Saturday, March 28, 2009

Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների կրկնակի աճ

«Ազատություն» 27-3-2009- Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ 2008 թվականի ընթացքում երկրում գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների կրկնակի աճ: Պողոսյանը հավելեց, որ ավելացել է նաեւ բացահայտումների թիվը. եթե 2007-ին բացահայտվել էր կաշառակերության ընդամենը 2 դեպք, ապա 2008-ին` 30 դեպք: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը նույն ժամանակահատվածում աճել է գրեթե 58 տոկոսով: Ավելացել են նաեւ դրամանենգության դեպքերը. 2007-ի 57 դեպքի դիմաց 80 դեպք` 2008-ին: Պատասխանելով լրագրողների հարցերին, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետը ասաց, որ Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով (վերջինս սպանվել էր այս տարվա փետրվարի 3-ին) կան նոր վարկածներ: «Այս պահի դրությամբ, ձեզ հետաքրքրող բան` կապված բացահայտման հետ, չեմ կարող ասել», - ասաց Հունան Պողոսյանը: - «Նոր վարկածներ ունենք առաջ քաշված: Բոլոր ուղղություններով ինտենսիվ աշխատանք է տարվում»: Հունանյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին եւ վերջինիս եղբորը` Վարդան Ջհանգիրյանին բերման ենթարկելու գործողությանը մասնակցած Ռաֆիկ Մուրադյանը, ում կրակոցներից վիրավորվել էին երեք մարդ` Վարդան Ջհանգիրյանը եւ երկու ոստիկան, շարունակում է աշխատել համակարգում: «Ռաֆիկ Մուրադյանի նկատմամբ ծառայողական քննության արդյունքներով ինքը պատժի չի ենթարկվել, որովհետեւ կատարել է իր ծառայողական պարտքը», - ասաց Հունանյանը` հավելելով. - «Ծառայողական քննության արդյունքում ինքը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել»: Հունան Պողոսյանի խոսքով, իրենց ծառայողական պարտքն են կատարել նաեւ «Չերյոմուխա-7» կիրառած ոստիկանները. այդ հատուկ միջոցի կիրառման հետեւանքով մարտի 1-ին զոհվել էր 3 մարդ: «Ցանկացած ոստիկան այդ օրը այդ պահին այնտեղ կատարել է հասարակական կարգի պահպանություն, ինչը ենթադրում է նաեւ օրենքով սահմանված կարգով հատուկ միջոցների կիրառում: Որքանով է դա օրինաչափ... այդ հարցերը պետք է ուղղեք Հատուկ քննչական ծառայությանը, փաստահավաք խմբին», - ասաց Հունան Պոոսյանը: Տաթեւիկ Լազարյան

No comments: