Thursday, July 15, 2010

Մեր զգաստության հրավերը եւ «Ալիք»-ի խուլ ականջները ...…կամ «ով որ դաշնակցական չէ, հայ չէ՞»

Սույն թվի հուլիսի 15-ին, իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներս՝ «Արաքս» շաբաթաթերթ, «Լույս» ամսագիր եւ «Իրանահայեր» լրատվական ցանցը, Իրանահայ համայնքի հայկական դպրոցների եւ ազգային հաստատությունների իրարահաջորդ փակման վերաբերյալ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթի խեղաթյուրված լրատվության կապակցությամբ համատեղ մի կոչով մասնավորաբար նշել էինք, որ «լավապես գիտակցում ենք, որ «Ալիք»-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտոնաթերթ եւ, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցության տեսակետները եւ ոչ թե հասարակական պահանջը, սակայն դա չի նշանակում, թե որեւէ կուսակցության պաշտոնաթերթ իրավունք ունի իր նախասիրություններից ելած աղավաղել հարցերը, այլափոխել իրականությունները եւ սուտ լրատվություն կատարելով մոլորեցնել հասարակությունը»: Հայտարարությամբ նույնպես, շեշտադրված, նշել էինք, որ ««Ալիք»-ը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից «Ռոստոմ» դպրոցի փակման մասին հրապարակված անհիմն հայտարարությունը, այլ նրանից էլ առաջ անցնելով, (եւ անտեսելով 300 բողոքարկող ծնողների եւ դպրոցի հարակից «Բահար» շրջանի քաղաքացիների ստորագրահավաքը), 20-25 հոգուն ներկայացնում է որպես այդ դպրոցի ողջ աշակերտության ծնողների, որ «տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցին միաւորելու գործընթացը», այսինքն փակումը, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ հիշյալ նիստում ո՛չ քվեարկություն եղավ, ո՛չ էլ հավաքական հաստատում, նույնիսկ այդ սակավաթիվ ներկաների կողմից»: Վերջապես, համատեղ հայտարարության ավարտին ահազանգել էինք, որ ««Ալիք» օրաթերթի որդեգրած գործելաոճի հետեւանքով հարցականի տակ է դրվել հայ մամուլի ազնվությունը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ համայնքի համերաշխության եւ կենսունակության վրա»: Եվ ահա, հուլիսի 19-ին, «Ալիք» օրաթերթը փոխարեն սթափվելու եւ անսալու մեր կոչին, կամ ապացուցելու, որ «ինքը չի ստել», հրապարակել է «Համայնքի ու հասարակայնութեան մերօրեայ պառակտիչները» վերնագրով մի գրություն, որում այս մտահոգիչ եւ կենսական հարցի վերաբերյալ մեր եւ համայնքում առկա հարցադրումներին պատասխանելու փոխարեն, պատասխանել է հետեւյալ ոճով եւ կերպով: «Մերօրեայ պառակտիչները ... առանց դոյզն իսկ արժանապատւութիւն ունենալու` մեղադրում են մեզ` «Ալիք» օրաթերթին, ... սա արտացոլւում է մի կայքէջային լրատւամիջոցից` «Իրանահայեր» յորջորջումով, որի խօսքին էլ որպէս համախոհ` իրենց կնիքն են դնում լրատւամիջոցի յաւակնութիւն ունեցող «Արաքս»-ն ու «Լոյս»-ը: « ... նշւած վայ լրատւամիջոցների կողմից բազմիցս են հասցէագրւել մեզ, ... որի համախոհ ընթերցողների «բանակը» չի անցնում գոնէ տասնեակը եւ ինչպէս ժողովրդական խօսքն է ասում` խեղդւողը փրփուրներից է կախւում, սրանք էլ ընթերցող հասարակայնութիւն են փնտրում հայաստանեան հասարակութիւնում իրենց շինծու լրատւութեամբ, դեռ մի հատ էլ «կոչ» ձեւակերպում: Եթէ այդքան ազգասէր մարդիկ էք եւ օր ու գիշեր չէք քնում համայնքային «սխալ գործելաոճից եւ մամուլի ոչ-ճիշտ լուսաբանումներից» մտահոգ, ճիշտ կը լինէր հիմնելով թուրքալեզու հայամէտ կայքէջ … ի՞նչ ենք սպասում նման մարդկանցից … «լրագրողներ», ... անձնական շահերի եւ եսակենտրոն նկրտումներ ... որոնք նոյնիսկ իրենց քթի տակ...»: Մեզ` Իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներիս, այս գրգռիչ եւ անպատասխանատու վերաբերումին ի պատասխան, միայն մնում է դիմել հրապարակայնության: Մենք գնահատական չենք տվել եւ չենք տալու թե ո՞վ է «արժանապատվության» տեր, ո՞վ է «վայ լրատվամիջոց», ո՞վ է «պառակտիչ», ո՞վ է «լրատվամիջոցի հավակնություն ունեցողը, որի ընթերցողների բանակը չի անցնում տասը», թե ո՞վ է «փրփուրներից կախվող, խեղդվողը», «ընթերցող փնտրողը»: Այլոց «ազգասիրության եւ մարդկային արժեքների» մասին գնահատականներ տալու փոխարեն, իրենց 80-ամյա, կամ 180-ամյա «փորձառության» տեր համարողները թող լինեն համեստ եւ չստեն, չզրպարտեն իրենց սուտն ու սխալը բացահայտողին եւ կամայական գործունեության դիմելով չոտնահարեն համայնքի ցանկությունները: Թերեւս «Ալիք»ը մոռացել է կամ չի գիտակցում, որ այլ թվականներում է ապրում, որ փոխվել են ժամանակներն ու սերունդները, թե տասնամյակներ է, որ ավարտվել է պաղ պատերազմը, որ չկան այլեւս իր ծայրահեղություններն ու այլամերժությունները քաջալերողներ եւ հովանավորողներ, եւ այս իրենց, մեղմ ասած անհամեստ գրականության համար, կարելի է իրենց դատի տալ, այլապես դեռեւս չէր գրի վերոնշյալները եւ դեռեւս, ինքն իրեն ծիծաղելի վիճակի մատնելով, չէր գրի հետեւյալը.… «Ալիք»-ին՝ «մեծ ժողովրդականութիւն վայելող մեր թերթին, սպասում են հազարաւոր ընթերցողներ... համայնքի միակ խօսափողը... «Ալիք», որը մշտապէս ներել է ու հանդուրժել է հէնց վերը նշւածների ոտնձգութիւններին... «Ալիք»-ը, որ միշտ խոհեմ ու լուռ է... իրեն վայել չհամարելով պատասխանել այսօրինակ ճղճիմ ու ստայօդ ցեխարձակումներին...… «Ալիք»-ն իր գոյութեամբ, իր 80-ամեայ երթի ընթացքում, երբեւէ չի ընկրկել իր դէմ սուր ճօճողների մեքենայութիւնների դիմաց, այլ դարձել է աւելի զօրեղ: …... այս խմորը շատ ջուր կը տանի, այսինքն` կայքէջային այս մեսիջները, որոնք ուղղւած են մեզ, վստահ ենք, կանցնեն պատմութեան գիրկը ու համայնքի պառակտմանն ուղղւած գործընթացի «գլխաւոր հերոսները» կը մնան որպէս ինքնակոչներ, որոնց հետագայում արհամարհւած լինելը չի որակւի եւ որպէս հարցադրում` չի հնչի` «եթէ դաշնակցական չես, հայ չե՞ս»: Եզրափակենք մեր խոսքը. Մենք չենք ասել թե ինչ պիտի անի ՀՅԴ-ը կամ «Ալիք» օրաթերթը, դա իրենց գիտելիքն է, ցանկացած կուսակցություն եւ օրգան արժեւորվելու եւ արժեւորվում է իր կեցվածքով եւ գործունեությամբ: Համատեղ Կոչ-ով, ստորագրյալներս հայտարարեցինք, որ «Ալիք»-ը եւ ցանկացած լրատվամիջոց ինչ չպետք է անի եւ իրավունք չունի անելու: Հրապարակեցինք հայտարարություն, որովհետեւ այստեղ խնդիրը լոկ «Ալիք» օրաթերթի սխալ կեցվածքը չէր, այլ այն անառողջ մոտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանությունների սխալը քողարկել, որը պակաս բան չէ քան ինքը սխալը, եւ նույնիսկ երբեմն ավելի քանդիչ՝ որի համար նախեւառաջ պատասխանատու է Դաշնակցություն կուսակցությունը եւ ապա թերթի խմբագրական կազմը: Ուստի «Ալիք» օրաթերթին կրկին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որով կխաթարվի համայնք-մամուլ փոխհարաբերությունը: Թեհրան, 24 հուլիսի 2010թ. «Իրանահայեր» լրատու ցանց «Արաքս» շաբաթաթերթ «Լույս» ամսագիր ------------------------------------------------ Ալիք օրաթերթի պատասխանը Համայնքի ու հասարակայնութեան մերօրեայ պառակտիչները կամ` «Իրանահայեր»-ի «Լոյս»-ն ու ստւերը... Ազգային նկարագիրն ու մշակոյթը աներկբայօրէն ամէն մի ազգի սեփականութիւնն են ու բխում են նրա ազգային ներաշխարհից, որն ունի իրեն իւրայատուկ երանգները եւ որը կարող է ընդհանուր եզրերի մէջ միացնել ազգերին կամ ընդհակառակը` տարանջատել իր բազմատարրութեամբ: Բայց, արի ու տես, որ նոյնը չեն աշխարհում տիրող տնտեսական զարգացումներից ու անկումներից բխող վերիվայրումները, որոնք նոյն ժամային ծիրում տարածւում եւ ներթափանցում են աշխարհում գոյութիւն ունեցող երկրների առօրեայում: Եթէ ոչ շատ վաղ անցեալում, ընդամէնը տասնամեակներ առաջ, կենցաղային առօրեան ու կեանքը փոքրիկ սանդղակային ցուցանիշերով զարթօնք էր ապրում, ապա այսօր հէնց նոյն սանդղակային չափանիշերով ոչ այնքան բարեկեցիկ եւ խնդիրներով ու դժւարութիւններով յագեցած իրողութիւն է ապրում, որը անմիջականօրէն շաղկապւած է աշխարհում տիրող տնտեսական իրավիճակին ու սահմաններ չի ճանաչում: Տնտեսական իրավիճակ, որն այսօր պարտադրող հրամայական է դարձել` վերանայելու եւ վերադասաւորելու մարդու կենցաղը, աշխատանքն ու առօրեան: Վերադառնանք բուն հարցին, որի ազդեցութիւնը կրում ենք նաեւ մենք` որպէս այս երկրում ապրող փոքրամասնութիւն` զերծ չմնալով տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, որն այսօր արդէն իսկ ուղղակի որպէս ժամանակի մարտահրաւէր` մեզանից համապատասխան առնւելիք քայլեր է պահանջում: Ու ելնելով այս հրամայականից` իրանահայ համայնքում արդէն իսկ սկսւել են վերադասաւորման եւ վերանայման գործընթացներ, օպտիմալացումը առաւել քան հրատապ է դառնում մեզ համար, քանզի առկայ է արտագաղթի երեւոյթը, որը երկրում արդէն իսկ փոքրամասնութիւն ածականի տակ թւաքանակի նւազմամբ աւելի է շեշտւում: Աւելիով սեղմելով այս հարցի օղակը` անցնենք համայնքում այս բոլոր երեւոյթների ու գործընթացների լուսաբանումներին, որին որպէս մեր համայնքի միակ խօսափողը` իր տարիների կոչմանը հաւատարիմ` որքան հնարաւոր է վաղվաղակի, իմա` իսկոյն, «Ալիք» օրաթերթը արձագանգել է` հիմնւելով, մէկ անգամ եւս շեշտում ենք` հիմնւելով ՓԱՍՏԵՐԻ ԵՒ ՓԱՍՏԱՑԻ իրողութիւնների վրայ: Այս շեշտադրումը նրանց համար է, ովքեր առանց դոյզն իսկ արժանապատւութիւն ունենալու` մեղադրում են մեզ` «Ալիք» օրաթերթին, «իր որդեգրած գործելաոճի հետեւանքով` իբր հայ մամուլի ազնւութիւնը հարցականի տակ դնելու» մէջ: Եւ սա արտացոլւում է մի կայքէջային լրատւամիջոցից` «Իրանահայեր» յորջորջումով, որի խօսքին էլ որպէս համախոհ` իրենց կնիքն են դնում լրատւամիջոցի յաւակնութիւն ունեցող «Արաքս»-ն ու «Լոյս»-ը: Վերջին ամիսների ընթացքում յատկապէս նման մեղադրանքներ վերը նշւած վայ լրատւամիջոցների կողմից բազմիցս են հասցէագրւել մեզ, բայց «Ալիք»-ը, որ միշտ խոհեմ ու լուռ է տարել նման հասցէագրումները, իրեն վայել չհամարելով պատասխանել այսօրինակ ճղճիմ ու ստայօդ ցեխարձակումներին, այդուհանդերձ` այսօր կարիքը զգաց բարձրաձայնելու` չցանկանալով համայնքի հասարակութեան փոքրաթիւ այն զանգւածին, որը հետեւում է կայքին ու նաեւ հայաստանեան հասարակութեանը, որին ուղղւած է կոչը, նոյնիսկ վայրկեան իսկ շեղելու իր համոզումներում: «Ալիք», որը մշտապէս ներել է ու հանդուրժել է հէնց վերը նշւածների ոտնձգութիւններին` գերադասելով համայնքային միասնականութեան ու միատարրութեան պահպանումը, որի ալիքին նպատակայնօրէն հակառակ են թիավարում «Բարձր պահենք մամուլի վարկը» կոչ յղողները` իրենց թեթեւաբարոյ եւ ոչ-խելամիտ կեցւածքով: Չէինք գրի այս բոլորը, եթէ որպէս համայնքի միակ օրաթերթը լինելու գաղափարը փայփայող զինւորներ` չունենայինք այն նախանձախնդրութիւնը, որ անաչառօրէն եւ առարկայօրէն փաստացի տւեալների հիման վրայ լուսաբանէինք համայնքային ողջ անցուդարձերը, քանզի մեծ ժողովրդականութիւն վայելող մեր թերթին սպասում են հազարաւոր ընթերցողներ, որոնց մօտ իւրաքանչիւր բառի եւ տառի համար պատասխանատւութիւն ենք զգում` հակառակ «Իրանահայեր» «լրատւական» կայքէջի, որի համախոհ ընթերցողների «բանակը» չի անցնում գոնէ տասնեակը եւ ինչպէս ժողովրդական խօսքն է ասում` խեղդւողը փրփուրներից է կախւում, սրանք էլ ընթերցող հասարակայնութիւն են փնտրում հայաստանեան հասարակութիւնում իրենց շինծու լրատւութեամբ, դեռ մի հատ էլ «կոչ» ձեւակերպում: Մինչ կանցնենք նրանց կայքէջային լուսաբանումների իրողութիւնների փաստացի ճշգրտմանը, որոնք զուտ խեղաթիւրումներ են իրենցից ներկայացնում, մենք մեր զարմանքն ենք արտայայտում, որ նրանք, ովքեր ի դէմս այս լրատւամիջոցների` իրենց «մամուլի ազնիւ առաքեալներ» են համարում, տողատակերում պատգամների ընդմիջում իրենց ներկայացնելով որպէս զոհեր` ապա ինչո՞ւ են այս «ազգասէր ու ճշմարտախօս զոհերը» ընտրել հեշտ ուղին` հէնց համայնքային մակարդակում, չասենք ազգային, պառակտումային նպատակասլացութեամբ «լուսաբանութիւններ» անելով: Եթէ այդքան ազգասէր մարդիկ էք եւ օր ու գիշեր չէք քնում համայնքային «սխալ գործելաոճից եւ մամուլի ոչ-ճիշտ լուսաբանումներից» մտահոգ, ճիշտ կը լինէր հիմնելով թուրքալեզու հայամէտ կայքէջ` կայքէջային այդ ողջ կարողականութեան ու ներուժի սլաքն ուղղէիք համազգային խնդիրների քարոզչութեանը, զորօրինակ` Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացի իրողութեան քարոզչութիւնը, Արցախեան հիմնախնդիրը եւ այլն, ինչպէս ամիսներ առաջ արեց Ադրբեջանը` հիմնելով «Armenian.az» հայալեզու կայքէջը, ուր ամբողջութեամբ հակաքարոզչութիւն է` ընդդէմ մեզ: Իհարկէ, ի՞նչ ենք սպասում նման մարդկանցից. «լրագրողներ», որոնք նոյնիսկ իրենց քթի տակ, համայնքում, ազգային ու համազգային նշանակութիւն ունեցող, ինչպիսիք` ապրիլի 24-ի համահաւաքն է, Թեհրան-Երեւան յուլիսի 15-ի աւիավթարին կապւող անցուդարձերը եւ նման շատ այլ բաներ, ինքնուրոյն չեն լուսաբանում այլ հէնց հեշտ ու հանգիստ գործելաոճ մշակելով` ուղղակի վերցնում են թերթիս լրատւութիւնը եւ զետեղում իրենց կայքէջում, եւ այստեղ ինչպէ՞ս է, որ վստահում են լուրի հաւաստիացմանը եւ յաճախ նոյնիսկ տառացիօրէն մեր աղբիւրից վերցւած նիւթի ճակատին «Ալիք» օրաթերթ աղբիւրը առանց խղճմտանքի` փոխարինում են «Իրանահայեր» լրատու ցանցով. ահա թէ ո՞ւր է «Բարձր պահենք մամուլի վարկը» ջատագովների «ճշմարտացիութեան գաղափարախօսութիւնը»: Այս ամէնը գալիս է ապացուցելու եւ առաւել շեշտաւորելու այն ցաւալի իրողութիւնը, որ համայնքային նոյնիսկ ճակատագրական նշանակութիւն ունեցող հարցերը փոխանակ միակամ ու մի բռունցք դարձած լուծելու` տարանջատւում, դառնում են անձնական շահերի եւ եսակենտրոն նկրտումների զոհ` խախտելով հասարակութեան մտքի եւ միասնականութեան ամենակարեւոր խարիսխը, ստեղծելով անվստահութեան մթնոլորտ եւ ոչ-լիարժէքութեան զգացում, որին ուրիշ որեւէ որակաւորում եւ պիտակաւորում չես կարող տալ բացի վարակ, որը անզգայաբար իրեն անհրաժեշտ միջավայրն է ապահովում` ոչնչացնելով համայնքային առողջ օրգանիզմը: Մեր եզրափակիչ խօսքում միայն կարող ենք ասել, որ կարծում ենք` վերոգրեալներին բազմիցս է ապացուցւել, որ «Ալիք»-ն իր գոյութեամբ, իր գրչի շիտակութեամբ ու մտքի անկեղծութեամբ միշտ եղել է պատնէշի վրայ ու բազում նման փորձութիւնների է ենթարկւել արդէն շուրջ 80-ամեայ իր երթի ընթացքում, բայց երբեւէ չի ընկրկել իր դէմ սուր ճօճողների մեքենայութիւնների դիմաց, այլ ընդհակառակը` այդ փորձութիւններից նա դասեր քաղելով` դարձել է աւելի զօրեղ ու բանական մտքով առաջնորդւող: Վկայութիւնը` նրա արդէն 80-ամեայ յարատեւութիւնը: Այս հերթական փորձութիւնն էլ, որ, ինչպէս ժողովրդական խօսքն է ասում, այս խմորը շատ ջուր կը տանի, այսինքն` կայքէջային այս մեսիջները, որոնք ուղղւած են մեզ, վստահ ենք, կանցնեն պատմութեան գիրկը, բայց այս ոչ-կառուցողական ու համայնքի պառակտմանն ուղղւած գործընթացի «գլխաւոր հերոսները» կը մնան որպէս ինքնակոչներ, որոնց հետագայում արհամարհւած լինելը չի որակւի եւ որպէս հարցադրում` չի հնչի` «եթէ դաշնակցական չես, հայ չե՞ս»: Եւ, իմիջիայլոց, Դաշնակցութեան օրգան-պաշտօնաթերթը լինելով` երբեւէ չենք ջանացել շահագործել օրգանի գաղափարը, քանզի մշտապէս գիտակցել ենք, որ չենք կարող միայն կուսակցութեան խօսափողը լինել, որովհետեւ կուսակցութեան գաղափարախօսութիւնը ինքնին ազգային է եւ մենք որպէս օրաթերթ` գոյատեւում ենք փոքրամասնութիւն կոչւող համայնքում, որն իր ուսերին է պարտաւոր միաժամանակ տանելու համայնքի տարաբնոյթ մտասեւեռումներով յագեցած առօրեան` սկսած ազգապահպանութիւնից մինչեւ ամենաչնչին իրողութիւնը: Այնպէս որ` զուր են ձեր նկրտումները եւ մէկ անգամ եւս խորհուրդ կը տայինք ձեզ զբաղւել համայնքային, ազգային ու մանաւանդ համազգային հիմնահարցերի անաչառ ու ազնիւ լուսաբանմամբ եւ գոնէ այդ դէպքում` պարզերես կը լինէք համայնքի իրականութեան մէջ: ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ 19 ՅՈՒԼԻՍԻ, 2010 Թ. ------------------------------------------------------ Կոչ «Ալիք» օրաթերթի պատասխանատուներին Վերջին մեկ ամսվա ընթացքում Սփյուռքի ամենահին հայկական կենսունակ համայնքում` Իրանում, որ ի միջի այլոց հայ մամուլի հիմնադրի պատվավոր տիտղոսը պատկանում է նրա արժանավոր որդի՝ Տ. Հարություն քհն. Շմավոնյանին, ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթի որդեգրած գործելաոճի հետեւանքով հարցականի տակ է դրվել հայ մամուլի ազնվությունը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ համայնքի համերաշխության եւ կենսունակության վրա: Արդարեւ, երկու տարի է, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը ձեռնարկել է մի ընդհանուր ծրագիր, ըստ որի, «համայնքի նոսրացման պատճառով, վերադասավորվում են բոլոր ազգային կառույցները»: Այդ ծրագրի շրջանակներում ազգային կալվածներից եւ կառույցներից որոշները վաճառվել, փակվել եւ կամ միատեղվել են, ընդ որում համայնքի մեջ ակնառու տագնապ ստեղծեցին Իրանահայ արհեստավորների միության կենտրոնատեղիի՝ «Արամ» ազգային սրահի վաճառքի, «Թունյան» ազգային դպրոցի չմտածված հիմնաքանդ անելու եւ «Ռոստոմ» ազգային դպրոցի փակման խնդիրները: Տագնապաստեղծ հիշյալ հարցերը երեւի այնքան էլ դառը չհնչեին, եթե «Ալիք» օրաթերթը չքողարկեր դրանց իրական պատկերը, չարդարացներ Թեմական խորհրդի չբացատրվելիք ու հակականոնագրային քայլերը եւ ամենագռեհիկ կերպով չայլափոխեր ժողովրդի պահանջը: Անկախ նրանից թե որքանով է իրեն արդարացնում Թեմական խորհրդի կողմից գործադրվող վերոհիշյալ ծրագիրը, մեզ մամուլի գործիչներիս նախեւառաջ պիտի հետաքրքրեր հարցի թափանցիկությունն ու ճշմարիտ տեղեկատվությունը եւ այդ սկզբունքով էլ պիտի աշխատեինք հասարակությանը փոխանցել ծրագրերի եւ եղելությանց մասին: Բայց, դժբախտաբար, «Ալիք» օրաթերթի կողմից բազմաթիվ անգամ հարցերը այլ ընթացք ընդունեցին: Համայնքը ղեկավարող գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը, հաշվի չառնելով ժողովրդի կամքը՝ գործեց նրան հակառակ, իսկ «Ալիք» օրաթերթը մամուլի իր ամենահիմնական՝ հարցերը պարզաբանելու, առաքելությունը ստանձնելու փոխարեն աշխատեց քողարկել եւ արդարացնել Թեմական խորհրդի նման գործելաեղանակը: Իրանահայ արհեստավորների միության կենտրոնատեղիի՝ «Արամ» ազգային սրահի վաճառքը Թեմական խորհրդի միջոցով, միութենականների կամքի հակառակ, եւ այդ հարցում «Ալիք» օրաթերթի միջնորդությունը երկու կողմերի միջեւ նաեւ «Ռոստոմ» աղջկանց ազգային դպրոցի փակումը հակառակ նրա աշակերտության, ուսուցչական կազմի եւ ծնողների կամքի եւ դարձյալ «Ալիք» օրաթերթի միջնորդությունը կողմերին «իրարահասկացողության բերելու նպատակով», որից հետո մեջտեղից կորավ մոտ 300 ստորագրությամբ «Ռոստոմ» դպրոցի ծնողների եւ բահար քաղաքամասի հայ բնակչության համախոսականի իսկական պատճենը: Եվ այնուհետ այդ առնչությամբ անճիշտ տեղեկատվությունը, որտեղ ծնողների պահանջը՝ դպրոցի չփակելու փոխարեն, ձեւացվեց մի տարօրինակ պահանջի, թե՝ «ինչու դպրոցի փակելու մասին մեզ ավելի շուտ չեք ասել» կամ թե՝ «պարզեք մեր վիճակը, որ իմանանք թե որտեղ պիտի արձանագրենք մեր երեխաներին», որն իրականում ապատեղեկացնող եւ ապակողմնորոշող մի տեսարան էր եւ ուրիշ ոչինչ: «Ալիք» օրաթերթը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից «Ռոստոմ» դպրոցի փակման մասին հրապարակված անհիմն հայտարարությունը, այլ նրանից էլ առաջ անցնելով 20-25 հոգուն ներկայացնում է որպես այդ դպրոցի ողջ աշակերտության ծնողների, որը համազոր է բացարձակ ստի: Ու դեռ ավելացնում, որ հուլիսի 6-ին Թեմական խորհրդի, Պատգամավորական ժողովի դիվանի եւ Կրթական խորհրդի հետ համատեղ նիստի ընթացքում «ծնողները (այսինքն այդ 20-25 հոգին) տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն անցնի գործնական փուլին եւ սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցին միաւորելու գործընթացը», այսինքն փակումը, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ հիշյալ նիստում ո՛չ քվեարկություն եղավ, ո՛չ էլ հավաքական հաստատում, նույնիսկ այդ սակավաթիվ ներկաների կողմից: Իհարկե մենք լավապես գիտակցում ենք, որ «Ալիք»-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտոնաթերթ եւ, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցության տեսակետները եւ ոչ թե հասարակական պահանջը, սակայն դա չի նշանակում, թե որեւէ կուսակցության պաշտոնաթերթ իրավունք ունի իր նախասիրություններից ելած աղավաղել հարցերը, այլափոխել իրականությունները եւ սուտ լրատվություն կատարելով մոլորեցնել հասարակությունը: Այստեղ խնդիրը լոկ «Ալիք» օրաթերթի սխալ կեցվածքը չէ, այլ այն անառողջ մոտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանությունների սխալը քողարկել, որը պակաս բան չէ քան ինքը սխալը, եւ նույնիսկ երբեմն ավելի քանդիչ՝ որի համար նախեւառաջ պատասխանատու է Դաշնակցություն կուսակցությունը եւ ապա թերթի խմբագրական կազմը: Կասկածից վեր է, որ համայնքի նյութական, հոգեւոր եւ բարոյական շահի զոհելը հանուն հատվածական շահի, կարող է ունենալ անվերադարձ կորուստներ: Ուստի «Ալիք» օրաթերթին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որով կխաթարվի համայնք-մամուլ փոխհարաբերությունը: Թեհրան, 15 հուլիսի 2010թ. «Իրանահայեր» լրատու ցանց «Արաքս» շաբաթաթերթ «Լույս» ամսագիր ---------------------------------------------------- Հայկական էլեկտրոնային եւ տպագիր մամուլից խնդրում ենք, արձագանքելով այս կոչը, Բարձր պահել հայ մամուլի վարկը եւ դեմ կանգնել անճիշտ լրատվությունը սովորույթի վերածելու ավերիչ գործունեության:

No comments: