
HayInfo. 18-3-2009- Հայաստանում, որը Grant Thornton International ընկերության վարկանիշային ցուցակում գտնվում է 9-րդ տեղում, կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 29 տոկոսը, այս մասին ասվում է չորեքշաբթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Grant Thornton Amyot (GTA) աուդիտորական-կոնսալտինգային ընկերության տարեկան հաշվետվության մեջ։Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
GTA ընկերության (Grant Thornton International-ի հայկական անդամ) բաժնետեր Լիլիթ Արաբաջյանի խոսքերով, վերջին տասնամյակում ակնհայտ է տարբեր կազմակերպություններում կանանց ունեցած դերերի էական փոփոխությունը։
«Այսօր մասնավոր հատվածում շատ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: Միայն այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2007 թ.-ի 22% ցուցանիշի համեմատ 2009 թ-ին Հայաստանում տեղի է ունեցել 7 տոկոսի աճ», - ասել է Արաբաջյանը։
Միաժամանակ նա նշել է, որ GTA ընկերությունում աշխատակազմի 51%-ը կանայք են և նրանցից 11-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։
Grant Thornton International-ի նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցմանը մասնակցած երկրներում, ընդհանուր առմամբ, կանայք մասնավոր ընկերություններում զբաղեցնում են ավելի քիչ, քան ղեկավար պաշտոնների մեկ քառորդը: Ներկայումս ավագ ղեկավար պաշտոնների միայն 24%-ում են կանայք: Այս ցուցանիշը նույնն է եղել նաև 2007 թ.-ին և աճ է գրանցել միայն 2004 թ.-ի 19%-ի համեմատ: Համաձայն նույն համաշխարհային տվյալների՝ հարցված ընկերությունների 34%-ում ղեկավար պաշտոններում ոչ մի կին չկա:
Ավագ ղեկավար օղակներում կանանց ամենաբարձր տոկոսը գրանցվել է Ֆիլիպիններում՝ 47%, այնուհետև Ռուսաստանում՝ 42% և Թայլանդում՝ 38%։ Մինչդեռ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ճապոնիայում՝ միայն 7%: Սանդղակի ստորին մասում են հայտնվել նաև Դանիան՝ 13% և Բելգիան՝ 12%:
Ղեկավար օղակներում կանանց թվի հատկապես մեծ աճ է տեղի ունեցել Թուրքիայում (2007 թ-ի 17%-ից 2009 թ-ին հասնելով 29%-ի) և Մեքսիկայում (2007 թ-ի 20%-ից 2009 թ-ին հասնելով 31%-ի):
Ամենամեծ անկումն արձանագրվել է Բրազիլիայում, որտեղ 2007 թ-ի 42%-ի համեմատ 2009 թ-ին գրանցվել է 29% և Հոնկոնգում (2007 թ-ի 35%-ից 2009 թ-ին հասնելով 28%-ի):
No comments:
Post a Comment