Հայերն արհեստագործության եւ երկրագործության բնագավառներում
Առեւտուրն իր բնույթով միջնորդություն է արտադրողի եւ սպառողի միջեւ եւ չի կրում արտադրողի ստեղծագործ եւ տքնաջան աշխատանքի ծանր բեռն ու հոգնությունը: Այդ միջնորդի դերը հաջողությամբ կատարելով հանդերձ՝ հայերն առաջնակարգ տեղ էին զբաղեցնում նաեւ երկրի արտադրության մեջ: Շատ արհեստներ, որոնք ծաղկել եւ փառք են բերել երկրին, գլխավորապես հայ ստեղծագործ մտքի տքնության արդյունք են: Հայ արհեստավորները բազմաթիվ բնագավառներում չունեին իրենց մրցակիցները[1]:
Հայ արհեստավորներին անդրադառնալիս առաջին հերթին պետք է հիշատակել ճարտարապետներին, շինարար վարպետներին, քարակոփներին եւ որմնադիրներին, ովքեր դարեր շարունակ մեծապես մասնակցել են օսմանյան երկրի շինարարական ձեռնարկներին: Նրանք կառուցել են հանրային շենքեր, պալատներ, մզկիթներ:
Հայերի կողմից է կառուցվել Հայդար Փաշա-Բաղդադ երկաթուղու կարեւոր մասը: Պետական շինարարությունը` արքունի ճարտարապետությունը, սերնդեսերունդ գտնվում էր Պալյան գերդաստանի պատասխանատվության տակ: Այս բացառիկ ընտանիքի 9 անդամները, շուրջ 2 դար իրար հաջորդելով, վարեցին արքունի ճարտարապետի պաշտոնը եւ Կոստանդնուպոլիսը զարդարելով հրաշակերտներով՝ իրենց բարձր արվեստի կնիքը թողեցին սուլթանների մայրաքաղաքի վրա[2]: Պալյաններից առաջ` Սինան Մեծից[3] սկսած, արքունի հայ ճարտարապետների մի ամբողջ շարան է եղել Կոստանդնուպոլսում, ովքեր իրենց տքնության բաժինն են բերել երկրի շենացման գործին[4]:
Գորգագործությունը մուտք է գործել երկիր եւ զարգացել հայերի միջոցով: Հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն Օսմանյան կայսրության հպատակ հայերի մասին գրել է, որ նրանք գործում էին ամենանուրբ եւ ամենագեղեցիկ գորգերը[5]: Առհասարակ, բոլոր արհեստները, որոնք ծաղկել են Oսմանյան կայսրությունում, ինչպես, օրինակ, գորգագործությունը, Եվրոպան հիշում է թուրքի անունով: Սակայն, այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն բոլոր գորգերը, որոնք հայտնի են փոքրասիական գորգեր անունով, պարզապես հայկական ձեռակերտներ են: Գորգագործությունը հայի նախընտրած արհեստներից մեկն էր: Կայսրության զանազան քաղաքներում` Սեբաստիայում, Կեսարիայում եւ այլուր, հայերի գործած գորգերը մեծ համբավ ունեին համաշխարհային շուկայում: 19-րդ դարից սկսած` նրանք զարկ տվեցին գորգի արտադրությանը[6]:
Երկրում մեծ հռչակ ունեին հայ զինագործ վարպետները: Կարնեցի զինագործները դարեր շարունակ զենք են մատակարարել օսմանյան բանակին:
Կարինում մեծ հռչակ ուներ զինագործների Վեմյան գերդաստանը: Քիչ չեն եղել արքունի հայ զինագործները, ովքեր զենքեր էին պատրաստում սուլթանների համար: Նրանցից շատերի գործերն այսօր պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում:
Կային արհեստներ, որոնք կարծես թե բացառապես հայերին էին վերապահված: Դրանցից մեկն, օրինակ, ատաղձագործությունն էր եւ, մանավանդ, կահույքագործությունը: XIX դարի 60-ական թվականներին նշանավոր էր կահույքագործների Քեմհաճյան գերդաստանը: Գալուստ Քեմհաճյանն առաջինն էր կայսրությունում, ով Կոստանդնուպոլսում հիմնեց կահույքի գործարան: Այստեղ արտադրված որակյալ, նրբաճաշակ կահույքը զարդարում էր կայսերական պալատները: Կահույքագործության մեջ Քեմհաճյան ընտանիքը բացառություն չէր: Հետագայում այդ գործին զարկ տվեցին ուրիշ հայ վարպետներ՝ հիմնելով փայտամշակման եւ կահույքի տարբեր գործարաններ[7]:
Խեցեգործությունը կայսություն մուտք է գործել XV դարում` Քյութահիայում հաստատված հայերի կողմից: Պարսկաստանից գաղթած հայ արհեստավորները զարգացման նոր որակ էին տվել հախճապակու արտադրությունը: XVIII դարի թուրք պատմագիր Էվլիա Չելեպին իր «Ուղեգրության» մեջ նշում է, որ Քյութահիայի երեք հայկական թաղերի բնակչությունը զբաղված է հախճապակու արտադրությամբ[8]: Հայ վարպետները հետամուտ եղան եւ կարողացան յուրացնել եվրոպական եւ, առանձնապես, ֆրանսիական կիրառական այս արվեստի նորությունները եւ իրենց արտադրանքը մրցունակ դարձրին եվրոպական շուկայում: 1914 թ. Քյութահիայում գործող երեք հախճապակու արտադություններն աշխատում էին Լոնդոնի եւ Փարիզի շուկաների համար: Այս արհեստը տարածվել է երկրի այլ քաղաքներում, ուր Պարսկաստանից գաղթած հայեր էին հաստատվել: Քյութահիայում արտադրված բազմաթիվ հախճապակյա իրեր այսօր պահվում են Լոնդոնի, Վենետիկի, Փարիզի եւ աշխարհի այլ խոշորագույն թանգարաններում[9]:
Հին ժամանակներից ի վեր հայերի նախընտրած արհեստներից էր ոսկերչությունը: Ոսկերչության կարեւոր կենտրոններից էին Կոստանդնուպոլիսը, Վանը եւ Կարինը, որոնք անվանի էին դարձել իրենց ոսկերիչներով[10]: XVIII դարի թուրք պատմագիր Էվլիա Չելեպին իր «Ուղեգրության» մեջ Կարինի հայ ոսկերչների մասին գրում է, որ նրանք աշխարհի ամենաճարտար վարպետներն էին[11]: XVIII եւ XIX դարերում Կոստանդնուպոլսի ոսկերիչների դասը գրեթե ամբողջովին բաղկացած էր հայերից: 1806 թվականի սուլթանական մի հրովարտակում հիշատակվող տասնյոթ լավագույն վարպետ ոսկիրչներից միայն մեկն էր հույն: Հայ արծաթագործների, ոսկերիչների եւ ակնագործների արտադրանքն իր որակով գերազանցում էր եվրոպականին: Հայ ոսկերիչները միաժամանակ թանկարժեք քարեր, հատկապես ադամանդ մշակող լավագույն արհեստավորներն էին: Հայերն այս արհեստի սկզբնավորողներն էին երկրում: Ադամանդ մշակող հայ վարպետները չէին զիջում Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի իրենց արհեստակիցներին[12]:
Ժամագործության մեջ հայերը նույնպես առաջնակարգ դիրքում էին: Հայ ժամագործների մեջ նշանավոր էր մեծանուն երգահան Տիգրան Չուխաճյանի հայրը` Գեւորգ Չուխաճյանը, ով սուլթան Մեջիդի արքունի ժամագործապետն էր: Նա հնարել է երգող ժամացույց: Իր վարպետությամբ հայտնի էր նաեւ ժամագործ Մկրտիչ Գալֆայանը, ում հնարած մեծ ժամացույցը լարվում էր տասը տարին մեկ անգամ: Նա մեծ հռչակ է ունեցել նաեւ որպես ոսկերիչ: Պատրաստել է օսմանյան զինանշանը: Եղել է սուլթան Մահմուդ Բ. ոսկերիչը[13]:
Զիլճյան գերդաստանի անդամները շուրջ 3 դար բարձրորակ ծնծղաներ են պատրաստել եւ հռչակվել ամբողջ աշխարհում: Այս գերդաստանի նախահայր Գրիգոր Զիլճյանը XVII դարում ծնծղաների պատրաստության արհեստը սովորել է Չինաստանում, իսկ այնուհետեւ կատարելագործել այն իր հնարամտության եւ գյուտարարական տաղանդի շնորհիվ: XIX դարում Քերովբե Զիլճյանը Անգլիայում ներկայացրել է իր ծնծղաները: Ավստրիացի երգահան եւ խմբավար Յոհան Շտրաուսը պատվիրել է այդ ծնծղաներից` նշելով, որ դրանց երեւան գալով լրացրել է իր նվագախմբի հարվածային գործիքների ակնհայտ պակասը: Զիլճյանները 1914 թ. ունեին ծնծղայագործության երկու գործարան: Նրանց պատրաստած ծնծղաներն իրենց որակով գերազանցել են եվրոպականին թե՛ իրենց հնչողությամբ եւ թե՛ դիմացկունությամբ: «Զիլճյան» փորագրությունը կրող ծնծղաներն այսօր գործածվում են աշխարհի բազմաթիվ սիմֆոնիկ, փողային եւ էստրադային նվագախմբերում[14]:
Կոշկակարությունը, որը կյանքի առաջին անհրաժեշտություններից մեկն է, կայսրություն է մուտք գործել կրկին հայերի կողմից: Այս ասպարեզում թուրքերը նույնպես ունեին իրենց արհեստավորները, սակայն հայերը, հետամուտ լինելով նորություններին եւ իրենց աշխատանքի կատարելագործմանը, առաջնակարգ դիրք գրավեցին այս ասպարեզում եւ նույնիսկ գործարաններ հիմնեցին[15]:
Կոշկակարությանից զատ, դերձակությունը, որը նույնպես հայերի նախասիրած արհեստերից էր, իր զարգացումնէ ապրել Կ.Պոլսում, Երզնկայում եւ երկրի այլ քաղաքներում: Կարնո հայ դերձակներն առաջնակարգ էին Թուրքիայում: Նրանք էին կատարում օտար վաճառականների եւ նույնիսկ կառավարության պատվերները: Եվրոպական հագուստները երկրի քաղաքներ մուտք են գործել հայերի եւ հույների միջոցով: XX դարի սկզբին հայերը հանդիսանում էին անգլիական նորաձեւության տարածող վարպետները[16]:
Հայ կինն իր բաժինն է բերել կայսրության մեջ արհեստների զարգացման գործին: Հայ կնոջ ճաշակն ու ստեղծագործելու ձիրքն ի հայտ են եկել ժանյակագործության մեջ: Եվրոպան այս աշխատանքները ճանաչում է հայկական ժանյակ՝ «տանթել արմենիեն» անվանումով: Այդ ժանյակները զարդարում էին սուլթանական հարեմի եւ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կանանց հագուստները: Ասեղնագործության մեջ իրենց աշխատանքներով նշանավոր էին Այնթափի հայուհիները, ում ձեռակետները, քաղաքի անունով, կոչվում էին «Այնթափի գործ»: Այս արհեստը տարածվել է Ուրֆայում, Մարաշում եւ այլ շրջաններում եւ դարձել շահութաբեր գործ[17]:
Աբդուլլահ եղբայրները եղել են օսմանյան լուսանկարչության հիմնադիրները: Նրանք արքունի լուսանկարիչներն էին: Գեւորգ, Ստեփան եւ Վիչեն Աբդուլլահ եղբայրների վարկը շատ բարձր էր սուլթանի մոտ: Աբդուլլահների մոտ էին լուսանկարվում Կոստանդնուպոլիս ժամանած եվրոպական երկրների մեծանուն այրերը[18]:
Թե մայրաքաղաքում եւ թե երկրի կենտրոնական քաղաքներում գրեթե ամբողջովին հայերն էին լուսանկարիչները, բժիշկները, դեղագործները, փաստաբանները եւ ազատ մասնագիտության այլ ներկայացուցիչները: Ինչպես ռուս պատմաբան Գոլոբորոտկոն է վկայում՝ քաղաքներում առանց հայերի չէր կարող գոյություն ունենալ տեխնիկայի, արվեստի, գիտության, արհեստագործության որեւէ ճյուղ[19]:
Երկրի ողջ երկրագործությունը, մանավանդ Արեւմտյան Հայաստանի տարածքում, քիչ բացառությամբ գտնվում էր հայերի ձեռքում: Այգեգործությունը, պարտիզպանությունը, գինեգործությունը, մեղվապահությունը, շերամաբուծությունը զարգանում էին հայերի շնորհիվ:
XIX դարում կայսրության մեջ երկրագործական նոր գիտելիքների առաջին տարածողները եղան Եվրոպայի երկրագործական համալսարաններում ուսանած հայ մասնագետներ Գրիգոր Աղաթոնը[20], Հակոբ Ամասյանը[21], Արամ Երամը[22]: Նրանց նախաձեռնությամբ Կ.Պոլսում եւ երկրի այլ քաղաքներում բացվեցին երկրագործական եւ անասնաբուժական վարժարաններ: Նրանք իրենց հրապարակումներով, պաշտոնական եւ մանկավարժական գործունեությամբ նպաստել են կայսրության գյուղատնտեսությունը գիտական նոր մեթոդներով զարգացնելու գործին:
Երկրագործության հետ կապված ասպարեզներից էին շերամաբուծությունը եւ մետաքսագործությունը, որոնց կարեւորությունը երկրի համար հայերը վաղուց ըմբռնել էին եւ զարկ տվել այդ ասպարեզներին: Պողոս ամիրա Պիլեզիկճյանը եւ Հակոբ Չելեպի Տյուզյանը XIX դարի սկզբներին հայտնվեցին մետաքսագործության ասպարեզում` Պրուսայում հաստատելով մանարաններ[23]: Այստեղ արտադրված մետաքսը մեծ պահանջարկ ուներ թե՛ ներքին եւ թե՛ եվրոպական շուկաներում: Կայսրությունում մետաքսագործության ծավալմանը սատարել է Մկրտիչ ամիրա Ճեզայիրլյանը` արդիականացնելով մետաքսի արտադրությունը: Նրա ձեռնարկություններում արտադրված մետաքսը 1851 թ. Լոնդոնի ցուցահանդեսում արժանացել է շքանշանի: Երկրում շերամաբուծությունը եւ մետաքսի արտադրությունը մեծ թափ են առել Գեւորգ Թորգոմյանի շնորհիվ, ով 1888 թ. հիմնել է Պրուսայի Շերամաբուծական վարժարանը, ուր 35 տարի շարունակ վարել է տնօրենի եւ ուսուցչապետի պաշտոնները: Այստեղ բոլոր մասնագետ դասախոսները նույնպես հայեր էին: Այս կրթական հաստատության շնորհիվ երկրում կիրառվեցին շերամաբուծության նոր գիտական մեթոդներ, եւ թուրքական մետաքսը մեծ պահանջարկ գտավ Եվրոպայում[24]: Եվրոպական սարքավորումներով հագեցած էր Ֆաբրիկատորյան եղբայրներին պատկանող` 1870 թվականին Խարբերդում հիմնված մետաքսի գործարանը, որն իր տեսակով միակն էր երկրի ասիական մասում: Այստեղ արտադրված որակյալ մետաքսը մեծ համբավ ուներ եվրոպական շուկայում: Այն մրցանակներ էր շահել միջազգային ցուցահանդեսներում եւ իր որակով չէր զիջում Լիոնի համբավավոր մետաքսին[25]:
Օսմանյան կայսրությունում տնտեսագիտությունը կիրառել եւ գիտական հիմքի վրա են դրել սուլթան Աբդուլ Համիդ Բ.-ի անձնական գանձերի նախարարներ Միքայել փաշա Փորթուգալյանը[26] եւ Հովհաննես փաշա Սագըզյանը[27]: Նրանք դասավանդել են Մյուլքեի բարձրագույն վարժարանում եւ կայսրությունում առաջին անգամ հիմնել տնտեսագիտության եւ քաղաքատնտեսության ամբիոններ, ուր երկար տարիներ դասավանդելով՝ երկրի համար պատրաստել են բազմաթիվ մասնագետներ: Նրանք թարգմանել են տնտեսագիտության մասին գրքեր, հեղինակել դասագրքեր եւ ստեղծել թուրքերեն մասնագիտական տերմիններ, որից զուրկ էր այդ շրջանի թուրքերեն լեզուն[28]:
Օսմանյան կայսրության տնտեսական կյանքում հայերի գրաված դիրքի մասին վկայում է հայերի 1915 թ. տեղահանության եւ կոտորածների ականատես Յոհաննես Լեփսիուսի մի նկարագրություն. «Հայերի տեղահանությունից հետո դատարկված բնակավայրերում արդեն, մի քանի բացառություններից բացի, ո՛չ որմնադիր էր մնացել, ո՛չ երկաթագործ, ո՛չ հյուսն, ո՛չ ատաղձագործ, ո՛չ բրուտ, ո՛չ դեձակ, ո՛չ կոշկակար, ո՛չ ոսկերիչ, ո՛չ դեղագործ, ո՛չ փաստաբան: Չկար այլեւս մեկ անձ, որ զբաղվում էր ազատ մասնագիտություններով եւ արհեստով»:
Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող
—————————————————-
1. Հայ գաղթաշխարհի պատմություն, միջնադարից մինչեւ 1920 թ., Երեւան, 2008, էջ 129:
2. Pars Tugaci, The Role Of The Balian Femili In Ottoman Architecture, Ստամբուլ, 1990:
3. Սինան ճարտարապետին հայութիւնն ապացուցուած, Անահիտ, 1931, N. Գ.-Դ., էջ 165-166։
4. Ս. Ճեվահիրճյան, Հայ ճարտարապետներ Օսմանեան կայսրութեան մէջ, Շիրակ , 1968, N. 6-7, էջ 251-273:
5. Հովհաննես Տեր-Պետրոսյան, Հայերու սատարը թուրք մշակոյթին եւ տնտեսութեան, Կահիրե, 1976, էջ 195:
6. Հայ Ժողովրդի Պատմություն, Զ. հատոր, Երեւան, 1974, էջ 464:
7. Հայ գաղթաշխարհի պատմություն, միջնադարից մինչեւ 1920թ., Երեւան, 2008, էջ 127:
8. Karo Kurkman, Magic of clay and fire A histori of Kutahya pootery and potters, Ստամբուլ, 2006:
9. Հայկական Սովետական հանրագիտարան, Զ հատոր, էջ 25:
10. Հովհաննես Տեր-Պետրոսյան, Հայերու սատարը թուրք մշակոյթին եւ տնտեսութեան, Կահիրե, 1976, էջ 206:
11. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր., Անթիլիաս, 1988, էջ 215:
12. Արմենակ Սագըզյան, Հայերու գեղարուեստական գործունէութիւնը Իկոնիոյ եւ Կ.Պոլսոյ սուլթաններու օրով, Անահիտ, 1933, հոկտեմբեր-դեկտեմբեր, էջ 34:
13. Թեոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1927, էջ 288:
14. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, Երեւան, 2002, էջ 47-48:
15. Հովհաննես Տեր-Պետրոսյան, Հայերու սատարը թուրք մշակոյթին եւ տնտեսութեան, Կահիրե, 1976, էջ 188:
16. Արշակ Ալպոյաճյան, Պատմութիւն Կեսարիոյ Հայոց, Բ. հատոր, Կահիրե, 1937, էջ 1520:
17. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր, Անթիլիաս, 1988, էջ 241:
18. Եսայի Տայեցի, Գեւորգ Ապտուլլահ կեանքն ու գործունէութիւնը, Բազմավեպ, 1929, N 1-7:
19. Հայ Ժողովրդի Պատմություն, Ե. հատոր, Երեւան, 1974, էջ 96-97:
20. Սահակ Տեր-Մովսիսյան, Հիշատակ Արամ Երամ էֆենտիի, Բազմավեպ, 1927, էջ 25-32:
21. Մկրտիչ Պոտուրյան, Հայ հանրագիտակ, Բուխարեստ, 1939, էջ 120-121:
22. Թորոս Ազատյան, Հայ պաշտօնատարներ Թուրքիոյ մէջ, Աղաթոն Գրիգոր, Ժամանակ, 1944, N 306:
23. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր., Անթիլիաս, 1988, էջ 265-266:
24. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր, Անթիլիաս, 1988, էջ 267:
25. Հայկ Վահե, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նյու Յորք, 1959, էջ 640-643:
26. Հ. Յ. Թորոսյան, Միքայէլ Փորթուգալ փաշա, Բազմավեպ, 1936թ., N. 8-12, էջ 331-334:
27. Հ. Պ. Սամուէլյան, Յովհաննէս փաշա Սագըզ. Կենսագրական, Հանդես ամսօրյա, Վիեննա, 1912 թ., թիվ 9, էջ 513-520:
28. Գրիգոր Խ. Քէօմիւրճյան, Յօդուածաշարք, գ. գգգ, Կենսագրական բաժին, Ստամբուլ,1947,էջ 7-15
Աղբյուր ՝ «ՀԵՏՔ» 26-10-2009
Saturday, November 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment