Saturday, August 25, 2012

Վերջապես որի՞նն է ՙԱմենայն Հայոց՚ տիտղոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն հակաթո՞ռ

Մինչև ո՞ւր են հասնում Տանն Կիլիկիո սահմանները ՙ


Այսուհետ բոլոր եկեղեցական արարողությունների ընթացքում` Արամ Ա կաթողիկոսին ՙԱմենայն հայոց՚ տիտղոսվ հիշել՚. հրահանգել է Անթիլիասի գահակալը

Այն օրվանից, 1995թ. հունիսի 28, երբ Լիբանանի թեմի առաջնորդ` Արամ արք. Քեշիշյանը ընտրվեց Անթիլիասի գահակալ և մանավանդ նրա` Արամ Ա կաթողիկոսի, Իրան կատարած անդրանիկ հովվապետական այցի (10-24 հունվարի1996թ.) ժամանակվանից, սկսվեց արծարծվել Տանն Կիլիկիո կաթողիկոսին ՙԱմենայն հայոց՚ տիտղոսով հիշելու խնդիրը, որը մեծ դժգոհանք առաջացրեց Կիլիկիո կաթողիկոսության ենթակա թեմերի և հատկապես իրանահայության, անգամ ազնիվ դաշնակցականների, մոտ: Քանի տարի անց, Թեհրանի հայոց թեմի ՙպատասխանատուները՚ թեմի բարձրագույն մարմնի` Պատգամավորական ժողովի, գլխից թռչելով, ինքնագլուխ, այդ անթույլատրելի սխալը ՙօրենք՚ դարձրեցին իրենց համար, սկզբում` պարսկերեն հայտարարություններում և ապա նաև` եկեղեցու արարողագրքի մեջ, ինչը խիստ քննադատության արժանացավ թերթիս կողմից, ավելի ուշ բողոք առաջացավ նաև Սպահանում և տեղի դաշնակցական պատասխանատուներից Թաթուլ Օհանյանը այդ մասին հանդես եկավ մի հոդվածով, որում բացատրեց, որ ՙԱմենայն հայոց՚ տիտղոսը միայն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գահակալին է վերապահված: Դրանից քանի օր անց Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովը քննարկելով հարցը որոշեց` ՍՀԹ եկեղեցիներում ՙԱմենայն հայոց՚ տիտղոսով չհիշել Տանն Կիլիկիո կաթողիկոսին և այդ որոշումը գործում էր մինչև վերջերս: Եվ ահա, իր վերջին հովվապետական այցից ¥7-24 մայիսի 2012թ.¤ կարճ ժամանակ անց, Անթիլիասի գահակալը հրահանգում է Սպահանի ՀԹ առաջնորդին` Այսուհետ բոլոր եկեղեցական արարողությունների ընթացքում` Արամ Ա կաթողիկոսին ՙԱմենայն հայոց՚ տիտղոսվ հիշել: Ի վերուստ եկած հրամանն այս անգամ տրվում է քահանաներին եկեղեցիներում հայտարարելու և գործադրելու համար և այդպես էլ լինում է: Բայց ո՞վ է տեսել մի երկիր երկու թագավոր ունենա, նույն եկեղեցին` երկու գլուխ: Իսկ ոնց են սխալն արդարացնում. Մայիսի 22-ին Թեհրանի Հայ համալսարականների ընդհանուր միությունում կազմակերպված հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց. ՙՙԱմենայն հայոց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՚, այս արտահայտությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մեջ հինեն ի վեր կգործածվե, Պատարագի մեջ կգործածեն, զանազան տեղեր կգործածեն, որը նշանակում է` Մեծի Տանն Կիլիկիո բոլոր հայերու՚: Բայց միթե՞ այսօր Կիլիկիա անունով հայաբնակ աշխարհագրական տարածք կամ երկիր գոյություն ունի, որի ողջ հայության կամ ամենայն հայոց մասին խոսք բանանք, որ հետո էլ բացատրենք, թեª ՙԱմենայն հայոց Մեծի Տանն Կիլիկիո՚ նշանակում է ՙՄեծի Տանն Կիլիկիո բոլոր հայերու՚: Այս հարցը յուրաքանչյուր անգամ երբ Արամ կաթողիկոսը Իրան էր այցելում ինչ-որ կերպ բարձրացվում էր, իսկ այս վերջին այցի ժամանակ այն շատ թեժացավ և անգամ Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քհն. Մելիքյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ. ՙՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել և այսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական և հանրային կյանքում՚: 1995-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Տանն Կիլիկիո ՙերկու կաթողիկոսութիւններն ալ համարժէք են եւ հաւասարազօր՚ հայտաարարելը, 2002 թվի հունվարին Կանադայում անթլիասական հակաթոռ թեմ հաստատելը, Արամ վեհափառին Իրանի պետական այրերի, կառույցների և հասարակայնության մոտ ՙԱմենայն հայոց կրոնապետ՚ ներկայացնելը, Թեհրանի թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում Վեհին ՙԱմենայն հայոց՚ տիտղոսով հիշելը և ահա Սպահանի հայոց թեմին առաքված հրահանգը այդ կապակցությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ յուրաքանչյուր հայորդու մտքում, կամա-ակամա, առաջ է բերում այն հարցը, որ մինչև ո՞ւր են հասնելու Տանն Կիլիկիո սահմանները, արդյոք 1956 թվից սկիզբ առած երկպառակտումը շարունակելով Անթիլիասը ձգտում է վերածվել հակաթոռի՞: Մեր խոսքն ավարտենք Հայ Եկեղեցու երանելիներից մեկի Տ. Ներսես արք. Մելիք Թանգյանի բառերով. ՙՀայոց կաթողիկոսին է յատկացրած ՙԱմենայն Հայոց՚ տիտղոսը, Աղթամարի եւ Սսի կաթողիկոսները իբրեւ թեմակալ առաջնորդների շրջան ունեցողներ` կոչւում են ՙտանն Կիլիկիոյ եւ Աղթամարայ՚ կաթողիկոսներ՚:1 Ասել է թե` ՙԱմենայն Հայոց՚ տիտղոսը չի կարելի օգտագործել քմահաճորեն, որքան էլ, որ Տանն Կիլիկիո կաթողիկոսը լինի, կամ լիներ ազնիվ: 1-ՙՀայոց եկեղեցական իրաւունքը՚, Տ. Ներսես արք. Մելիք-Թանգյան, էջ 810, հրատարակություն ԹՀԹ Քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի: == Իրանահայ երեք թեմերի եկեղեցիներում, Ս. Պատարագի ժամանակ, նախապես միայն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գահակալի համար էր օգտագործվում ՙԱմենայն Հայոց՚ տիտղոսը, սակայն այժմ, Անթիլիասի հրամանով, Արամ կաթողիկոսը նաև հիշվում է այդ տիտղոսով, շփոթ ստեղծելով հայ հասարակության մտքում: Նախկինում` ՙՔհնյ. ¥Բարձրաձայն¤ Առաւելապէս ¥Յիշիր¤ մեր եպիսկոպոսապետին եւ ամենայն Հայոց պատւական հայրապետին` Տէր Տէր ……………. սրբազնագոյն Կաթողիկոսին, եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետին` Տէր Տէր ……….. սրբազնագոյն Կաթողիկոսին. եւ մեր վիճակի բարեխնամ Առաջնորդ Տէր …………… Եպիսկոպոսին ¥Վարդապետին¤ երկար օրեր շնորհիր, որոնք ուղիղ քարոզութեամբ սովորեցնում են մեզ Աստուածային խօսքերի ճշմարտութիւնը՚: ՙՊատարագամատոյց՚, Թեհրան, 1986թ., էջ 41: Հրամանավª Տ. Արտակ արք. Մանուկյանի: Այժմ` ՙՔհնյ. Առաւել եւս յիշի՛ր մեր Եպիսկոպոսապետ եւ Ամենայն Հայոց պատւական հայրապետին` Տէր Տէր Գարեգին շնորհազարդ Կաթողիկոսին ու նաեւ մեր Եպիսկոպոսապետ եւ Ամենայն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ` Տէր Տէր Արամ շնորհազարդ Կաթողիկոսին, Եւ մեր թեմի Առաջնորդ Տէր Սեպուհ Սրբազան Եպիսկոպոսին: Շնորհի՛ր, որ երկար օրեր առաջնորդեն մեզ ուղիղ վարդապետու-թեամբ՚: ՙՊատարագամատոյց՚, Թեհրան, 2000թ., էջ 53: Հրամանավª Տ. Սեպուհ եպիսկ. Սարգսյանի: «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23 օգոստոսի 2012թ.:

No comments: