Saturday, May 2, 2009

ՉՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՍԽԱԼ

«Հայաստան» լրատու.02.05.2009: «Հայաստան» շաբաթաթերթի բացառիկ հարցազրույցը Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) կենտրոնական խորհրդի անդամ Մովսես Քեշիշյանի հետ - Հայկական Ժողովրդային Շարժումը երկար տարիներ ծանոթ է որպես ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) քաղաքական զինակից, այլ խոսքով, հայության իրավունքների նկատմամբ արմատական կեցվածքներ որդեգրող կազմակերպություն: Ո՞րն է ՀԺՇ-ի մոտեցումը, Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցում: - Նախ նշեմ, որ «Սահմանների բացում» ասելը, ճիշտ չէ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սահման չի փակել, որ բացի: 1993թ. Թուրքիան փակելով սահմանը շրջափակման է ենթարկել Հայաստանի Հանրապետությանը: «Սահմանների բացում» արտահայտությունը կամա թե ակամա, մեղմացնում է կատարվածը, քողարկում Թուրքիայի կողմից միջազգային օրենքի խախտումը: Թուրքիայի կողմից շրջափակման վերացման` ՀՀ իշխանությունների պահանջը միջազգային օրենքի սահմաններում է: - Հայաստանը եւ Թուրքիան Ապրիլի 24-ի նախօրեին հայտարարել են «ճանապարհային քարտեզ» համաձայնության մասին, սակայն բովանդակության մասին դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան: Թուրքական «Սաբահ» թերթը ներկայացրել է փաստաթղթի 5 կետերի մասին: Ո՞րն է ՀԺՇ-ի մոտեցումն այս անակնկալի վերաբերյալ: - «Ճանապարհային քարտեզը», ըստ երեւույթի, նախնական պայմանավորվածություն է: Փաստաթուղթը դեռեւս չի հրապարակվել, որի գաղտնիության պահպանումը, հավանաբար, երկկողմանի պայմանավորվածության հետեւանք է: «Սաբահ»-ի ակնարկած կետերը նորություն չեն: Մինչ այդ հրապարակումը, նույնիսկ նախքան «ճանապարհային քարտեզ»-ի մասին, ժնեւյան համատեղ հայտարարությամբ, հանդես գալը, թուրքական ԶԼՄ-ները հրապարակեցին արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից որոշ մանրամասեր, որ, ավելի ուշ, պարզվեց թե դրանք համապատասխանում են իրականությանը: Թուրքական «Զաման» թերթը դեռեւս ապրիլի 15-ին, երեւանյան աղբյուրներից ստացած տեղեկությունների հիման վրա, գրեց, որ մոտ օրերին հրապարակվելու է համատեղ հայտարարություն, որ դա տեղի է ունենալու մի երրորդ երկրում, եւ անգամ նշեց, որ այդ երրորդ երկիրը մեծ հավանականությամբ լինելու է Շվեցարիան, որն արդեն ընդունել էր միջնորդի դերը: Այդտեղ մասնավորապես նշվում է, որ.Հայաստանն ընդունել է 1915թ. իրադարձությունները քննող պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի պահանջը, ինչն ավելի ուշ հաստատեց նախագահ Սարգսյանը` «Դը Ուոլ Սթրիթ Ժուրնալ» թերթին տված իր հարցազրույցում: Հետաքրքրական է նաեւ այն նշումը, որ Երեւանին հանգստացնելու համար ստեղծվելիք հանձնաժողովը անվանվելու է միջկառավարական, որն էլ իր հերթին կազմված է լինելու տարբեր հանձնախմբերից, որոնցից մեկն էլ լինելու է պատմության հանձնախումբը… Երեւանը, հավանություն տալով այս հանձնախմբին, ակամա ընդունելու է, որ 1915թ. իրադարձությունները ոչ թե քաղաքական եւ իրավաբանական խնդիրներ են, այլ` պատմական: Թուրքական աղբյուրներում նշվում են նաեւ այլ մանրամասեր, որոնց հավաստիությանը, ընդհանրապես, պետք է վերապահությամբ մոտենալ: Բայց եւ ցավալի է, որ հայ հանրությունն այսօր, լինի դա ՀՀ-ում թե Սփյուռքում, ազգային ամենանուրբ ու ճակատագրական հարցերի վերաբերյալ սեփական երկրի իշխանության կողմից ամբողջական տեղեկություն չստանալու հետեւանքով, հարկադրված տեղեկություններ է փնտրում թուրքական մամուլում: Սա շատ արհամարական վերաբերմունք է. ՀՀ ներկայացուցիչները մինչեւ հիմա միայն խոսում են այն մասին, թե ինչ չեն արել, փոխան ասելու թե ինչ են արել: - Արդյո՞ք կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ցեղասպանության ճանաչումը չի ներկայացրել Թուքիա-Հայաստան հարաբերություններում որպես նախապայման, այլ նահանջել է իր կողմից հայտարարված «առանց նախապայմանի» երկխոսությունից` տեղի տալով թուրքական նախապայմաններին: - Առանց թուրքական կողմի ճնշման ու նախապայմանի դժվար է հավատալ, որ ՀՀ ներկայացուցիչներն ինքնակամորեն կցանկանային վիրավորել Հայության արժանապատվությունը: ՀՀ ներկայացուցիչներն առանց նման նախապայմանի, Ապրիլի 24-ի նախօրեին, Հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացրած եւ իր կատարած անմարդկային ոճիրի պատասխանատվությունը չընդունող թուրք պետության ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարություն չէին կատարի: Դա տեղի է ունեցել թուրքերի պահանջի հետեւանքով: Այդ հաստատում են նաեւ արեւմտյան դիվանագետները: Առանց նախապայմանի բանակցություններ տեղի ունեցել են, բայց առանց նախապայմանի համաձայնություն տեղի չի ունեցել: - Թուրքիան ի՞նչ նպատակ է հետապնդում «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելով: - Դա պարզ է: Ըստ ցեղասպանագետների, ցեղասպանությունն սկսում է ֆիզիկական բնաջնջումով, շարունակվում ազգաբնակչության լեզվական, մշակութային արժեքների, կոթողների եւ քաղաքակրթության ոչնչացումով. «ցեղասպանության հիշողության ոչնչացումը» ցեղասպանությունը կատարելագործելու վերջին հանգրվանն է, ինչն էլ, այսօր, փորձում է իրականացնել Թուրքիան: «Պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելուց Թուրքիան միանշանակ հետապնդում է այս նպատակը` զուգահեռ փորձելով կանխել Ցեղասպանության ճանաչումն ու դրանից բխող հետեւանքները: - Ի՞նչ կասեիք բանակցությունները գաղտնի անցկացնելու շուրջ: - Միջպետական զգայուն բանակցություններն որոշ փուլերում կարող են ընթանալ ծածուկ, բայց գաղտնի համաձայնություններ չեն լինում եւ չեն էլ կարող լինել, մանավանդ համազգային բնույթ ունեցող հարցերում: ՀՀ Սահմանադրության համաձայն, նման պարագաներում, ՀՀ Գործադիր իշխանության համաձայնագրերը պարտադիր պետք է ներկայացվեն Ազագային ժողովի հաստատմանը: Ուստի ԱԺ-ի բոլոր պատգամավորները նույնպես պատասխանատվություն են կրում այս հարցում: - Իսկ ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ դուրս գան ստեղծված կացությունից: Սփյուռքն ինչպե՞ս կարող է նպաստել այս հարցին: Ինչպե՞ս պետք է լինեն Սփյուռք-Հայաստան հարաբերություններն ընդհանրապես, որպեսզի առավելագույնս պաշտպանվի եւ ապահովվի Հայության շահը: - Հայ ժողովրդի շահ արտահայտությունն այստեղ շատ ճիշտ որակում չէ, կարելի է ընդամենը խոսել հայ ժողովրդի իրավունքների մասին: Թույլ տվեք նշել մի քանի սկզբունքային կետ, ապա անցնել ձեր հարցերի պատասխանին: Առանց մանրամասնելու ասեմ, որ ե՛ւ Հայաստանը ե՛ւ Սփյուռքը, երկուստեք պատասխանատու են, թե՛ ստեղծված ներկա համընդհանուր իրավիճակի եւ թե՛ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կացության եւ մակարդակի համար: Սփյուռքը եւ Հայաստանը, ճի՛շտ է, միասնական են, սակայն այդ միասնությունը պետք է մարմնավորել ու ամրագրել ծրագրային հիմունքներով: Պետք է աշխատել խաղի օրենքները լիովին հարգելով, ներդաշնակ, պատասխանատվությունների պարզ ու հստակ տարբերակումով, այնուհետեւ անհրաժեշտ է մշակել հարաբերությունների ու գործունեության համար կենսական «բացակա ծրագիրը»: Միայն այսպիսի գործունեությունը կարող է լինել նպատակային ու ազդեցիկ: ՀՀ իշխանությունները կտրականապես պետք է հրաժարվեն Սփյուռքին դիտել միայն մի քանի մեծահարուստների կերպարում` անտեսելով միլիոնավոր Հայության մասնագիտական ունակություներն ու կազմակերպական ուժը: Հայաստանի Հանրապետությունը պետք է վերջնականապես հրաժարվի Սփյուռքը դիտել իբրեւ ֆինանսի աղբյուր ու հիշի միայն «թելեթոնների» ժամանակ, ինչը կատարվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Գալով ձեր հարցումներին, ասեմ, որ գտնվում ենք շատ զգայուն իրավիճակում: Պետք է փորձենք դուրս գալ ստեղծված կացությունից: Ներկա դրությամբ ես գիտակցորեն չեմ ցանկանում կատարվածի նկատմամբ շեշտակի գնահատականներով ու որակումներով հանդես գալ, քանի որ, նախ բանակցային գործընթացը շարունակվում է եւ, առայժմ, պաշտոնական որեւէ հայտարարություն չի կատարվել. երկրորդ` առանց այն էլ Հայաստանի մեջ առկա են անկայունություն ստեղծող լուրջ խմորումներ: Առանձնահատուկ պետք է շեշտել եւ չմոռանալ Հայաստան-Սփյուռք պառակտման հավանականության վտանգը: Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրավունք չունեն հայտարարություններ կատարել Սփյուռքի անունից: Սկզբունքային շեղում լինելուց բացի, դա միջազգային հանրության մոտ ոչ միայն չի զորացնելու ՀՀ դիրքերը, այլ ընդհակառակը` տկարացնելու է: Դրանից, իհարկե, վնասվելու է նաեւ Սփյուռքը: Ինչպես ՀՀ իշխանություններն Սփյուռքի կատարած-չկատարածի պատասխանատուն չեն կարող նկատվել, այնպես էլ չեն կարող նրա անունով հանդես գալ: Այս պարագան, որոշ տարբերություններով, համընկնում է նաեւ Արցախի օրինակին: Արցախի ինքնուրույն հանդես գալը զորացնելու է Հայկական կողմի դիրքերը, ավելացնելու է ՀՀ-ի մանեւրելու հնարավորությունները: Արցախի պարագային, այս կենսական կետը անտեսվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ինչն առանց հետեւանքի չմնաց. ինչպես տեսնում ենք, Արցախն այսօր, գրեթե ամբողջությամբ, դուրս է մղվել բանակցային գործընթացից: Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ը ոչ կարող է մնալ պատմության մեջ եւ ոչ էլ պետք է պատմական փորձն անտեսի: Պատմական փորձը ռազմավարական պաշար է, որի անտեսումն անհեթեթություն է: Թուրքիայի հետ, ներկա դրությամբ, առավելագույնս նախատեսելի է ՍՈՎՈՐԱԿԱՆ եւ զգուշավոր հարաբերություն, անվտանգության բոլոր նկատառումները առաջնային համարելով: Ենթադրել, որ ներկա Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ ԲՆԱԿԱՆ հարաբերություններ, մեղմ ասած, ինքնախաբեություն է: Թուրքիան, այսօր եւս, պետական մակարդակով եւ ծրագրերով թունավորում է իր քաղաքացիներին: Միայն անցյալ տարվա ընթացքում, կրթության նախարարության թելադրանքով, թուրքական դպրոցներում ավելի քան 10 միլիոն անչափահաս թուրք երեխաների ցուցադրվել է «Սարի գելին» տեսաժապավենը, որտեղ ներկայացվում է թե հայերը ինչպես են սպանել ու խաշել թուրք մանուկներին: Նախարարությունը պարտադրում էր, որ հայկական դպրոցներում նույնպես ցուցադրվի այդ տեսաերիզը, որի դեմ բողոքեց Պոլսո հայ համայնքը, պահանջելով, որ հայկական դպրոցներին չպարտադրվի այդ տեսաերիզը` չբորբոքելու ու չվիրավորելու համար հայ երեխաներին: Անհնարին է չիմանալ, թե ինչ սադայելական հեռավոր նպատակներից ելնելով է կարելի թունավորել միլիոնավոր երեխաների ամբողջ էությունը` փոքր հասակից հայատյացության սերմեր ցանելով նրանց գիտակցության մեջ: Ենթադրել, որ նման մի պետության հետ կարելի է ունենալ բնական հարաբերություն, նշանակում է սեփական ժողովրդի եւ երկրի ճակատագիրը լուրջ ռիսկի ենթարկել: Թուրքական պետականությունն իր ներքին կայունությունը կերտում է արտաքին մնայուն տագնապներ հրահրելով: Առանց տագնապի նմանօրինակ պետությունը չի կարող գոյատեւել: Միայն կայուն եւ հզոր Հայաստանի գոյությունը կարող է Թուրքիային պարտադրել հեռու մնալ արկածախնդրությունից: Գալով ձեր հարցադրման բուն կետին, թե ինչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ դուրս գան ստեղծված կացությունից, ասեմ, որ մենք չենք կարող ասել, թե ինչ պետք է անեն կամ չանեն ՀՀ իշխանությունները: Մենք, որպես ցեղասպանությունից վերապրած Սփյուռքի հայեր, մեզ թույլ չենք տա ՀՀ ցանկացած իշխանության հորդորներ կարդալ եւ թելադրանքներ կատարել. մենք մեզ չենք վերապահում նման իրավունքներ: Սակայն կարող ենք մատնանշել մեր լուրջ մտահոգությունն ու խոր ցանկությունը: Կցանկանանք, որ ամեն ինչ ընթանա ՀՀ Սահմանադրության ոգով ու թելադրանքով, որպեսզի Գործադիր իշխանությունը` ՀՀ ԱԺ-ի մասնակցությամբ, ստանձնեն հավաքական պատասխանատվություն` տեղի չտալով թուրքական շանտաժին, խաբեությանն ու սրիկայությանը, որի դեմ հայկական Սփյուռքն իր միջոցներով ու առանց աջակցության պայքարել է վերջին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ու հաղթական էջեր արձանագրել: Մեր բուն երազանքը միասնական ջանքերով Հզոր Հայաստան ունենալն է, իմաստուն ու օրինապահ իշխանություն եւ պետություն ու ժողովուրդ միակամ տեսնելը: Չմոռանանք, որ աշխարհում չկա մի երկիր, որի ժողովուրդը ազատ չէ, իսկ պետությունը անկախ: Պետությունը, եթե սեփական ժողովրդին որպես իրեն հենարան չունենա, էլ ինչի եւ ում վրա հենելով է անկախ: Բուն մտահոգությունն այն է, որ չուղղվի կատարված սխալը եւ հայ-թուրքական բանակցություններում տիրող տրամաբանությունը հաստատվի որպես ուղենիշ ու նախընթաց: Բուն վտանգը, այսօր, հասցեագրված է ո՛չ թե Սփյուռքին այլ Արցախին: Եթե չփոխվի տիրող մտայնությունը` միամտությունը, եւ ազատագրված տարածքներից կատարվի այնպիսի զիջումներ, որոնց մասին հոլովում են վարագույրների ետեւում, երբեմն էլ առանց սթափվելու բացեիբաց, տեղի կունենա անդառնալին: Նորից կկրկնվեն Հայոց Պատմության տխուր եւ սեւ էջերը` կխաթարվի ազգային միասնությունը, կվտանգվի Հայաստանի, ներառյալ Արցախի անվտանգությունը, կկոտրվի հայ զինվորի եւ Հայության Մարտունակության Ոգին: Չպետք է մոռանալ, որ Հայությունը ճաշակել է խաղաղապահ կոչված միջազգային հովանավորող ուժերի շնորհած «ապահովության» արդյունքները ե՛ւ Կիլիկիայում ե՛ւ Արեւմտյան Հայաստանում: Բոլորովին անհրաժեշտ չէ փորձվածը կրկին փորձել, այս անգամ Արցախում եւ հարակից ազատագրված տարածքներում: Ցեղասպանությունն ու Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի հայաթափությունը ճաշակած Հայը ե՛ւ Արցախում ե՛ւ ամենուրեք չի վստահելու, չի կարող վստահել ոչ մի բարեկամ կամ թշնամի խաղաղապահ կամ միջազգային ուժի ողորմության: Ուրեմն չպետք է կատարել անդառնալի եւ կործանարար սխալ:

No comments: