Saturday, November 7, 2009

Հայերն օսմանյան տնտեսության մեջ -1-

Հայերն առեւտրի եւ արդյունաբերության բնագավառում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրության արտաքին եւ ներքին խոշոր առեւտրում, արդյունաբերական արտադրության մեջ, բանկային գործերում հայերն ազդեցիկ դիրք էին գրավում: Նրանք իրենց ձեռքում էին կենտրոնացրել երկրի տնտեսական կարեւոր լծակները: Հայկականի համեմատությամբ, թուրք բուրժուազիան ածանցյալ վիճակում էր եւ օսմանյան տնտեսության մեջ նշանակալի տարր չէր կազմում: Երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական եւ նյութական հզորացումը հիմք է դառնալու նրանց վաղվա քաղաքական հաղթանակների համար: Աստիճանաբար թուրք իշխանությունների մոտ ուժեղանում էր այն մտայնությունը, որ վաղ թե ուշ երեկվա հպատակ հայը տիրանալու է իրենց իշխանությանը, ինչպես դա արել էին տնտեսության ասպարեզում: Հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչները, քաղաքական նպատակներ հետապնդելուց զատ, մտադիր էին նաեւ ազատվել հայերի տնտեսական մրցակցությունից: Բնաջնջելով Օսմանյան կայսրությունում ապրող հայերին՝ երիտթուրքական իշխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին իրենց հզոր մրցակցին, նրանց ինչքերի, հարստության հաշվին կարողացան հոգալ պատերազմական մեծագումար ծախսերը, վճարել երկրի անկախությանը սպառնացող արտաքին ահռելի պարքերը: Հայոց դարերի տքնությամբ ստեղծված ունեցվածքի յուրացումով հետագայում ստեղծեցին ազգային բուրժուազիա, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության շրջանում կարողացան ամբողջապես թրքացնել երկրի տնտեսությունը: Թե ինչ դիրք էին գրավում հայերն Օսմանյան կայսրություն տնտեսության մեջ՝ կփորձեք ուրվագծել ստորեւ: Օսմանյան կայսրությունում պետական պաշտոնյաների ընտրության ժամանակ հաշվի էին առնվում ոչ թե անձերի արժանիքներն ու կարողությունները, այլ նրանց ազգային եւ կրոնական ծագումը: Գրեթե ողջ պաշտոնեությունը, զինված ուժերը, ոստիկանությունը եւ դատական մարմինները կազմված էին մահմեդականներից, մեծամասնությամբ՝ օսմանցի թուրքերից: Իրենց վերապահելով իշխողի դերը` նրանք երկրի ամբողջ տնտեսական դաշտը թողել էին ոչ թուրք տարրերին[1]: Օսմանցի թուրքերը քաղաքակրթական այն մակարդակը չունեին, որպեսզի կարողանային վարել եւ զարգացնել երկրի տնտեսությունը, ուստի ստիպված էին օգտվել իրենց գրաված երկրների բնիկ քաղաքակիրթ ժողովուրդների փորձառությունից: Հայերը, որ Առաջավոր Ասիայի քաղաքակրթության հնագույն կրողներն էին, Օսմանյան կայսրության մյուս հպատակ ազգերի հետ, ավելի քան հինգ դար, տքնեցին կայսրության տնտեսությունը բարգավաճ պահելու համար: Զրկված լինելով վարչական եւ զինվորական գործունեության հնարավորությունից` օսմանյան պետության մեջ առեւտուրն ու արհեստները դաձան այն թույլատրված ասպարեզները, ուր հայերը կարող էին փոքրիշատե ազատ կերպով դրսեւորել եւ զարգացնել իրենց ցեղային ունակությունները: Սուլթաններն իրենց գրաված քաղաքներում անմիջապես հայեր էին բնակեցնում: Սուլթան Մուհամեդ Ֆաթիհը 1453 թ. իր հաղթական ոտքը Կոստանդնուպոլիս դնելուց քիչ անց, ավերված քաղաքը վերաշինելու եւ գեղեցկացնելու նպատակով, հրամայեց հայ արհեստավորներ եւ առեւտրականներ տեղափոխել մայրաքաղաք: Հայ շինարար բազկի եւ ճարտար արհեստավորների կարիքը պետք է զգային սուլթան Ֆաթիհի հաջորդները եւ պարբերաբար հայեր տեղափոխեին Կոստանդնուպոլիս[2]: XV դարից Կոստանդնուպոլսում սկսեցին բազմանալ հայ առեւտրականների խանութները, առանձին շուկաները, խաներն ու վաճառատները: Միջերկրական եւ Սեւ ծովերից դեպի Իրան եւ Հնդկաստան տարանցիկ առեւտուրը հիմնականում կատարում էին հայ վաճառականները[3]: Կայսրության մյուս տնտեսական կարեւորագույն կենտրոնի՝ Զմյուռնիայի հայ առեւտրականները կապված էին եվրոպական երկրների հետ: Այստեղից ամեն օր հայկական քարավաններ էին ուղեւորվում Պարսկաստան եւ ասիական մայրցամաքի այլ երկրներ: Հայ առեւտրականներից գանձվող մաքսահարկերը կազմում էին սուլթանական գանձարանի եկամտի կարեւորագույն աղբյուրներից մեկը: XVI-XIXդդ. հայ վաճառականները մեծ նպաստ են բերել Օսմանյան կայսրության առեւտրի զարգացմանը` էապես նպաստելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքափոխանակությանը[4]: XVI դարից Կոստանդնուպոլսում կենտրոնացած էր հայ չելեպիների եւ ամիրաների դասը: Այս պատվանուններն էին կրում գավառից մայրաքաղաք տեղափոխված ձեռներեց անհատներ, ովքեր տեր էին դարձել մեծ հարստության եւ պաշտոնական աշխարհում ձեռք բերել կշիռ եւ հեղինակություն: Հայ չելեպիներն ու ամիրաները աստիճանաբար մոտեցան գահին եւ արհեստապետի համեստ պաշտոնով տեղ գրավեցին արքունիքում, որը փակ աշխարհ էր քրիստոնյաների համար: XVIII դարի կեսերից սկսած նրանք սկսեցին վարել կայսրության կարեւոր գերատեսչությունները[5]: Նկարչության եւ ոսկերչության մեջ բացառիկ դիրք գրավելով` Տյուզյանները սերնդեսերունդ դարձան արքունի ոսկերչապետերը: Նրանց վստահվեց դրամահատության ամբողջ գործարանը եւ փողերանոցը, ուր կենտրոնացած էին տերությանը պատկանող ոսկու եւ արծաթի պահեստները[6]: Տեմիրճիպաշյան ընտանիքի անդամները վարում էին արքունի նավաշինական ձեռնարկության եւ թնդանոթարանի վերատեսչի պաշտոնները[7]: Տատյան գերդաստանի սերունդները ղեկավարում էին կայսրության ռազմական արդյունաբերությունը, թղթի արդյունաբերությունը եւ բանակի հանդերձավորման արտադրությունները[8]: Արփիարյան ամիրայական տունը երկար շրջան վարում էր Կապան Մատենի արծաթի հանքերի վերատեսչությունը[9]: Մկրտիչ ամիրա Ճեզայիրլյանը ղեկավարում էր երկրի մետաքսագործությունն ու մաքսահավաքման գործը[10]: Արհեստավոր ամիրաներից առավել բազմաթիվ էին հայ վաճառական ամիրաները, ովքեր հայտնի էին սարաֆ, սեղնավոր, բանկիր անուններով: Վարկեր տրամադրելով զինվորական եւ պետական գործիչներին, առեւտրական ընկերություններին եւ պետական գրասենյակներին` նրանք կատարում էին այժմյան դրամատների դերը: Մինչեւ 1853 թվականը` դրամատների ստեղծումը, կայսրության դրամագլխի մեծագույն մասը գտնվում էր հայ սեղանավորների ձեռքում: Նրանք էին վարում կայսրության ֆինանսական քաղաքականությունը[11]: Քանիցս երկիրը փրկել են տնտեսական տագնապներից` սնանկության մատնված պետության ֆինանսական համակարգում բարեփոխումներ իրականացնելով[12]: Հայ սեղանավորները եւ արքունի արհեստապետերը նպաստել են նաեւ երկրի պետական արդյունաբերության զարգացմանը: 19-րդ դարի կեսերից՝ Ղրիմի պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունն իր դռները բացեց Եվրոպայի առջեւ, հայերը պատրաստ էին կարեւոր դեր կատարելու կայսրության եւ Եվրոպայի միջեւ[13]: Հայ վաճառականները տիրապետում էին եվրոպական լեզուներին եւ եվրոպական առեւտրի մեթոդներին, այդ իսկ պատճառով կարողացան դառնալ թուրք-եվրոպական առեւտրի միջնորդներ[14]: Թուրք-եվրոպական առեւտրի մեջ գլխավոր բաժինը պատկանում էր հայ վաճառականներին: Բազմաթիվ հայ առեւտրականներ, չգոհանալով եվրոպացիների ներկայացրած ապրանքների ընտրությամբ, իրենք կապեր հաստատեցին Եվրոպայի արդյունաբերական կենտրոնների եւ առեւտրական ընկերությունների հետ: Նրանցից շատերը նույնիսկ հաստատվեցին եվրոպական քաղաքներում, գրասենյակներ բացեցին եւ մասնաճյուղեր հիմնեցին: Նեղ գտնելով Օսմանյան կայսրության շուկան` սկսեցին դիրքեր գրավել միջազգային առեւտրում[15]: XIX դարի կեսերից հայ առեւտրականների նկատելի հոսանք սկսվեց գավառային քաղաքներից դեպի Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա եւ ծովամերձ այլ քաղաքներ: Այս տեղափոխությունները զորացրին հայերի դիրքը կայսրության տնտեսական կյանքում: Կոստանդնուպոլսի եւ Զմյուռնիայի հայկական առեւտրական տները դարձան անմրցելի հաստատություններ[16]: Եվրոպական դրամագլխի եւ գործարանային արտադրությունների մուտքով կարճ ժամանակահատվածում հայերի տնտեսական վիճակի մեջ արագ բարելավում տեղի ունեցավ: 1908 թվականին հայի տնօրինությամբ հիմնվեց Օսմանյան բանկի մասնաճյուղը` Հայ բանքան, որը մեծապես դյուրացրեց հայ առեւտրականների դրամական գործառնությունների իրականացումը[17]: Հայերի տնտեսական առաջընթացն ու զարգացումը կատարվում էր երկրում տիրող կամայականությունների պայմաններում: Նույն եկամուտն ունեցող թուրք վաճառականից պետությունը երեք անգամ պակաս հարկ էր վերցնում, քան հայ վաճառականից: Կողոպուտներն ու կանխամտածված հրդեհները ավերածության էին ենթարկում Վանի, Խարբերդի, Ադանայի եւ այլ կենտրոնների շուկաները: 1908 թ. Խարբերդում իշխանությունները բռնագրավեցին հայերին պատկանող արդյունաբերական ձեռնարկությունները[18]: Հակառակ իրենց դեմ գոյություն ունեցող թուրքական ատելության եւ հալածանքների` հայերը շարունակում էին առաջնակարգ տեղ գրավել կայսրության առեւտրի մեջ: Պատմաբան Ջոն Կիրակոսյանի` Հայաստանի պետական արխիվից քաղված հետեւյալ տվյալները ներկայացնում են հայերի տնտեսական կացությունը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ. «Սվազի (Սեբաստիայի) վիլայեթում 166 ներմուծող վաճառականներից 141-ը հայեր էին: Արտահանությամբ զբաղվող 150 առեւտրականներից 127-ն էին հայ: 9800 մանր առեւտրականներից ու արհեստավորներից 6800-ը հայեր էին»[19]: Ալեքսանդր Մյասնիկյանը 1913 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կարդացած իր մի դասախոսության մեջ նշում էր, որ Սվազի վիլայեթում թեեւ հայերը կազմում էին բնակչության 35 տոկոսը, բայց հայ առեւտրականները կազմում էին բոլոր առեւտրականների 85 տոկոսը, արհեստավորները` 70 տոկոսը, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների 85 տոկոսը պատկանում էր հայերին: Բանվորության 80 տոկոսը հայեր էին[20]: Օսմանյան կայսրությունում հայերի առեւտրական գործունեության մասին հայկական աղբյուրների տեղեկությունները հաստատում են օտար հեղինակները: Ամերիկացի դիվանագետ Գուտմանը հայտնել է, որ կայսրության ներմուծման` 60, արտահանման` 40 եւ ներքին առեւտրի 80 տոկոսը կատարվում էր հայ առեւտրականների կողմից: Յոհաննես Լեփսիուսի պատրաստած տեղեկագիրը հաղորդում է հետեւյալ տվյալները. «Ներմուծվող առեւտրի գլխավոր մասը գտնվում է հայերի ձեռքում: Հայկական ամենամեծ առեւտրական ընկերություններն իրենց մասնաճյուղերն ունեն Եվրոպայի արդյունաբերական ամենամեծ կենտրոններում: 15 միլիոն օսմանյան ոսկի կարելի է գնահատել երկրի մեծ նավահանգիստներով ներմուծված ապրանքների արժեքը: Այդ ներմուծումն ամենամեծ մասով գտնվում է հայ խոշոր առեւտրականների ձեռքում»[21]: Հայերի նախաձեռնությունը զուտ վաճառականության մեջ չսահմանափակվեց: Նրանք իրենց ճարտարությունը ցուցաբերեցին տնտեսության տարբեր ոլորտներում: Գտնվեցին նաեւ առեւտրականներ, ովքեր եվրոպական սարքավորումներ, մեքենաներ փոխադրեցին երկիր եւ տեղում սկսեցին կազմակերպել եվրոպական որակ եւ արտաքին տեսք ունեցող ապրանքների արտադրություն: Աստիճանաբար փոխվում էր կապիտալի բնույթը: Առեւտրական կապիտալը փոխակերպվում էր արդյունաբերականի: XX դարի սկզբին, օրինակ, Արաբկիրում, որտեղ կտավագործությունը հայ ազգաբնակչության հիմնական զբաղմունքն էր, արդեն գոյություն ունեին մանուսայի` 15, մանրաթելի` 9 եւ սփռոցի եւ սավանի պատրաստման 18 ձեռնարկություններ: Արդյունաբերության որոշ ճյուղերում նկատվում էր անցում մանուֆակտուրային արտադրությունից դեպի գործարանային արտադրություն: Կարինում, Վանում, Բաղեշում շալագործական, պղնձագործական եւ այլ ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում[22]: Միայն Սվազի վիլայեթում 150 գործարաններից 130-ը պատկանում էին հայերին, 20-ը՝ թուրքերին եւ օտարերկրյա կամ խառն ընկերություններին: 17.700 բանվորներից 14.000-ը հայեր էին[23]: Թուրքերն իրենք իսկ, անուղղակի կերպով, նպաստել են հայերի տնտեսական հզորացմանը, քանզի արհամարհելով տնտեսական ասպարեզը` առեւտրի եւ արհեստների ասպարեզները թողել էին ոչ թուրք տարրերին[24]: Թուրք մարդը երկար շրջան հեռու է մնացել առեւտրից եւ արհեստներից, շինարարական, արտադրողական եւ ստեղծագործական աշխատանքներից: Թուրքերի հիմնական զանգվածը մշտապես ձգտել է դառնալ պաշտոնյա կամ զինվորական եւ թողել է, որ ուրիշ ազգերը տքնեն եւ բարիքներ ստեղծեն իրենց համար: «Բոլոր չարիքների արմատն այն է,- իր հիշողություններում խոստովանել է գահընկեց արված Աբդուլ Համիդ II-ը,- որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար: Օսմանցին սովոր է պարոն լինել եւ աշխատանքը ուրիշներին թողնել: Նա ապրում է եւ զվարճանում: Մեր երիտասարդները կարծում են, թե իրենք չեն կարող այլ բան դառնալ, քան սպա եւ պաշտոնյա»[25]: Թուրք իշխանավորները որեւէ լուրջ ջանք չեն գործադրել իրենց ազգակիցներին տգիտության քայքայիչ կապանքներից ազատելու համար: 20-րդ դարի սկզբներին թուրք բնակչության 90 տոկոսից ավելին անգրագետ էր: Նույն ժամանակ հայերի միայն 33 տոկոսն էր անգրագետ: Համատարած տգիտության մեջ չէին կարող զարգանալ գիտությունը, արհեստները, արվեստները եւ տեխնիկան[26]: շարունակելի Անահիտ Աստոյան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող հեռ. 093-51-64-53, anahitas@mail.ru ————————————————— 1. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր., Բեյրութ, 1972, էջ 55: 2. Ալբերտ Խառատյան, Կոստանդնուպոլսի հայ գաղութը, (XV-XVIIդդ.), Երեւան, 2007, էջ 51-67: 3. Յ. Գ. Մ. (Հարություն Մըրմրյան), Թուրքահայոց հին վաճառականութիւն եւ վաճառականք, Կ.Պոլիս, 1908: 4. Հայ Ժողովրդի Պատմություն, Դ. հատոր, Երեւան, 1972, էջ 310: 5. Լեո, Երկերի ժողովածու, Դ. hատոր , Երեւան, 1984, էջ 96-98: 6. Հայկ Ղազարյան, Արեւմտահայերի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացությունը 1800-1870 թթ., Երեւան, 1967, էջ 397, 399-340: 7. Ազգագրություն Տեմիրճիպաշյանց, Հանդես ամսօրյա, 1900, N. Ա., էջ 51-54: 8. Թորոս Ազատյան, Տատյան գերդաստանը եւ իր ականավոր դեմքերը, Ստամբուլ, 1952: 9. Հայկ Վահե, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նյու Յորք, 1959, էջ 659-660: 10. Վահան Զարդարեան, Յիշատակարան (1512-1933), Կահիրե, 1933, էջ 54-58: 11. Լեո, Երկերի ժողովածու, Դ. hատոր , Երեւան, 1984, էջ 101: 12. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 163: 13. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 183: 14. Հայկ Ղազարյան, Արեւմտահայերի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացությունը 1800-1870 թթ., Երեւան, 1967, էջ 403: 15. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Գ. Հատոր (1908-1922), Բեյրութ, 1975, էջ 98: 16. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 187: 17. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 182: 18. Հայ Ժողովրդի Պատմություն, Զ. հատոր, Երեւան, 1981, էջ 466-467: 19. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան 1967,էջ 88: 20. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան 1967,էջ 89: 21. Յոհաննես Լեփսիուս, Գաղտնի տեղեկագիր-Հայաստանի ջարդերը, Բեյրութ, 1965, էջ 247-248: 22. Հայ Ժողովրդի Պատմություն, Զ. հատոր, Երեւան, 1981, էջ 464 23. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան 1967,էջ 88: 24. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր., Բեյրութ, 1972, էջ 181: 25. Աբդուլ Համիդի յիշողությունները, Հորիզոն , 1913, N. 42: 26. Դմիտրի Երեմեեւ, Թուրքերի ծագումը, Երեւան, 1975, էջ 235: Աղբյուր ՝ «ՀԵՏՔ» 19-10-2009

No comments: