Thursday, October 14, 2010

«Արաքս» Շաբաթաթերթի խմբագիր՝ Մովսես Քեշիշյանի ելույթը մամուլի հինգերորդ համաժողովում

ՀՀ Սփյուռքի նախարար, ազնվափայլ Տիկին Հրանուշ Հակոբյան,
ՀՀ և ԼՂՀ Հարգելի պետական գործիչներ,
Սիրելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Մամուլը քաղաքական, գիտական, պատմական, տնտեսական, գրական, մշակութային և ընդհանրապես բոլոր բնագավառներում առաջացած, արձանագրված կամ հայտնաբերված նորությունների և անցուդարձերի պատկերի ներկայացնողն է ու վերլուծողըª իրադարձությունների հայելին:
Ահա թե ինչու է ասվումª յուրաքանչյուր հասարակության մեջ գործող մամուլը ցուցադրում է այդ երկրի զարգացման, արտահայտված և չարտահայտված իղձերի ու փափագների, մտայնության, մտածելակերպի, պահանջների, մտահոգությունների, քաղաքակրթության և մշակույթի մակարդակը:

Զանգվածային լրատվության և նրա միջոցների կարևորությունը, մանավանդ, այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ հասարակական կյանքի խնդիրները իրենց զանազան կողմերով ու տարողությամբ այդ միջոցով արծարծվում են և ստանում համարժեք արձագանք հասարակության կողմից և բնականաբար իրենց նշանակալի ազդեցությունը թողնում հանրային կարծիքի ձևավորման վրա: Այդ տեղից էլ իմաստավորվում է մամուլի պատասխանատու դերը, հասարակության բոլոր խավերի մոտ, անկախ նրանց սեռից, տարիքից և ուսման մակարդակից:

Մարդու իրավունքների միջազգային հռչակագրում հիշատակված, խոսքի ազատության իրավունքից օգտվելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Իսկ լրագրողը այդ իրավունքից օգտվելով ոչ միայն տեղեկացվում է ինքը, այլ նաև ունի առիթը այդ հնարավորությունը օգտվելով հանրային կարծիքը ձևավորելու, որը հիմնականում բացատրվում է հասարակական տեսադաշտը ընդլայնելու և քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացնելու մեջ: Այդ կարևոր հանգամանքից ելնելով մամուլը պարտավոր է իրադարձությունները ներկայացնելիս հիմնվել հնարավորինս անվիճելի և առարկայական փաստերի վրա: Յուրաքանչյուր թեմայի որակն ու քանակը ներկայացնել այնպես, ինչպես որ է, փնտռել և գտնել դեպքերի բուն դրդապատճառը և ներկայացնել նրանց իրական պատկերը: Քանզի միայն այդպիսով է, որ զանգվածային լրատվամիջոցներն ու նրա պատասխանատուները կարող են համարվել ժողովրդի հավատարիմ և ավանդապահ բարեկամները:

Մամուլը, նույնպես ունակ է, հասարակության միտքը ամբողջովին շեղելու և շփոթեցնելու. մի իրադարձություն, որը կարևոր ազդեցություն ունի անհատի կամ հասարակության ճակատագրի վրաª կարևորը անկարևոր ձևացնելով, կամ հակառակըª աննշան հարցերորվ երկար ժամանակ հասարակությունը զբաղեցնելով` փաստորեն մոլորեցնելով: Հաճախ կրկնվող այս երևույթը Ժուռնալիստների ու լրագրողների պարզունակ սխալը լինելուց ավելի, 20-րդ դարի 70-ական թվականներից սկսյալ, այսպես կոչված դեմոկրատական աշխարհի ապատեղեկատվության մեթոդներից մեկն է եղել, որն ի գործ է դրվել նույն ՙխոսքի ազատության՚ խորագրի ներքո:

Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ մամուլը ինչպես բազմաթիվ շատ այլ միջոցների, կարող է նաև դասվել քրեածին միջոցների շարքում, ասել է թեª այն կարող է դառնալ և՛ շանթ և՛ շանթարգել:

Բնականաբար, ինքզինք հարգող և ոչ մի լրագրող, չի կարող հանրային շահի դեմ ուղղված ցանկացած, հասարակական խավի, կուսակցության և նույնիսկ իշխանության կամակատարը դառնալ: Լրագրողը Իրավունք չունի դա կատարելու: Եվ ճիշտ դրա համար է մամուլը կոչվում չորրորդ իշխանություն:
Ակնհայտ է նաև, որ ցանկացած երկրի օրենսդիր, գործադիր և դատական` երեք իշխանությունները, որքան էլ որ ընտրյալ լինեն, միմյանց հետ աշխատեն համադրված և ներդաշնակ, առանց վերահսկվելու չեն կարող լիակատար զարգացում ապրել, որովհետև հասարակական կյանքում մարդ անհատի և համակարգի զարգացումն ու արդիականացումը առաջանում է նախ և առաջ նշյալ համակարգի առողջ դրվածքից, ապա, վերահսկողությունից, թափանցիկ աշխատանքից, մտքերի բախումից և քննադատություններից, ուր ի հայտ է գալիս մամուլի իսկական դերակատարությունը:


Հարգելի բարեկամներ,

Գալով հայ մամուլի կացությանը, պետք է ասել հարցերը մեր մոտ բոլորովին այլ հարթակի վրա են: Ես ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցի, որ մեզանից շատերս գիտակցում ենք, բայց շատ անգամ չենք ցանկանում այդ մասին խոսել: Հիարվի արգիլված թեմաների շուրջ բարձրաձայն խորհելը, դառն ճշմարտությունների մասին խոսելը, լրագրողի իսկական առաքելությունն է:
Աշխարհը փոխվել է և դեռ փոխվելու է: Ավետապետական աչքածակությունները, նեղմտությունները, այլամերժությունները… այլևս տեղ չունեն մերօրյա աշխարհում: Այսօր ականատես ենք, որ նույնիսկ գերհզոր տերությունները իրենց երբեմնի կատարած, չարությունների և չարագործությունների համար մեղանչում են, ներողամտություն են խնդրում և նրանց այդ քայլը, բնականաբար, ոչ միայն չի նսեմացնում նրանց համաշխարհային դիրքը, այլ ապացուցում է սեփական սխալը ընդունելու նրանց վեհությունը, ինչին նույնպես և դեռևս ավելիով պետք ունենք մենք` հայերս, որից փարսախներով հեռու ենք:
Իհարկե, կատարած սեփական սխալի ընդունման անկեղծությունը, վեհությունը, բավարար չի կարելի համարել, եթե այդ քայլին չհաջորդի սխալը սրբագրելու համարձակությունը:

Ինչպես գիտեք, Հայ մամուլը աշխատում է թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս երկուսը աշխատաում են ոչ միայն տարբեր միջավայրերում, այլ տարբեր անջրպետներում: Այս երկուսին, վստահաբար, պետք է ավելացնել Կ. Պոլսի հայ մամուլի բացառիկ պարագան: Իսկ սփյուռքահայ մամուլը ունի իր յուրովի խոհանոցը և հայաստանյանն` իր, որ առաջինին հպանցիկ կակնարկեմ ես, իսկ մյուսներին երևի անդրադառնալու են մեր գործընկերները:

Սփյուքահայ տպագիր մամուլը, ես մասնավորաբար բաժանում եմ, երկու մասիª թերթերի և պաշտոնաթերթերի (օրգանների):
ինչպես գիտեք, Սփյուռքահայ արդեն իսկ սակավաթիվ մամուլի մեծամասնությունը, այս կամ այն ձեւով, ուղղակի կամ անուղղակի կերպով պաշտոնաթերթեր են, նրանք, գրեթե առանց բացառության, աշխատում են Ֆինասական մեծ բացերով, սակայն պաշտոնաթերթ լինելով ինքնաՖինանսավորման հարցերը չեն մտահոգում խմբագրին: Տեխնիկական բազմազան խնդիրները, կադրային մտահոգությունները, միջավայրի տնտեսական տագնապները, որ ուղղակի սպառնում են ցանկացած թերթի գոյությունն ու հարատևումը, նույնպես չեն խանգարում դրանց հրատարակիչի կամ խմբագրի մտային անդորրը: Հետևաբար, պաշտոնաթերթ լինելով, այն պարտադիր առաջնահերթություն է շնորհում, ոչ թե հասարակության պահանջին և նախընտրության, այլ պատկան կուսակցության հայացքներին և հորդորներին:
Հայացքների և լրատվության առումով, սփյուռքահայ պաշտոնաթերթը, քաղաքական նախասիրությունների և շահարկումների պատճառով, ոչ միայն ունակ է կուսակցական մի աննշան նախաձեռնությունը կամ ճաշասեղանի և տոնախմբության մի լուրը թերթի հիմնական լրատվության վերածել, այլ նույն պատճառով կարող է անտեսել, կամ լավագույն պարագային լուսանցքի վրա անդրադառնալ, հայության հուզող ամենակարևոր իրադարձությունները և նույնիսկ անտեսել միևնույն համայնքում տեղի ունեցած մի կարևոր իրադարձություն, պարզ այն պատճառով, որ դա սեփական նախաձեռնությունը չէ կամ սեփական ազդեցության ոլորտում չի գտնվում: Օրինակները բազմաթիվ են: Այդ նույն շահարկումների պատճառով է, որ հայաստանյան հասարակական կյանքի ամենակարևոր անցուդարձերը, այդ մասին քննարկումները և վերլուծությունները, շատ անգամ բացակայում են այնտեղ, ինչն, իհարկե, չի կարելի սփյուռքահայության անտարբերության վերագրել:


Սիրելի Բարեկամներ,

Սփյուռքում թերթ հրատարակելը, լրագրական արկածախնդրություն է:
Ինչպես ամբողջ Սփյուռքը, սփյուռքահայ անկախ մամուլը նույնպես պայքարում է գոյատևման համար: Նրա գոյության և հարատևման սպառնացողները բազմազան են: Ֆինասնասական և բազմազան այլ խոչնդոտների կողքին, սփյուռքահայ թերթը`
ՙԱպազգային՚ է, կուսակցականը` ազգայինի հետ չնույնացնելու պատճառով:
ՙՊառակտիչ է՚, որովհետև հանդգնում է եկեղեցական անիմաստ և ժամանակավրեպ պառակտման դեմ գրել:
ՙՏեռորիստների քաջալերող է՚, որովհետև հանուն հայ ժողովրդի մարդկային և ազգային իրավունքների պայքարի ջատագովն է:
ՙԾայրահեղ անիշխանական է՚, որովհետև դավաճանության համազոր արարք է համարում, որ սփյուռքահայ դպրոցներում, յուրաքանչյուր հայ կուսակցություն, սեփական կուսակցության պատմությունն է դասավանդում` հայ ժողովրդի պատմության փոխարեն:
Այս շարքը կարելի է հավելել, մեկ առ մեկ ակնարկելով հայությունը ներքնապես քայքայող և ջլատող երևույթների մասին, որոնց նկատմամբ չի կարող լռել, ոչ մի հանձնառու լրագրող:

Մյուս կողմից, բարեբախտաբար, վերջին երկու տասնամյակում, սփյուռքահայ մամուլը, տեխնոլոգիայի սրընթաց զարգացման հետևանքով ինքնաբավ դարձավ տպագրման և տարածման առումով, ինչը տասնամյակներ կաշկանդում էր նրան ամեն մի քայլափում: Այս հարցում անկախ մամուլի օգնության հասավ նաև իտերնետը:

Խոսքս փակում եմ, մասնավորաբար, ողջունելով Հրանդ Դինքի ճանապարհը շարունակող ՙԱկոս՚-ի ներկայացուցչական կազմին, հավելելով, որ մենքª հայ մամուլի ներկայացուցիչներս, հասարակական կյանքի կամ համազգային հարցերի հետ առնչվող յուրաքանչյուր կողմի` իշխանություն, կուսակցություն կամ կառույցի պիտի զգացնել տանք, որ իրենց բոլոր գործունեություններին ուշադիր հետևում են բաց աչքեր` և դա մամուլն է:

Շնորհակալություն

No comments: