Tuesday, September 22, 2009

Կոչ ազգային իշխանություններին

Ճանաչել և հարգել մամուլի դերը իրանահայ համայնքի կյանքում Նկատի ունենալով մամուլի կարևորությունը ժամանակակից աշխարհում` որպես չորրորդ իշխանություն և հասարակական կյանքը դիտող, քննարկող, արտացոլող և քննադատող ուժ, իրանահայ տպագիր և էլեկտրոնային մամուլի ներքո ստորագրող ներկայացուցիչներս, գտնելով, որ ցավոք մեր համայնքի ազգային իշխանությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանրության մոտ ճիշտ կամ ամբողջական պատկերացում գոյություն չունի լրատվամիջոցների դերի մասին, որն իր հերթին վնասում է մամուլի գործունեությանն ու արդյունավետությանը, 2009թ. սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցական հանդիպման ընթացքում որոշեցինք սույն կոչով շեշտել հետևյալ հանգամանքները` Հարկ է ազգային իշխանությունները, միությունները և այլ հաստատությունները իրենց պատասխանատու զգան մամուլի նկատմամբ` մի կողմ թողնելով ծածուկ ու թաքուն աշխատելու ոճը` հանդես գան աշխատանքային լիակատար թափանցիկությամբ: Պարզ է, որ նման դրական աշխատելաոճով նրանք հնարավորություն կունենան մամուլի միջոցով իրենց աշխատանքները ներկայացնել հանրությանը, ապահովել հանրության մասնակցությունը, շահել նրա վստահությունը և հանդուրժողականությամբ լսել հանրության ձայնը, որի արտահայտման ամենաազդեցիկ միջոցներից մեկն է մամուլը: Ուստի և անհրաժեշտ է հարգել ամենաառաջնային սկզբունքը` կազմակերպված բոլոր ձեռնարկների և հավաքների մասին տեղյակ պահել և հրավիրել մամուլի ներկայացուցիչներին: Մինչ օրս, ոչ միայն չի հարգվել համայնքի կենսունակությունն ապահովող այս հրամայականը, այլ ընդհակառակը` հաճախ, խոչընդոտել են թղթակիցների և ֆոտոլրագրողների անկաշկանդ գործունեությունը: Այս ուղղությամբ հավատացած ենք, որ մեր թեմերի պատգամավորական ժողովների հանդիպումները, բացառությամբ առանձին դեպքերի, պիտի լինեն դռնբաց, ինչպես կարգն է աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններում. միթէ± մեր պատգամավորները իրենց ընտրողներից թաքցնելու բան ունեն կամ քննարկում են այնպիսի հարցեր, որոնք անվտանգության առումով ավելի զգայուն են քա±ն պետություններինը: Ցանկանում ենք շեշտել, թե որևէ անձնավորության, ձեռնարկի կամ աշխատանքի քննադատելը թշնամական վերաբերմունք չէ: Քննադատել չի նշանակում արհամարհել կամ նույնիսկ թերագնահատել ներդրված ջանքն ու աշխատանքը: Ընդհակառակը, որևէ երևույթ քննադատության խոշորացույցի տակ առնելը նշանակում է լուրջ վերաբերման առարկա դարձնել, արժևորել կատարվածը, թերությունների սրբագրումով էլ ավելի արդյունավետ դարձնել այն: Իսկ իրանահայ մամուլը տուժում է ազգային մարմինների և հանրության մոտ քննադատության մասին սխալ հասկացողության առկայության պատճառով: Ներքո ստորագրողներս մտադիր ենք շարունակել մեր հանդիպումները վերոհիշալ հարցերի համար բավարար լուծումներ գտնելու նպատակով: Եվ Այսու հրավիրում ենք պատասխանատու մարմիններին, նույնպես մեր բացակա գործընկերներին, ներկա գտնվեն իրանահայ մամուլի խորհրդակցական հանդիպումներին և ըստ արժանվույն գնահատեն մեր կոչը և ասպարեզում ներդրված ջանքը: «Յոյս» երկշաբաթաթերթ «Իրանահայեր» լրատվական ցանց «Արաքս» շաբաթաթերթ «Լույս» ամսագիր «Նոր Ալիք» վեբլոգ «papier de liberte» վեբլոգ «Հայաստան-Իրան» վեբլոգ

No comments: