Monday, August 1, 2011

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

7 Յուլիս. "Ազգ" օրաթերթում տպագրւում է լուր Նոր Ջուղայի Ս.Ամենափրկիչ վանքի որոշ մանրանկարների եւ իւղաներկ նկարչութիւնների Լոնդանում յայտնւելու մասին: 9 Յուլիս. հրատարակւում է Սպահանի Հայոց թեմի առաջին բացատրական հաղորդագրութիւնը "Ալիք"-ում, որն աւելի է հարցեր առաջացնում: Յամենայն դէպս այս հաղորդագրութեամբ հաստատւում է, որ Ն.Ջուղայի վանքի որոշ մանրանկարներ անհետացել են: Յուլիսի 14-ին հրատարակւում է Սպահանի առաջնորդարանի երկրորդ հաղորդագրութիւնը (տես էջ 13): Իրանահայ լրատւամիջոցներից մի քանիսը համատեղ յայտարարութեամբ բողոքում են Սպահանի Հայոց թեմին, այն բանի համար, որ հաղորդագրութիւնը յանձնել են միայն "Ալիք"-ին (տես էջ 12): Դժգոհում է նաեւ "Հայելի" կայքը, գրելով. "Պիտի հասկանանք, որ այսօր ինչ որ բան թաքցնելը շատ դժւար է ու դրան ուղղւած անարդիւնաւէտ ջանքերն արժէ ուղղել բուն հարցերը լուծելուն": "Հայելի"-ն սակայն քննադատում է նաեւ անպատասխանատու ինտերնետային "մեկնաբանութիւնները". "Ամենաանմակարդակ, էժան, անգրագէտ ձեւերով մարդկանց գող են անւանում": Այսպիսով մանրանկարների անհետացման դէպքը, իրարանցում է ստեղծում ողջ իրանահայ համայնքում. այժմ հարցը ոչ միայն մի քանի նկարների գողացման մասին չէ, այլ մեր ողջ համայնքային գործելաոճի եւ կառոյցի, ինչպէս բացատրւել է հետեւեալ յօդւածում:


ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԸ
ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ 7 ՍՐԲԱԶԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Նոր Ջուղայի Սբ.Ամենափրկիչ վանքից գողացւած նկարների խնդիրը դեռեւս մնում է մութի մէջ, իսկ նոյն առիթով Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդարանի Դիւանի (ՍՀԹԱԴ) հրապարակած լուսաբանական զոյգ հաղորդագրութիւնները աւելի խտացրեցին այդ մութը, իհարկէ, զուտ խորհրդապահական նպատակներով:Փոխարէնը դրանք առատ լոյս սփռեցին մեր Ազգային Իշխանութիւնների ազգաշէն աշխատաոճի եւ նրանց ղեկավարող 7 սրբազան սկզբունքների վրայ: Բայց ինչքան ուզում ես լոյս սփռիր, երբ մի խումբ կամաւոր կոյրերն ու խաւարամիտները չեն կարողանում եւ աւելի շուտ չեն ուզում աչքերը բաց անել ու տեսնել, աւա՜ղ, ի՞նչ կարող ես անել:
Այդ բոլորով հանդերձ մենք, որպէս մի ազատ մտաւորական, մեր պարտքն ենք համարում լուսաւորել խաւար ամբոխի միտքը եւ բացել նրա աչքերը, որպէսզի նա, այդ կոյր ու խաւարամիտ մարդկանց զոհը չդառնայ ամբոխը հասկանայ, թէ ի՞նչ է վերջապէս իշխանութիւնը, եւ ինչ սրբազան սկզբունքներով է նա ծառայում ի՛ր, շեշտում ենք, ի՛ր սեփական ժողովրդին: Եւ ահաւասիկ, այդ սկզբունքները, առանց հերթականութեան, որովհետեւ դրանք բոլորն էլ հաւասարապէս սուրբ են ու սրբազան:
Ա.- Խորհրդապահութիւն: Ձեռագրերից պոկւած նկարները գողացել են (իհարկէ Յարգելի Դիւանը պահպանելով իր դիրքին ու դրւածքին վայել պատշաճութիւն, հաղորդագրութեան մէջ գողութիւն բայը չի գործածել, այլ միայն ասւած է "յանցագործ", որովհետեւ յայտնի չէ, որ տւեալ պարագային "յանցագործը" մասնագիտութեամբ հէնց գող եղած լինի): Իսկ մեր նշած կամաւոր կոյրերը բողոքում են, թէ ինչո՞ւ մեր ազգային իշխանութիւնները ձէնը չեն հանել: Մէկը լինի, դրանց ասի, ախր ձեզ ինչ, յետոյ էլ նախ մի տեսէք, իմացե՞լ են ու ձէնը չեն հանել, թ՞է չեն իմացել ու ձէնը չեն հանել: Մինչեւ որ գողերը ("յանցագործները") իրենց չար բախտից ռաստ են եկել մի հալալ կաթ կերածի եւ նոր սրանից էլեկտրոնային պոստով են իմացել, թէ ինչ հող է եկել իրենց ու իրենց ժողովրդի, այսինքն մեր բոլորիս գլխին: Ձեր այս հարցին երկրորդ հաղորդագրութեան մէջ ամենայն պատասխանատւութեամբ պատասխանել են որ, չէ՛, չեն իմացել, մինչեւ որ մէկ թէ երկու հալալ կաթ կերած Անգլիայից ու Ֆրանսիայից էլեկտրոնային նամակներով իրենց յայտնել են, թէ բա չասէք, էսպէս ու էսպէս: Բայց դա ի՞նչ կարե-ւոր է, վերջապէս, միթէ՞ Իշխանութիւնը նրա համար է, որ նստի, տեսնի, ո՞վ որտեղի՞ց ե՞րբ ի՞նչ է գողանում, բա ազգային գործերին ե՞րբ հասնի: Տւեալ պարագային կարեւորն այն է, որ երբ էլ իմացել են էլի ձէնը չեն հանել, ինչո՞ւ, հարցնում են կամաւոր կոյրերը, պարզ չի՞, որ գողը չփախչի, մէկ. մէկ էլ, որ ամէն մարդ չիմանայ, որ վանքի թանգարանում թանկարժէք մասունքներ են պահւում: Հիմա էլ երեւի կը հարցնէք.- բայց գողը որտեղի՞ց չփախչի, Ջուղայի՞ց, թէ՞ Անգլիայից: Ա՛յ անմակարդակներ, ասել հայաստանցին, էտ ի՞նչ ցանցախ-ցանցախ հարցեր էք տալիս: Մարդիկ վեց տողի մէջ վեց անգամ ասել են ստուգում ենք, հետապնդում ենք, հետախուզում ենք, որ պարզենք, հիմա դուք ուզում էք գան ու միանգամից գողի, ներեղութիւն, "յանցագործի" անունն ու տեղն էլ ձեզ ասե՞ն: Միւս կողմից, ենթադրենք, որ իմանում են, պիտի դնեն զուռնեն ու փչեն: Բա դուք ե՞րբ էք ուզում պետական մտածողութիւն սովորէք, ու գոնէ մի քիչ, մի քիչ հասկանաք, թէ ինչ է նշանակում պետական գաղտնիք: Հէնց էսքանն էլ, որ իմացել էք աւելորդ է եւ մեծ վնաս է տւել գործին: Ամենամեծ վնասը հէնց էն է, որ մարդիկ, միտքս` մեր իշխանները, ազգի թամամ գործերը թողած պիտի ընկնեն գողի յետեւից ման գան, ժողով դնեն, հաղորդագրութիւն շարադրեն, հասարակական հանդիպում հրաւիրեն, թէյասեղան տան ու ձեր ցանցախ հարցերին պատասխանեն:
Աւելացնենք, սիրելի ժողովուրդ, որ խորհրդապահութիւնը մեզ համար, ոչ միայն սկզբունք է, այլ ազգային սրբութիւն, նոյնիսկ աւելի քան խնդրոյ առարկայ կողոպտւած, աւետարանները: Խորհրդապահութիւնը մեր ազգային կեանքում նոյնպէս վաղեմութիւն ունի, այնքան, որ մեր ազգային նկարագրի անբաժան մասն է կազմում եւ մեզ թելադրում է, որ "մեր ձէնը մեր տնով անենք" մանաւանդ եթէ, Աստւած մի արասցէ, գողն էլ տնից լինի:
Ուրեմն, մեր սիրելի ժողովրդին ասեմ, սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, իմացած կաց, որ խորհրդապահութիւնը կոծկելու հետ երկնքից գետին տարբերութիւն ունի: Ու մէկ էլ էս աշխարհում բաներ կան, որ ինչքան չիմանաս համ դու ես հանգիստ, համ իշխանութիւնները, օրինակ Ջոն Էֆ Քենեդու կամ Բենազիր Բութոյի սպանութիւնը, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Նոր Ջուղայի ակումբի մեծածախս վերանորոգման ու հանդիսաւոր վերափակման խորհուրդը, Թոհիդ պողոտայի ութ յարկանի շէնքի շահն ու վնասը, հայ ժողովրդի յաւերժութեան, ոմանց կարծիքով յաւերժ դժբախտութեան առեղծւածը...գողացւած ապրանքի աճուրդի տեղը, թւականը, աճուրդի ընկերութեան անունը եւ այլն, եւ այլն: Ախր, ժողովուրդ ջան, էս ամէնը քո ինչի՞ն են պէտք: Չէ՛, դու էդ կամաւոր կոյրերի "անհիմն մեկնաբանութիւններին" մի լսի, ու հանգիստ քեզ համար ապրի, թող իշխանութիւններն էլ հանգիստ մտքով ու մանաւանդ խղճով իրենց գործը անեն: Լա՛ւ, անցնենք յաջորդ սկզբունքին:
Բ.- Պրոֆեսիոնալիզմ (արհեստավարժութիւն): Առաջին Հաղորդագրութիւնը պարզ ու որոշ հաղորդում է."Անմիջապէս կապւել ենք մեզ վստահած մասնագէտի հետ, աւելի մօտիկից ստուգելու հարցը եւ մեզ տեղեակ պահելու, ..." Թէ անմիջապէս ինչի՞ց յետոյ, պարզում է երկրորդ հաղորդագրութիւնը, (Անգլիայից եւ Ֆրանսիայի իրենց բարեկամների էլեկտրոնային նամակներից յետոյ), բայց թէ ովքե՞ր են իրենց բարեկամներն ու մասնագէտները, ըստ նախորդ սկզբունքի, կարեւոր չէ, (բայց ախր դու կարեւորն ու անկարեւորն էլ իրարից չես ջոկում), կարեւորն այն է, որ դիմել են իրենց վստահած մասնագէտներին, ինչո՞ւ, շատ պարզ է, որովհետեւ մենակ վստահելի մարդիկ կարող են մօտենալ դարերից ժառանգած մեր ազգային հարստութեանը, տւեալ դէպքում ձեռագրերին, եւ մօտիկից "ստուգել" դրանք: Ահա քեզ զիմաստութիւն եւ զխրատ:
Երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ մեր Ազգ. Իշխու.-ում ամէն ինչ ստուգւում է մօտիկից, ոչ թէ որոշ պարապ մարդկանց նման, որ հեռուն նստում են ու իրենց "անհիմն մեկնաբանութիւններով", միտք են պղտորում: Իրականութեան մէջ մեր իշխանութիւնները արհեստավարժ կերպով այդ միտք պղտորող մարդկանց հեռու են պահում ազգային դրւածքից, թէ չէ, ով է իմանում ինչեր չէին պատահի վանքում:
Երրորդ ոչ պակաս կարեւոր խնդիրն այն է, որ նոյնիսկ չեն մոռացել մասնագէտներին յանձնարարել, որ մօտիկից ստուգելուց յետոյ իրենց էլ տեղեակ պահեն, այդպէս էլ ասւած է առաջին հաղորդագրութեան մէջ:
Արհեստավարժութեան ցայտուն օրինակներից մէկն էլ այն է, որ մեր Ազգ. Իշխ-ը նոյն երկու գործը կատարում է երկու տարբեր ռազմավարութեամբ՝ թէ "առաջնահերթաբար", թէ "զուգահեռաբար": Հասկացա՞ք: Ո՞չ: Դէ, բարի եղէք ձեզ մի քիչ նեղութիւն տալ եւ մեզ նման մի քանի անգամ կարդալ բ. հաղորդագրութեան նախավերջին պարբերութիւնը, որը, որքան մենք հասկացանք ուզում է ասել, որ իրենք աշխատում են առաջ ապրանքը ետ բերել, նոր յետոյ սկսել "յանցագործութեան բացայայտման գործընթացը", այսինքն՝ գողերին բռնելու գործը, որը "զուգահեռաբար եւ օրինական միջոցներով հետապնդւել եւ հետապնդւում է մեր կողմից":
Ուրեմն, ինչպէս տեսնում էք, սիրելի ժողովուրդ, մեր ազգային հարստութիւնը գտնւում է վստահելի ձեռքերում եւ մեր Ազգ. Իշխ.-ը ամէն ինչ արւում է բարձր մասնագիտական մակարդակով: Մնաց մի քանի աւելի աննշան նրբութիւններ, որ մենք էլ, սիրելի ընթերցող, չկարողացանք հասկանալ:
1-Մօտիկից ասելով մարդ են գտել, որ մօտիկից ստուգի, արդեօք վանքում ընդհանրապէս ձեռագրեր կա՞ն կամ մնացե՞լ են, թէ՞ մարդ են ուղարկել Լոնդոն, ներեղութիւն Անգլիա, հէնց "աճուրդի" վայրում գողերին բռնի:
2- Ձեռագրերը, որից հանւած են սոյն նկարները, հիմա իրենց տեղու՞մ են, թէ՞, Աստւած մի արասցէ...:
3- Ի՞նչ հաստատութիւն եւ ե՞րբ է աճուրդի դրել ապրանքը:
4- Եթէ ապրանքը օրը ցերեկով աճուրդի են հանել, էլ ինչի՞ համար է խորհրդապահութիւնը:
5- Դրանք վաճառւե՞լ են, թէ՞ ինչ:
6- Ինչո՞ւ է նկարների տակը պարսկերէնով բացատրութիւններ տրւած, արդեօք դրանք որեւէ տեղ ցուցադրւա՞ծ են եղել, եթէ այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ:
7- Ինչո՞ւ են երկրորդ հաղորդագրութեան մէջ դրանք կոչել "ցուցանմուշ":
Համբերութիւն ունեցիր, ժողովուրդ: Անհրաժեշտ կամ յարմար պարագային քո բոլոր հարցերի պատասխանը դու հաստատ կը ստանաս երրորդ հաղորդագրութեան մէջ, որովհետեւ Ազգ. Մարմինները, թէեւ գողութիւնը, ներեղութիւն "անհետացումը" (այդպէս է ասւած հաղորդագրութեան մէջ, որովհետեւ, յայտնի չէ, կարող է պատահել, որ պատառիկները հէնց իրենք են անհետացել, ինչքան էլ ներկայ դրութեամբ դրանց հետքերը տանում են "Անգլիա"): Ինչ եւ իցէ, անհետացումը "վաղեմութիւն ունի", բայց վաղեմութեան օրէնքը դրա վրայ չի տարածւում եւ թեմիս ներկայի ազգային մարմինները չեն խուսափում պատասխանատւութիւնից: Նրանք, հաստատակամ են վերադարձնել որեւէ կողոպուտ, երբ եւ ում ձեռքով էլ դա պատահած լինի, պայմանով, որ, եթէ բանի տեղ գիտէք, ձեր անհերքելի փաստերը էլեկտրոնային նամակներով եւ բարեկամաբար յայտնէք իրենց՝ որեւէ արտասահմանեան երկրից: Վստահ եղէք, որ ձեր անունները կը մնան գաղտնի:
Գ.-Օրինապահութիւն: "... որպէսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք:" շարունակում է ա. Հաղորդագրութիւնը, բ.-ում այս բառը կրկնւել է երկու անգամ: Ուրեմն, ինչպէս պարզ տեսնում էք, Ազգ. Իշխ.-ում ամէն ինչ արւում է "օրինական միջոցներով", թէեւ այքան էլ պարզ չէ, խօսքը ներքին օրէնքների մասին է, թէ՞ պետական ու միջազգային օրէնքի: Այստեղ, մեր խոնարհ կարծիքով, եւ թող ներողամիտ գտնւեն մեր յարգարժան իշխանութիւնները համարձակութեանս համար, գերադասելի են ներքին օրէնքները, այլապէս Ազգ. Իշխ.-ը ստիպւած կը լինի դաւաճանել իր ամենանւիրական սկզբունքին, որն է խորհրդապահութիւնը:
Բ. հաղորդագրութեան մէջ ազգային մարմինները խոստանում են նաեւ "օրինական միջոցներով" փակել "անհիմն մեկնաբանութիւններ" անողների բերանը, ինչը ներկայ պարագայում ազգային արժանապատւութեան առաջնահերթ խնդիրն է :
Եւ քանի որ խօսքը օրինականութեան մասին է, ասենք, որ մեր Ազգ. Իշխ.ի ոչ մի կանոնագրութեան մէջ չփնտրէք "Դիւան առաջնորդարանի" անունով մարմին կամ կառոյց կամ նման մի բան, բայց դէ, նման բան, ուզենք, թէ չուզենք, գոյութիւն ունի, եւ այնքան էլ մէջքը պինդ է, որ կարողանում է Թեմակալ Առաջնորդի, Պատգամաւորական Ժողովի, Թեմական ու Կրօնական Խորհրդների եւ բոլոր մանր ու խոշոր ազգային մարմինների անունից յայտարարութիւններ անել: Սա, իհարկէ չի նշանակում, որ այդ մարմինները խուսափում են պատասխանատւութիւնից եւ հանդէս են գալիս գոյութիւն չունեցող "Դիւանի" անունով, այլ միայն ու միայն խորհրդապահական նկատառումներից ելնելով են գրաւոր փաստաթղթում այդպէս հանդէս եկել:
Դ.-Նպատակասլացութիւն: Հաղորդագրութեան մէջ պարզ ու որոշ ասւած է, որ ազգային մարմինները միասնաբար այս բոլորը անում են. "...ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով:" Մարդիկ այս կարեւոր հանգամանքը շեշտել են, որ յանկարծ որոշ անգիտակից մարդիկ անհիմն (էշ-էշ) մեկնաբանութիւններ չանեն ու չկարծեն, թէ, Տէրը մի արասցէ, այս բոլորը աննպատակ է արւում կամ էլ դրա յետեւում ուրիշ նպատակ կայ:
Ե.- Նախանձախնդրութիւն: Սե-ւով սպիտակի վրայ գրել են. "Սպահանի Հայոց Թեմի Ազգային Մարմինները նախանձախնդիր են" եւ մանաւանդ շեշտել են, որ այդ նախանձախնդրութիւնը գլխաւորում է Սրբազան Հայրը: Էլի չէ՞ք հաւատում, ա՜յ անհաւատներ:
Զ.-Պատասխանատւութիւն: Սրա կենդանի վկան էլ հէնց այս զոյգ հաղորդագրութիւններն են, գումարած Նոր Ջուղայի բոլոր միութիւնների եւ կազմակերպութիւնների հետ հրաւիրւած հանդիպումը, որտեղ սպառիչ զեկուցումներով ամէն ինչ պարզ բացատրեցին Թեմակալ Առաջնորդն ու Թեմական Խորհրդի նախագահը: Էլ ի՞նչ էք ուզում: Ե՞րբ էք տեսել, որ մեր յարգարժան իշխանութիւնները ընդամէնը հինգ օրում երեք անգամ զեկուցում տան նոյն խնդրի մասին եւ գրաւոր ու բանաւոր լեզւով ասեն ու կրկնեն, թէ ազգային մարմինները, բոլորով անխտիր, պատասխանատւութիւնից չեն խուսափում, հասկանո՞ւմ էք, բո-լո-րով, այսինքն, թէեւ, ըստ կանոնագրի, վանքի թանգարանը գտնւում է Թեմական Խորհրդի բարձր հովանա-ւորութեան ներքոյ, սակայն գերեզմանատան վարչութիւնն էլ իր բոլոր անդամներով նոյնքան պատասխանատու է թալանւած ձեռագրերի համար, որքան, ասենք, որեւէ թալանւած, հեռը տնիցս, գերեզմանի համար:
Ուրեմն, սիրելի ժողովուրդ, էսօրւանից կարող էք, ով որ վանքը ոտ է դնում, դռնապանից մինչեւ առաջնորդը, եախեն բռնէք ու ոչ թէ բնակարան ու խանութ պահանջէք, այլ ասէք, բա մեր ձեռագրերը: Էլ ի՞նչ էք ուզում, ա՛յ, ա՛յ, ա՛յ, ա՛յ, ......, ........., ........., եր:
Եւ վերջապէս սկզբունք եօթերորդ.
Է.- Տիրակալութիւն: Թեմական խորհուրդը դիմում է "մեր", այսինքն իրենց ժողովրդին, եւ քանի որ այդ "մերի" սահմանները ճշտւած չեն, ուրեմն կարելի է եզրակացնել, որ խօսքը ողջ հայ ժողովրդի մասին է, եւ մեր Ազգ. Իշխ.-ը անխտիր համայն հայութեան իշխանութիւնն է, որի համար ամենեւին էլ մերոնք ու այլոք գոյութիւն չունի, հէնց դրա համար էլ մենք եւս մեր հերթին պարտք համարեցինք նրան կոչել մեր իշխանութիւն, որովհետեւ, եթէ ժողովուրդը իշխանութեանն է պատկանում, ուրեմն իշխանութիւնն էլ ժողովրդին է պատկանում, այսինքն՝ ժողովրդի տէրն ու տիրակալն է: Հիմա այդ կամաւոր կոյրերը անհիմն կերպով պնդեն թէ հայ ժողովուրդը անտէր է: Անտէրը դու՛ք էք, ա՛յ բացբերաններ:
Ահա, սիրելի ժողովուրդ, այս ամէնից յետոյ ինչ անուն տաս նրանց, որ զոյգ հաղորդագրութիւնների էութիւնը առանց հասկանալու կասկածի ենթարկեցին դրանց մեջ թաքնւած խորհուրդը: Առաջինին ասացին, կարճ է ու ոչինչ չի ասում, եկան երկրորդը երկարացրեցին, էլի ասացին երկար է ու էլի ոչինչ չի ասում, մինչդեռ, մենք անհերքելի փաստերով եկանք ապացուցելու, որ չուզողի աչքը դուրս, հաղորդագրութիւնները շատ լաւ էլ սեղմ են ու բովանդակալից, միայն թէ կարդացող ու հասկացող է պէտք:
Սիրելի ընթերցող, մենք եւս զուտ խորհրդապահական նպատակով, առանց խուսափելու պատասխանատւութիւնից սոյն գրութիւնը ստորագրում ենք՝ Ազատ Մտաւոր Ական:
Ազատ Մտաւոր Ական

«Յոյս» թիւ 103
27 Յուլիս 2011

No comments: