Monday, November 9, 2009

Հայերն օսմանյան տնտեսության մեջ (3)

Հայերի տնտեսական հզորացումը որպես Մեծ եղեռնի հիմնապատճառ Օսմանյան կառավարությունը, թեեւ հալածում էր իր քրիստոնյա հպատակներին եւ մանավանդ հայերին, սակայն, ի նպաստ իր շահերի, օգտագործում էր նրանց կարողությունները եւ որոշ ազատություններ շնորհում: Օսմանյան իշխանությունների համար որեւէ վտանգ չէր ներկայացնում հայ անհատների տնտեսական գործունեությունը: Հայերն ազատորեն կարող էին զբաղվել առեւտրով, արհեստներով` պետության եւ նրա ղեկավար անձերի նյութական պահանջները գոհացնելով: Իշխանությունները այդ գործունյա տարրերին հալածելու կարիքը չէին զգում, առավել եւս, որ քրիստոնյա գյավուրի ունեցվածքը պատկանում էր մահմեդականին: Սա նվիրագործված սովորություն էր օսմանյան երկրում: XIX դարի կեսերից օսմանյան տնտեսության մեջ հայերի աստիճանական հզորացումը սկսեց առաջացնել օսմանյան իշխանությունները լուրջ մտահոգությունը, որվքեր եւ տնտեսական տեռոր սկսեցին հայերի եւ ողջ քրիստոնյա բնակչության հանդեպ, որի ընթացքում վերջնիններս կորցրեցին մեծ քանակությամբ շարժական եւ անշարժ գույք եւ մշակելի հողերի հսկա տարածություններ[1]: Անօրինականությունների եւ կամայականությունների ալիքը հազիվ էր հանդարտվել, երբ ծայր առան 1894-1896թթ հայկական ջարդերը, որոնք բերեցին նոր ավեր, թալան ու մի շարք շրջանների առեւտրական կապերի խզում, արտադրության նվազում եւ տնտեսական անկում: Անգլիացի դիվանագետ Պիրսը կոտորածների դրդապատճառներից ամենակարեւորը համարում էր այն կարեւոր հանգամանքը, որ հայերը կարողացել էին իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի տնտեսական կարեւոր լծակները եւ տնտեսության զարգացման գործում հանդես էին գալիս առաջամարտիկների դերում[2]: 1894թ. Սասունի կորտորածից անմիջապես հետո սուլթան Աբդուլ Համիդը Բ.-ն Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Ռատոլնիի հետ հանդիպման ժամանակ ասել է հետեւյալը. «Ես կնախընտրեմ մեռնել, քան թե թույլ կտամ, որ Հայաստանում բարենորոգումներ լինեն, որովհետեւ բարենորոգումների պարագայում հայերը հավասարության իրավունք կունենան եւ իրենց խելքով, աշխատասիրությամբ այնքան առաջ կգնան, որ մենք` թուրքերս, հայերի հպատակը կդառնանք»[3]: 1894-1896թթ հայկական կոտորածները ազդանշան եղան թուրք հաջորդ սերունդների համար: 1908թ. իշխանության եկած երիտթուրքերը գտնում էին, որ Աբդուլ Համիդը անկատար գործ է արել` ողջ հայությանը չոչնչացնելով, քանի որ հայերն, այդքան կորուստներ կրելուց հետո, երեսուն տարի անց, ոչ միայն վերագտել էին իրենց, այլեւ հզորանալով՝ սպառնալիք դարձել թուրքերի համար: Պատմական անհերքելի ճշմարտություն է, որ հայկական կոտորածների կազմակերպման եւ իրականացման մեջ պետական քաղաքականության, կրոնական ատելության կողքին, ամենամեծ ազդակներից մեկը հայերի հարստությանը տիրանալու թուրքերի ցանկությունն էր: Անմիջապես հարստություն ձեռք բերելու, ակնթարթային կերպով հարստանալու մոլուցք կար եւ, այս հանգամանքը մեծ դեր խաղաց 1909 թվականին երիտթուրքերի կազմակերպած Ադանայի կոտորածի իրականացման մեջ[4]: 1908թ. Սահմանադրության հռչակումից շատ չանցած, երիտթուրքական իշխանություններին պարզ դարձավ, որ Սահմանադրության թերի եւ անկատար կիրարումից իսկ օգտվողները ոչ թուրք տարրերն էին, ովքեր սկսել էին նոր թափով զարգացնել իրենց տնտեսությունն ու ազգային մշակույթը: Հայերը սկսել էին անմիջական մասնակցություն ունենալ նաեւ երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Լեզուների, եվրոպական մշակույթի, իրավաբանության, հռետորական արվեստի իմացությամբ օսմանյան խորհրդարանի հայ երեսփոխանները հենց սկզբից իրենց գործունեությամբ առաջացնում էին թուրքերի նախանձն ու վախը: Հայերի նկատմանբ թուրքերի վախը եւ ատելությունը շեշտվեց 1912-1913թթ. Բալկանյան պատերազմում կայսրության պարտությունից եւ Հայկական բարենորոգումների հարցի բարձրացումից հետո: Բարենորոգոիմների համար հայերի պայքարը, երիտթուրքական կուսակցության պարագլուխներից մեկի` դոկտոր Նազիմի կարծիքով, դառնալու էր հայոց անկախության սկզբնավորումը, իսկ արեւելյան նահանգների վրա հայկական պետության կազմավորումը նա համարում էր թուրանական ծրագրի տապանաքարը: Դրա վկայությունը ըստ Նազիմի այն էր, որ 1908թ. Սահմանադրության հռչակումից հետո հայերը բռնել են ազգային, մշակութային, տնտեսական անօրինակ վերելքի ճամբան: Հայոց պետության կազմավորումամբ թուրքերը ոչ միայն հրաժարվելու էին թուրք ցեղերի միավորման գաղափարից, այլեւ թուրքական պետությունը սահմանափակվելու էր Կոնիայի սելջուկ սուլթանների նեղ հողատարածքների վրա: Սրա մեջՆազիմը տեսնում էր թրքության մահացման սկիզբը[5]: Նա գտնում էր նաեւ, որ հայերի վերացումով Հայկական հարցին վերջ դնելուց զատ, թուրքերը կազատվեն նրանց տնտեսական մրցակցությունից, եւ լայն գործունեության ասպարեզ կստանան, իսկ հայերի հարստությանը տեր կդառնան օսմանյան պետությունն ու թուրքերը[6]: Երիտթուրքերի մեկ այլ պարագլուխ` Ջավիդ բեյը գտնում էր, որ մինչեւ վերջին մարդը հայերի բնաջնջումը, որչափ որ անհրաժեշտ է իրենց ազգային քաղաքականության, նույնպես էլ կարեւոր է երկրում թուրքերի տնտեսական իշխանությունը հիմնելու համար[7]: Ըստ Ջոն Կիրակոսյանի եւ օտար քաղաքաագետների, ի սկզբանե, ազգայնական երիտթուրքերը ավելի մոլեռանդ դարձան, ոչ միայն արտաքին դրդապատճառների, այլ, նախ եւ առաջ, ներքին տնտեսական այն մրցակցության հետեւանքով, որ թուրքերը տանուլ էին տվել[8]: Երիտթուրքական կառավարությունը խիստ մտահոգված էր, որ հայերի տնտեսական այս հզորացումը անպայման հիմք էր դառնալու նրանց վաղվա քաղաքական հաղթանակների համար: Աստիճանաբար թուրք իշխանությունների մոտ ուժեղանում էր այն մտայնությունը, որ վաղ թե ուշ երեկվա հպատակ հայը տիրանալու է իրենց իշխանությանը, ինչպես դա արել էին տնտեսության ասպարեզում[9]: Միայն ուժեղ մրցակցի վերացումով կարելի էր ապահովել թուրքերի ապագան:[10] Թուրքերն երկրում չունեին այլ առավելություն, քան իրենց ձեռքում կենտրոնացած զորքը եւ պետական կառավարման մյուս լծակները, որոնց վրա հենվելով, նրանք ձեռնամուխ եղան իրենց գոյությանը, ներկային, ապագային եւ իդեալներին՝ Մեծ Թուրանի ճանապարհին վտանգ ու խոչընդոտ ներկայացնող հայությանը, Հայաստանը եւ Հայկական հարցը հրապարակից վերացնելու գործին: Եվրոպական երկրները արգելք չեղան հայերի բնաջնջման երիտթուրքական կառավարության ծրագրերի իրականացմանը, քանզի նրանք հետամուտ էին աշխարհաքաղաքական իրենց շահերին: Եվրոպական երկրները իրենց ձեռքն էին առել օսմանյան տնտեսության շատ մենաշնորհներ: Հայերը տնօրինում էին կայսրության առեւտրական շուկան եւ, բնականաբար, հայ առեւտրականները եվրոպական երկրների լուրջ մրցակիցներն էին ու խոչնընդոտում էին եվրոպացիներին` կայսրության տնտեսությանը ամբողջապես տիրելու եւ իրենց կամքով այն տնօրինելու ծրագրերի իրականացմանը:[11] Բազմաթիվ են երիտթուրքական կառավարության հրամանները, հրահանգները, շրջաբերականները` հայերի լքված գույքերի հաշվառման, յուրացման եւ բաժանման մասին: Դրացից բացի, գոյություն ունեին «Լքյալ գույքերի» կանոնադրությունները, որոնք նպատակ ունենին կանոնավորել հայերի անշարժ եւ շարժական գույքի յուրացումն ու թալանը:[12] 1915-1923 թթ. թալանվել է 66 քաղաքների եւ 2500 գյուղերի հայ բնակչությունը:[13] 500.000 հայ ընտանիքների սեփականությունը, որը շատերի դարավոր քրտինքի արդյունքն ու խնայողությունն էր, կողոպտվեց ու յուրացվեց:[14] Հայերի տեղահանությունից եւ կոտորածներից հետո Օսմանյան կայսրության տնտեսությունը հայտնվեց աղետալի վիճակում: 2 դեկտեմբեր 1915թ թվագրված Ավստրո-Հունգարական դիվանագիտական փաստաթղթում հայտնվում էր հետեւյալը. «Զուտ մարդասիրական նշանակությունից զատ, հայերի հալածանքները ունեն նաեւ տնտեսական շատ լուրջ կարեւորություն: Հայերի վերացումով Թուրքիան ընթանում է տնտեսական մեծ աղետին ընդառաջ»: Ավստրո-Հունգարական զինվորական կցորդի 1915 մայիսի 19-ի զեկուցագրում ասվում էր, որ հայ ազգաբնակչության մեծ մասի աքսորելու պատճառով Ասիական Թուրքիայի մի ամբողջ տարածքը զրկվել է իր արդյունաբերող բնակչությունից եւ տնտեսական կյանքը այստեղ կաթվածահար է եղել:[15] ԱՄՆ-ի Հալեպի հյուպատոս Ջես Ջեկսոնը դեսպան Հենրի Մորգենթաուին ներկայացրած իր 1915թ. օգոստոսի 3-ի զեկուցագրում հայտնում էր հետեւյալը. «Քանի որ ներքին շրջաններում առեւտրի 90 տոկոսը հայերի ձեռքում էր, երկիրը հայտնվեց ավիրման եզրին: Էվակուացված շրջաններում չի մնա ոչ մի կաշեգործ, ձուլորդ, դարբին, կարպետագործ, բրուտ, դերձակ, կոշկակար, ոսկերիչ, դեղագործ, բժիշկ, իրավաբան կամ որեւէ այլ մասնագետ կամ արհեստավոր, բացի մի քանի բացառություններից, երկիրը փաստորեն կհայտնվի անօգնական վիճակում»:[16] Խարբերդում ԱՄՆ-ի հյուպատոս Լեսլի Դեւիսը դեսպան Հենրի Մորգենտաուին 1915թ. հունիսի 30-ին ներկայացրած իր զեկուցագրում գրում էր հետեւյալը. «Առեւտրի եւ արդյունաբերության տեսակետից հայերի աքսորի հետեւանքըն այն կլինի, որ նահանգը հետ՝ միջնադար կվերադառնա: Պաշտոնական վիճակագրությամբ վաճառականության եւ առեւտրական գործարքների 90 տոկոսը իրականանում են այն դրամատների միջոցով, որոնք պատկանում են հայերին: Բոլոր գործարքները կխափանվեն ու վերականգնելու ոչ մի հնարավորություն չի լինի: Բազմաթիվ բնագավառներում ոչ մասնագետ, ոչ էլ նույնիսկ բանվոր կգտնվի: Եթե որոշ արհեստավորների նկատմամբ բացառություն չարվի, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես պետք է ապրեն այն թուրքերը, ովքեր այս կամ այն չափով վարժվել են քաղաքակրթությանը»:[17] Երիտթուրքական իշխանությունները ստիպված էին բացառիկ քայլերի դիմել: Սիրիայիում ԱՄՆ-ի հյուպատոս Ջես Ջեկսոնն իր երկրի պետքարտուղարին ներկայացրած 1918թ. մարտի 4-ի զեկուցագրում հայտնում էր, որ Ուրֆայի հայ բնակչության ոչնչացումից մի քանի ամիս անց, քաղաքի մահմեդական բնակչությունը տեսնելով, որ չունեն հացթուխ, դեղագործ, ջրաղացպան, մանածագործ եւ այլ արհեստավորներ եւ առեւտրականներ՝ 1916թ. դեկտեմբերին իշխանություններին ներկայացրին խնդրագիր, որպեսզի տեղհանված հայ արհեստավորներ եւ առեւտրականներ տեղափոխեն Ուրֆա: Այս խնդրագրին ի պատասխանան՝ իշխանությունները տարագրության ճանապարհը բռնած 2500 տարբեր մասնագետությունների տեր հայերի՝ իրենց ընտանիքներով բնակեցրին Որֆայում՝ քաղաքի տնտեսությանը կազմալուծումից փրկելու եւ ստեղծված անօգնական վիճակից դուրս գալու համար:[18] Հայերի ֆիզիկական ոչնչացումով կտրուկ պակասեց երկրի շինարար տարրը, առեւտուրը, արհեստագործությունը, արդյունաբերությունը զգալի անկում ապրեց, սակայն թուրքերի համար դրանք անցողիկ եւ ժամանակավոր խնդիրներ էին: Փոխարենը՝ պետական բյուջեն հակառակ պատերազմական ծանր պայմանների հետեւյալ աննախադեպ աճն արձանագրեց. 1913-1914 տարեշրջանում շուրջ 35 միլիոն օսմանյան ոսկի, 1915-1916թթ.՝ 38 միլիոն, իսկ 1917-1918թթ. այն հասավ 85 միլիոնի: 1918-ին, կայսրության ողջ պատմության ընթացքում, առաջին անգամ, երիտթուրքական իշխանությունները թողարկեցին 19 միլիոն օսմանյան ոսկուն համարժեք արժեթղթեր: Դժվար չէր կռահել, որ պետական գանձանակը լցվեց հայերի ինչքերի եւ կալվուծքների թալանի հաշվին:[19] Եվրոպական երկրների դիվանագետների եւ հետախուզությունների տեղեկությունների համաձայն՝ կայսրությունն իր անկախությանը սպառնացող արտաքին պարտքերը մարել է օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդների հաշվին:[20] Հայոց դարերի տքնությամբ ստեղծված ունեցվածքի յուրացումով թուրքերը հետագայում ստեղծեցին իրենց ազգային բուրժուազիան, իսկ Թուրքիո հանրապետության շրջանում արդեն կարողացան ամբողջապես թրքացնել երկրի տնտեսությունը: Անահիտ Աստոյան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող ————————————————– 1. Ջոն Կիրակոսյան, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, Երեւան, 1982, էջ 50 2. Ջոն Կիրակոսյան, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, Երեւան, 1982, էջ 132 3. Վահագն Տատրյան, Ակնարկներ Հայկական ցեղասպանութեան մասին, Երեւան 2004, էջ 8-9 4. Վահագն Տատրյան, Ակնարկներ Հայկական ցեղասպանութեան մասին, Երեւան 2004, էջ 11 5. Վահագն Տատրյան, Ակնարկներ Հայկական ցեղասպանութեան մասին, Երեւան 2004, էջ 11 6. Մեվլան Զադե Ռիֆատ, Օսմանեան յեղափոխութիւնը եւ մութ ծալքերը, Բեյրութ, 1938, էջ 160 7. Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու, Երեւան, 1991, էջ 199 8. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան, 1967թ., էջ 91 9. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Գ. hատոր (1908-1922), Բեյրութ, 1975, էջ 146 10. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան, 1967, էջ 91 11. Հովհաննես Ինճիկյան, Օսմանյան կայսրության անկումը, Երեւան, 1984, էջ 300 12. Արիս Տ. Կ. Գալֆայան, Չօմախլու, Նյու Յորք, 1930, էջ 110-143 13. Հայկազն Գ. Ղազարյան, Ցեղասպան թուրքը, Բեյրութ, 1968, էջ 226 14. Հովհաննես Ինճիկյան, Օսմանյան կայսրության անկումը, Երեւան, 1984, էջ 301 15. Ավստրո-Հունգարիայի դիվանագետների հաղորդագրությունները Հայոց ցեղասպանության մասին (Փաստափղթերի ժողովածու) (1915-1918), Երեւան, 2004, էջ 89-91 16. Ավստրո-Հունգարիայի դիվանագետների հաղորդագրությունները Հայոց ցեղասպանության մասին (Փաստափղթերի ժողովածու) (1915-1918), Երեւան, 2004, էջ 30 17. Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական վավերագրերը Հայոց ցեղասպանության մասին, Երեւան, 2004, էջ 44 18. Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական վավերագրերը Հայոց ցեղասպանության մասին, Երեւան, 2004, էջ 148 19. Sait Cetinoglu, Sermayenin Turklestirilmesi, Resmi Tarih Tartգգmalarգ -2, Fikret Başkaya, Özgür Üniversite Kitaplığı, 2006- Ankara, sahife. 131 20. Յուրի Բարսեղով, Հայերի Ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը, Երեւան, 1999, էջ 10 Աղբյուր ՝ «ՀԵՏՔ» 9-11-2009

No comments: