսը, առիթ ունեցավ բաժին պահանջելու նաեւ Թեմական խորհրդից եւ բանակցությունների արդյունքում տիկին Մարո Այվազյանն ու պրն. Արմավիր Մարգարյանը այդ խորհրդին մաս կազմեցին: Բայց արի ու տես, որ այս օրերում, այն էլ օրը ցերեկով, սեւով սպիտակի վրա արձանագրում են թե՝ դա եղել է «ԻԱՄՄ-ի երաշխավորությամբ», երբ այդ միությունը, ընդհանրապես, դեմ էր Մարո Այվազյանի թեկնածուությանը, ինչ մնաց, որ երաշխավորի, (Տես.՝ «Յոյս» երկ-շաբ., թիվ 56, 12 օգոստոսի 2009թ.): Թե ինչ նպատակ է հետապնդում ԻԱՄՄ-ի վարչությունը, իր անունից, նման «տեղեկություն» տարածելով մեզ հայտնի չէ, բայց առանց կասկածելու կարող ենք ասել, որ այդ պատասխան-հոդվածի բուն հեղինակը, ամեն միջոցի դիմում է, որպեսզի «համայնքի իշխանավորներին» ապացուցի, որ ինքն է այն դեմքը, որ կարող է առաջնորդել նրանց համար ցանկալի ընդդիմությունը: Հավելյալ բացատրություններն առայժմ համարում ենք ավելորդ: Հարութ Քեշիշյան Միասնական համադրող հանձնախմբի նախագահ «ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ, թիվ 193

No comments: