Sunday, January 16, 2011

Դաշնակցությունը ծերանում է՞,

թե իր հարցերն են լուծվե՞լ թուրքերի հետ
Թեհրանում հրատարակվող ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթը, 25 դեկտեմբերի 2010 թվի իր համարում, «120-ամեայ անշեղ ուղին» հոդվածաշարի հերթական հոդվածով՝ «Հ.Յ. Դաշնակցութիւնը` Հայ Դատի վերանորոգ պահանջատիրութեան առաջնորդի դերում» վերնագրի ներքո, վիքիլիքսյան քողազերծումների ոգով տոգորված 35-ամյա որոշ «գաղտնիքներ բացահայտեց» ընթերցողի համար:
Պարզվում է.
- 1915թ. Հայոց Ցեղասպանությունից հետո, մինչև 1975 թվականը, Հայ Դատի առնչությամբ որևէ գործնական աշխատանք չի տարվել:
- ՀՅԴ նախաձեռնություններն իրագործման հնարավորություն ունեցան «խրուշչովեան շրջանի քաղաքականութեան մեղմացումով»:
- Մինչև 1975թ. այսինքն՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ¥ԱՍԱԼԱ¤ ծնունդը, «Հայ Դատը և Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչել տալու նպատակով` սփիւռքահայ քաղաքական միտքը պայքարի առաջին պլան-ռւմ չուներ «Թուրքիայի կառավարութեան դատապարտման և պատասխանատւութեան կանչելու հարցը», այլ միայն դրանից հետո է ինչ «առաջին պլան է մղում» այն:
- Դասական կուսակցությունների, այդ շարքում առաջինը ՀՅԴ-ի, գործելաոճը Հայ Դատի հարցը մտցրել էր փակուղի:
- «Հայոց Ցեղասպանության արդարադատ մարտիկներ» խումբը պատկանում էր ՀՅԴ-ին:
- ՀՅԴ-ն «Հայ հեղափոխական բանակ» անունը ժամանակին օգտագործեց «Արդարադատ մարտիկներ»-ի երկու-երեք գործունեության համար հակակշռելու Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մեծ հնչեղություն ունեցող անվանն ու գործունեության, որն այնպես էլ չհաջողվեց:
- Որ եթե հայկական որևէ այլ կազմակերպություն չբարձրացնի ինչ-որ մի արդար հարց, այդ հարցը ՀՅԴ-ի կողմից երբեք առաջին պլան չի մղվելու, «ուստի խնդրում ենք չխաչաձևել…»:
- Որ Լիսբոնի հինգը հրկիզվեցին անմեղ տեղը, որովհետև ՀՅԴ-ին արյուն էր պետք: Որ 1983թ.-ից հետո Լիսբոնի հինգի «ինքնահրկիզումով», իր աշխատանքները դադարացրեց նաև «Արդարադատ մարտիկներ»-ի խումբը: Եվ դրանից հետո, ամեն տարի ՀՅԴ-ի կողմից, Անթիլիասին ենթակա հայոց եկեղեցիներում, կայանում է հոգեհանգստյան արարողություն Լիսբոնի հինգի և ինչու ոչ նաև «Հայոց Ցեղասպանության արդարադատ մարտիկներ» խմբի հոգու խաղաղության համար:
Տրամաբանական մտահանգում՝
Վերոհիշյալից հավանաբար կարելի է եզրակացնել, որ կամ Դաշնակցությունն է ծերացել՝ դատողությունը կորցնելու իմաստով, կամ իր հարցերն արդեն լուծվել են թուրքերի հետ, քանզի հենց էս վերջերս էր, որ ՀՅԴ պաշտոնաթերթ՝ «Ալիք»-ի խմբագիր Դերենիկ Մելիքյանը, բարով, խերով, մեկնեց Թուրքիա, իսկ այսօր բացեիբաց իր թերթում գրում է, որ ՀՅԴ-ն ժամանակին «աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դիւանագիտական պաշտօնատարների» տեռորի է ենթարկել:
Տեղին է հիշել, որ «Արդարադատ մարտիկներ»-ի գործող տարիներին, ՀՅԴ-ն միշտ էլ հերքում էր իր ուղղակի կապը նրա հետ, իսկ «Արդարադատ մարտիկներ»-ը հայտարարում էին. «Ողջ աշխարհը թող իմանա, որ մեր զենքը միայն այն ժամանակ է գետին դրվելու, երբ Թուրքիան պաշտոնապես ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը և ընդունի որ հայության ներկայացուցիչների հետ արդարության վերականգնման համար բանակցության նստի»:
Ահա «Ալիք»-ի հոդվածը «120-ամեայ անշեղ ուղին»
«Հ.Յ. Դաշնակցութիւնը` Հայ Դատի վերանորոգ պահանջատիրութեան առաջնորդի դերում»
«1965 թւականին Հայոց Մեծ Եղեռնի 50-ամեակով եւ Խորհրդային Միութեան իշխանութիւնների խրուշչովեան շրջանի քաղաքականութեան մեղմացումով` ծայր առաւ սփիռռքեան միասնութեան եւ Հայ Դատը համազգային տարողութեամբ հետապնդելու մի նոր ալիք, որն իր գործնական արտայայտութիւնը գտաւ Հ. Յ. Դաշնակցութեան միջոցով նախաձեռնւած պահանջատիրութեան ընդհանուր մթնոլորտի ստեղծումով:
Այսպէս` Հայ Դատը եւ Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչել տալու նպատակով` սփիւռքահայ քաղաքական միտքը պայքարի առաջին պլան է մղում Թուրքիայի կառավարութեան դատապարտման եւ պատասխանատւութեան կանչելու հարցը` արդարացիօրէն գտնելով, որ Ցեղասպանութեան միջազգայնօրէն ընդունումն ու դատապարտումը յանգեցնելու է Հայ Դատի լուծման անհրաժեշտութեանը:
Հայ Դատի լուծման համար մղւող պայքարը նախորդ դարի 70-80-ական թւականներին երկու ուղղութեամբ էր ընթանում` իրաւական-քարոզչական եւ զինեալ արդար պայքարի նոր դրսեւորումով: Այսպէս` դիւանագիտական, քաղաքական միջոցների կիրառման կողքին` որպէս Հայ Դատի լուծման համար մղւող պայքարի գործնական ձեւ` առաջ է քաշւում աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դիւանագիտական պաշտօնատարների ահաբեկչութիւնը: Նոր պայմաններում ահաբեկչութիւնը դառնում է ազգային-ազատագրական պայքարի այն ձեւը, որ պէտք է Հայ Դատի հարցը հանէր փակուղուց եւ նորից դարձնէր միջազգային յարաբերութիւնների օրակարգի հարց:
Այս իմաստով` ՀՅԴ «Հայոց Ցեղասպանութեան արդարադատ մարտիկներ»-ի հանդէս գալը զուգադիպում է արդարութեան ու ինքնահաստատման այն պահանջին, որ ժամանակի ոգին է ծնել:
«Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» կազմակերպութիւնը գործեց մինչեւ 1983 թւականը, որի ընթացքում կազմակերպեց մեծ թւով ահաբեկչական գործողութիւններ` Եւրոպայի տարբեր մայրաքաղաքներում եւ ԱՄՆ-ում, որոնց մէջ աչքի է ընկնում յատկապէ 1983 թւականի Լիսբոնի հինգ մարտիկների ինքնահրկիզման սխրալի գործողութիւնը:
Հայ ժողովուրդը մէկ անգամ եւս աշխարհին ապացուցեց, որ ազգային-ազատագրական արդար պայքարի գաղափարն ու գործը ազգի արեան մէջ է. ուստի` հայ երիտասարդները, ղեկավարւելով նախնիների արեան կանչով, մահն աչքի տակ առած` պայքարի դուրս եկան Հայ Դատի լուծման ճանապարհին հայոց արդար պահանջատիրութեան նորովի վերարծարծմանն ու դրա առջեւ ցցւած լռութեան պատնէշների քանդմանը:
«Ալիք», 25 դեկտեմբերի 2010թ. Էջ` 1:

«Արաքս» թիվ 203

No comments: