Lragir. 20-3-2009- Հայաստանում կա հանրային մի շերտ, մի խավ, փորձագետների եւ քաղաքական գործիչների խումբ, որը համարում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը վտանգ է Հայաստանի օլիգարխիկ համակարգի համար, քանի որ բաց սահմանը կկոտրի տնտեսության օլիգարխիզացիան: Այս մտայնությունը թերեւս մի փոքր, եթե չասենք մեծ, մոլորություն է: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն օլիգարխացվել է, որովհետեւ սահմանը եղել է փակ: Մինչդեռ բոլորի համար պարզ է, որ դա այդպես չէ: Օլիգարխացված տնտեսություններ, կամ մենաշնորհներով կառավարվող տնտեսություններ են ունեցել այնպիսի պետություններ, որոնք որեւէ փակ սահմանի եւ շրջափակման խնդիր էլ չեն ունեցել: Խնդիրն այստեղ պետության սահմանը չէ, այլ մտածողության: Տնտեսության օլիգարխացումը Հայաստանի իշխող վերնախավի մտածողության, աշխարհընկալման, հոգեբանության հետեւանք է, ոչ թե փակ սահմանի: Հետեւաբար սահմանի բացումը օլիգարխիզացիան կարող է կոտրել այնքանով, որքանով որ կարող է փոխել այդ վերնախավի մտածողությունը, հոգեբանությունը, աշխարհընկալումը:
Այդ իմաստով հարցն այն է, թե արդյոք հայ-թուրքական սահմանի բացումը ունակ է փոխել դա: Թերեւս ավելի հավանական է հակառակը: Այսինքն, սահմանի բացումը Հայաստանի վերնախավի համար, որ կազմված է օլիգարխացած պաշտոնյաներից կամ պաշտոնյաների հովանավորությունը վայելող օլիգարխներից, ներկայում թերեւս դիտվում է սեփական դիրքերն ավելի ամրացնելու, լրացուցիչ նյութական ռեսուրսների հնարավորություն ստեղծելու միջոց: Այսինքն, Հայաստանը, փակ Հայաստանն արդեն շատ նեղ է նրանց համար, առավել եւս ճգնաժամային պայմաններում: Հայաստանի ռեսուրսներն արդեն բաժան-բաժան են արված, արդեն պակասում են, դրան էլ գումարվել է ճգնաժամը: Ինչքան ռեսուրսները պակասում են, այնքան մեծանում է դրանց համար ներքին պայքարի բնական մղումը: Ինչքան այդ մղումը ավելանում է, այնքան մեծանում է համակարգից, ռեսուրսները տնօրինող շրջանակից որոշ մարդկանց դուրս մղվելու վտանգը` ընդ որում ոչ թե բնական, այլ արհեստական ընտրությամբ:
Բնականաբար դա հուզում է ոչ միայն դուրս մղվելու, այլ մղելու թեկնածուներին, քանի որ մղվողների թվին զուգընթաց աճելու է նաեւ համակարգի հակառակորդների թիվը: Հետեւաբար հայ-թուրքական սահմանի բացումը դառնում է համակարգի համար այն կենսական օդանցքը, որը փրկում է փակ սենյակում շնչահեղձ լինողներին, այլապես նրանք ստիպված էին իրար ոչնչացնել, գոնե մի քիչ շնչելու թթվածին խնայելու համար: Իհարկե, այդ իրավիճակը փակ սենյակի պարագայում շատ ավելի սարսափելի է, քան փակ պետության, բայց տրամաբանությունը թերեւս նույնն է: Այսինքն, կարծես թե ակնհայտ է, որ առնվազն Հայաստանի վերնախավի մտածողությամբ, հայ-թուրքական սահմանը պետք է բացել ոչ թե ազատության եւ ազատականության սահմանները բացելու, այլ թերեւս ներքին կլանա-օլիգարխիկ համակարգին կենսունակության նոր լիցքեր հաղորդելու համար:
Սահմանի բացումը ըստ ամենայնի դիտվում է ոչ թե մտածողության փոփոխության տարբերակ, այլ առկա մտածողության դիմադրողականությունն ավելացնելու միջոց: Պատահական չէ, որ այդ ուղղությամբ Հայաստանի վերնախավի ջանքը արձանագրվեց այն ժամանակ, երբ վերնախավը երկրի ներսում ուներ լուրջ խնդիրներ թե հասարակության, թե նաեւ ինքն իր մասերի հետ: Հետեւաբար հազիվ թե արդարացված լինի այն մոտեցումը, որ հայ-թուրքական սահմանի բացումը քանդելու է Հայաստանի տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը եւ բացելու է ազատականության ճանապարհը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Saturday, March 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment