Tuesday, May 22, 2012

ՆՈՐ ՓԱՍՏԵՐ ԹԱԼԱՆՎԱԾԻ ՄԱՍԻՆ

Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻՑ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԻՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՍՊԱՀԱՆԻ ՀԹ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ԻՐԱՆԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻՆ
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 21.05.2012թ.: Վերջերս մեր ձեռքն անցավ Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից թալանված և ապա Վանք վերադարձված գրչագիր գրքերից պոկված էջերի ու նաև դրանց հետ միասին երկու նամակների պատճեններ. առաջինը՝ ՍՀԹ առաջնորդ Տ. Բաբգեն եպիսկ. Չարյանի ստորագրությամբ, 10 դեկտեմբերի 2008թ., իսկ եկրորդը՝ ՍՀԹ Թեմական խորհրդի ստորագրությամբ, 29 դեկտեմբերի 2008 թվակիր, որոնք շնորհակալագրեր են՝ հղված այն մարդուն, ով թանգարան է վերադարձրել թալանված իրերից տասը նմուշ: Վերոհիշյալ նամակների վրա արձանագրված թվականները վկայում են նրանց չորսամյա հնության մասին, սակայն այն ինչ դրանց արդիականացնում՝ այժմեականություն է տալիս, այն է, որ այդ ուրախ լուրի՝ թանգարանային իրերի վերադարձի, նկատմամբ Առաջնորդի և Թեմական խորհրդի ժամանակին և մինչ այժմ որդեգրած քար լռությունն է: Ի՞նչն է Սպահանի հայոց թեմի Առաջնորդին ու Թեմական խորհրդին մղել այս հարցով քար լռություն պահպանել ու ոչ թափանցիկ գործունեություն վարել, հետևաբար և հարցերը «խորհրդապահորեն» լուծելու տարել: Ի՞նչն է նրանց պարտադրում չպատասխանել իրանահայ մամուլի բարձրացրած հարցերին, և ի վերջո ինչը՞ կամ ո՞վ է արգելում նրանց Վանքից անհետացած իրերի ցուցակը հրապարակել: Թեմական խորհուրդը, գողերին թողած, ամենայն լրջությամբ ազդարարություն է կարդում իրանահայ մամուլի գլխին, շեշտելով, որ. «Իրանահայ մամուլի որոշ օրգանների եւ կայքէջերի միջոցով Թեմիս մարմինների եւ ազգայինների նկատմամբ տարածւող զրպարտանքները կանխելու նպատակով, Խորհուրդս դատախազութեան միջոցով գանգատ է ներկայացրել այդ ուղղութեամբ աշխատող ոստիկանութեան բաժանմունքին»: ՍՀԹ Պատգամավորական ժողովի վերջին տարեկան տեղեկագրում, Սպահանի Թեմական խորհուրդը զեկուցելով Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանի մասին, մյուս կողմից նաև հաստատում է, որ թանգարանի թալանում դերակատար են եղել «Առաջնորդարանի պաշտօնեաներ» և որ արդեն «մինչև դատական գործի աւարտը եւ վճռի հրապարակումը, … առկախվել է նրանց աշխատանքը եւ այդ մասին պաշտօնապէս փոխանցւել ենթականերին»: Սպահանի Թեմական խորհրդի նման պահվածքը և գործունեությունը ընդհանրապես վստահություն չի ներշնչում եւ պարտավորեցնում է կրկին անգամ հարց բարձրացնել այն մասին, թե ինչու չի հրապարակվում թալանվածի ամբողջական ցանկը: Եվ ահա այս նոր փաստի հրապարակ գալը թույլ է տալիս ենթադրել, որ թալանված, անհետացած թանգարանային իրերի թիվը շատ ավելին է, քան այն ինչի մասին խոսում են Սպահանի «ազգային մարմինները»:

No comments: