Thursday, July 1, 2010

Երթեւեկության ծախսը տալու գնով ուզում են փակել հայկական մի դպրոց…

Վերջին լուրերը «Ռոստոմ» աղջ. դպրոցի վերաբերյալ ԹՀԹ Թեմական խորհուրդը որոշել էր՝ 2009-2010 ուստարվա ավարտին փակել հայոց ազգային «Ռոստոմ» աղջ. դպրոցը: Սակայն երբ լուրը տարածվեց, դպրոցի աշակերտության ծնողները եւ ուսուցչական կազմը իրենց բողոքի ձայնը բարձրացրին որոշման դեմ: Թեմականը նախ փորձեց «իշխանական դիրքից լուծում տալ հարցին»՝ չստացվեց: Հետո Կրթական խորհրդի միջոցով աշխատեց «լեզու գտնել» ժողովրդի հետ՝ ԿԽ ատենապետ Հրայր Շահնազարյանը զոռով փրկեց իր օձիգը: Ապա «Ալիք»-ն առաջարկեց իր միջնորդությունը՝ ինչպես դրանից առաջ առաջարկել էր «Արամ» սրահի պարագային... «Համոզելու պլանը չգործեց», ժողովուրդը ուզում էր պահել «Ռոստոմ» դպրոցը, իսկ Թեմականը ամեն գնով ձգտում էր փակել այն: Այնուհետ հարցի մեջ մտավ համայնքի բարձրագույն մարմինը՝ Պատգամավորական ժողովը, որ քննարկումներից հետո, երեք նախապայմաններով, հաստատեց Թեմական խորհրդի որոշումը, ընդ որում առաջին եւ ամենակարեւոր նախապայմանը դպրոցի աշակերտության ծնողների համաձայնության ձեռքբերումն էր: Սակայն Թեմական խորհրդի համար գերադաս մամնի որոշումը այնքան էլ նշանակություն չունեցավ, դրա համար էլ մի նամակ տվեց Պատգամավորական ժողովի դիվանին, որ այդ նախապայմանը գործադրելի չէ եւ խախտելով թեմիս Կանոնադրությունը՝ կիրառեց ինքնագլուխ, հակականոնադրական ընթացք եւ շարունակեց «Ռոստոմ» դպրոցի փակման ծրագիրը: Աշակերտության ծնողները խիստ բորբոքված Թեմական խորհրդի ընթացքից, կիրակի, հունիսի 27-ի երեկոյան ժամը 6-ին, ավելի քան հիսուն հոգով ի մի եկան Առաջնորդարանում եւ Կրթական ու Թեմական խորհուրդներից պահանջեցին պատասխան տալ իրենց հակականոնադրական ընթացքի համար: Մոտ երկու ժամ հետո, Թեմական խորհրդի ատենապետ օր. Աիդա Հովհաննեսյանը խռոված դեմքով ներկայացավ եւ ոչ տրամաբանական ելույթ ունենալով ներկա ծնողներին ասաց՝ մենք մեր գործն անելու ենք, որովհետեւ որոշել ենք, դուք էլ ինչ ուզում եք արեք: Այդ օրը մինչեւ ժամը 22:30-ը ծնողները Առաջնորդարանում էին: Իսկ Կրթական խորհուրդը, որ ժողով ուներ նույն տեղում, խուսափեց դուրս գալ իր սենյակից: Ի հետեւումն այս ընթցաքի, աշակերտության ծնողները պայմնավորվեցին կրկին անգամ մի ստորագրահավաք կազմակերպել եւ դրանով Պատգամավորական ժողովից պահանջել, որ կարգի հրավիրվի Թեմական խորհուրդը: Երկու օր հետո, երեքշաբթի հունիսի 29-ին, «Ալիք» օրաթերթը ապատեղեկատվություն տարածեց, թե՝ «առաջնորդարանում ծնողների համախմբման դրդապատճառ է եղել այն անորոշութիւնը, որ երբ ժամանակն է արդէն իսկ արձանագրութիւնների եւ այդ ընթացքում ծնողները մատնւել են անորոշութեան եւ այդ անորոշութիւնը քիչ թէ շատ պարզեցնելու համար, համախմբւել են առաջնորդարանում»: Ինչն, ընդհանրապես չէր համապատասխանում իրականությանը: Ծնողներից եւ ոչ մեկը չէր եկել պարզելու թե ուր պիտի արձանագրի իր աղջկան, այլ եկել էր պահանջելու, որ Թեմականը ենթարկվի գերադաս մարմնին եւ չփակվի «Ռոստոմ» դպրոցը: Նույն հոդվածի վերջում «Ալիք»-ը ավելացնում էր, որ «վաղը ազգային առաջնորդարանում Կրթական խորհրդի հետ Թեմական խորհրդի կապ-ներկայացուցիչը եւ Կրթական խորհուրդը միասին կը հանդիպեն «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողների հետ»: Մյուս օրը իհարկե «սրբագրվեց այս սխալը» եւ տեղեկացվեց, որ Ծնողական խորհրդի հետ է լինելու հանդիպումը: Երեքշաբթի, հունիսի 29-ին, «Ռոստոմ» դպրոցի աշակերտության ծնողները համախմբվել էին դպրոցի դահլիճում, նոր ստորագրահավաք կազմակերպելու համար: Պատրաստվեց համախոսականը եւ հաստատվեց ողջ ներկաների ստորագրություններով եւ ուղարկվեց Պատգամավորական ժողովին: Պահանջը մեկն էր՝ ՉՓԱԿԵԼ «ՌՈՍՏՈՄ» ԴՊՐՈՑԸ: Իսկ մեկ օր հետո, «Ալիք»-ը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին, «Ռոստոմ» դպրոցի Ծնողական խորհուրդը հանդիպել է Կրթական խորհրդի հետ, ուր «Կրթական խորհրդի ատենապետը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ դպրոցների համատեղման նախագծի մասին», իսկ «Թեմական խորհրդի փոխատենապետ Սեւան Դանիէլեանը խօսելով «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողների մօտ առգոյ մտահոգութիւնների մասին, որոնք առնչւում էին դպրոցի աշակերտներին այլ դպրոց կամ դպրոցներ փոխադրելուն, նշեց, որ մշակւում են տարբեր ելքեր, որոնք յուսանք՝ նւազագոյնի իջեցնեն առգոյ մտահոգութիւնները՝ կապւած աշակերտութեան երթեւեկի, ուսումնական եւ այլ խնդիրների հետ»: Ահա թե ինչ մակարդակի են իջեցնում հարցը՝ երթեւեկության ծախսը տալու գնով ուզում են փակել հայկական մի դպրոց...

No comments: