Saturday, March 21, 2009

Ալեքսանդր Մանասյան. ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան կարգավորման ձգձգման քաղաքականություն է վարում

/PanARMENIAN.Net/ 20.03.2009 - ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման քաղաքականություն է վարում: Միջնորդները չեն լուծի հակամարտությունը, մինչեւ որ հարմար պահ չգտնեն իրենց համար նպաստավոր տարբերակով այն լուծելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: «Անցած 20 տարիների ընթացքում միջնորդներն արեցին ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը հանրության մեջ ընկալվի որպես հակամարտություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»,- հայտնել է հայ փորձագետը: Ինչպես նշել է Ալեքսանդր Մանասյանը, ԵԱՀԿ ՄԽ չեզոքություն չի պահպանում բանակցային գործընթացում եւ ժամանակ առ ժամանակ համանախագահներից մեկը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հակասում են բանակցությունների ոգուն: «Այդ հայտարարությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ քայլ առ քայլ փոխում է հակամարտության էությունն ու տեսակը: Եթե ճիշտ դատենք, ապա կարելի է հասկանալ, որ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններ չեն ընթանում»,- նկատել է Մանասյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովից հետո կողմերը ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, որում խոսվեր այն մասին, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ: «Համապատասխանաբար, ներկայումս խորհրդատվություններ են ընթանում, այլ ոչ թե` հակամարտության կարգավորման բանակցություններ»,- ընդգծել է հայ փորձագետը:

No comments: