Sunday, December 26, 2010

ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ` ԱՌԱՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ Թեհրանի Իսլ. Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում հիմնվել է հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը, որը ղեկավարվում էր սկզբում` վաստակավոր ուսուցիչ և տեսուչ պրն. Սայադ Բաբումյանի, ապա` բանասիրական գիտությունների դոկտ. Անդրանիկ Սիմոնյանի միջոցով, որը շարունակվում է առ այսօր: Հատկանշական է, որ հենց սկզբից ամբիոնի պատասխանատուների և դասախոսական կազմի կողմից մեծ աշխատանք տարվեց` ծրագրավորելու և կազմակերպելու դասավանդվելիք առարկաները, և համապատասխան գրականության ստեղծման ուղղությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին համալսարան էին ներգրավվում շուրջ հարյուր հայ և պարսիկ ուսանողներ. վերջիններս ի միջի այլոց մեծ թիվ էին կազմում: Աշխատանքը շատ ծանր էր և պատասխանատու, բայց և այնպես յուրաքանչյուր ոք աշխատում էր իր լուման ներդնել ընդհանուր գործին և վառ պահել այդ ուսումնական-հայերենագիտական օջախի կրակը:
Այնուամենայնիվ այդ բոլորը մնաց անցյալում և, ցավոք, վիճակն այսօր արդեն հուսահատական է, և դա գալիս է` 2004-ին մի շարք օրենքների հաստատման հետևանքով, որոնցով կտրուկ նվազեց ուսանողության թիվը: Ըստ համալսարանի նոր կանոնադրության այս մասնաճյուղում կարող էին ընդունվել նրանք, ովքեր կոնկուրսի համապատասխան օտար լեզվի քննությունը կհանձնեին հայերենով, և այդ մասնագիտությունը իրենց առաջին ընտրությունը կլիներ: Այս ուղղությամբ մեծ դեր ունեցավ այն հանգամանքը, որ այս մասնաճյուղի ուսանողների թոշակը համարյա կրկնապատիկն էր մյուս օտար լեզուների, ասենք, անգլերենի ու գերմաներենի: Այսպիսով, թեև շատ չանցած վերացան այդ սահմանափակող որոշ կանոնները, բայց և այնպես վիճակը այլևս չբարելավվեց և գնալով ամբիոնը զրկվեց տասնյակների հասնող պարսիկ ուսանողությունից: Մյուս կողմից կոնկուրսին մասնակցող հայերն էլ հազվադեպ էին ընտրում հայոց լեզու և գրականության մասնագիտությունը, որով եթե նկատի ունենանք մեր կամքից անկախ ընթացող արտագաղթը և թոշակի բարձր լինելը, արդեն հասկանալի կդառնա թե ինչու այսօր համարյա զուրկ ենք ուսանողությունից:
Այս անկումային ընթացքը ոչ մի կերպ հնարավոր չեղավ կասեցնել և ամբիոնի վարիչ դոկտ. Սիմոնյանի բոլոր ջանքերը մինչ օրս ի դերև են անցել:
Այս բոլորով հանդերձ, հարց է առաջանում թե արդյոք այս տարիների ընթացքում մենք` նկատի ունեմ համալսարանականներս, թե հասարակ քաղաքացի հայերս, ազգային մարմինները թե միությունները և այլն ոչինչով չէի՞նք կարող փրկել իրավիճակը: Արդյոք համայնքը ընդհանրապես տեղեկացվա՞ծ կամ հետաքրքրվա՞ծ է եղել տասնյակ տարիներից հետո իվերջո մի կերպ հիմնադրված հայերենագիտական այս կարևոր օջախի ինչպիսությամբ: Հետաքրքիր է իմանալ, որ այդքան բան է անցել համալսարանի ու մեր երիտասարդների գլխից, բայց որքանո՞վ է արձագանքել համայնքը` մամուլը, ազգային մարմինները, դպրոցները և այլն: Ես կասեի ոչնչով: Ոչնչով, քանի որ եթե այսօր ինչ-որ խոչընդոտների հետևանքով զրկվել ենք պարսիկ ուսանողությունից, ինչու՞ պետք է զրկվեինք նաև հայ ուսանողությունից: Ինչու՞ համայնքում մեծամասնաբար տեղյակ են Առաջնորդարանի հայերենագիտական երեկոյան դասընթացների մասին, սակայն շատ-շատ քչերը գիտեն համալսարանի այս ամբիոնի գոյության մասին: Իհարկե մեղքից հեռու մնանք, և հիշենք, որ վերջերս մեր համայնքի մամուլում երբեմն հայտնվում են ուսանողների գրություններ և նրա անունը մի կերպ տրվում է, բայց ամբիոնի ընդհանուր վիճակի, ներկայի կամ անցյալի, արածի կամ չարածի մասին ոչ մի խոսք չկա: Այնպես, որ ամբիոնը զուրկ է մեր հովանավորությունից, ու թերևս եթե հենց վաղը փակվի, ա՜խ ասող էլ չի լինի:
Բայց և ես ասում եմ` ա՜խ և հազար ա՜խ, հազար ափսո՜ս, որ չկարողացանք տեր կանգնել այն բացառիկ բախտին, որ մեզ վիճակվել էր, այն բացառիկ հնարավորությանը, որ տրվել էր մեզ` իրանահայերիս` ունենալու կիրթ ու գրագետ, համալսարանավարտ դաստիարակ ու ուսուցիչ, քարտուղար ու ղեկավար, միութենական ու … հայրեր և մայրեր, որոնք պիտի իրենց հերթին ստեղծեին կիրթ ու գրագետ սերունդ: Ափսոս և հազար ափսո՜ս, որ նույնիսկ այս հուսահատական օրերին, դարձյալ չենք հրաժարվում նեղմտություններից և այս կամ այն քաղաքական պիտակներ փակցնելով հրաժարվում ենք աջակցել բարձրագույն ուսման այդ հաստատությանը: Չէ՞ որ ժամանակին կարող էինք հենց միայն դպրոցներում աշակերտների ականջին շշնջալով նրանց քաջալերել` ուսումը շարունակել այնտեղ: Չէ՞ որ մեր միություններում կարելի էր մեր պատանի երիտասարդներին և նույնիսկ նրանց ծնողներին հիշեցնել հայերենագիտական բարձրագույն կրթություն ստանալու խիստ կարևորությունը… Եվ ինչու՞ չարվեցին եւ դեռ այսօր էլ չի արվում: Ո՞վ կարող է ասել թե ինչու...
Թեհրանի Իսլ. Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս
Քարմեն Ազարյան
«Յոյս» երկշաբաթաթերթ, թիվ 89
22 Դեկտեմբեր 2010

No comments: