Saturday, March 21, 2009

ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը փորձում է պատասխանել այս հարցին: «ԱԶԳ» 21-3-2009- Իրենց քարոզչական առաքելությունների ավարտից հետո հայրենիք վերադառնալով, թուրք պաշտոնական այրերը քանիցս կրկնել են, որ Վաշինգտոնում իրենց հասկացրել են, որ եթե Թուրքիան չբացի սահմանը Հայաստանի հետ, ապա հնարավոր է, որ նախագահ Օբաման օգտագործի ցեղասպանություն բառը իր ապրիլի 24-ի առթիվ արտասանած ուղերձում: Սա է հավանաբար պատճառը, որ արտգործնախարար Ալի Բաբաջանը վերջերս խոստովանել է, որ իրոք այդպիսի «ռիսկ» գոյություն ունի: Ինչո՞ւ է ուրեմն Թուրքիան իր շահերի դեմ գնալով շարունակում փակ պահել սահմանը Հայաստանի հետ: Իմ կարծիքով, թուրք փորձառու դիվանագետները հետաձգման խիստ իմաստուն մարտավարություն են վարում ձեռք բերելու համար հնարավորինս առավել մեծ օգուտներ: Ծրագիրը Օբամայի ուղերձի խանգարելն է կամ նսեմացնելը: Նրանք այն տպավորությունն են ստեղծում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները աստիճանաբար բարելավվում են: Այդ տպավորությունը ստեղծվում է նախ «գաղտնի» հանդիպումներով Հայաստանի ղեկավարների հետ, հետո էլ իրենց միջոցով մամուլի էջեր թափանցելով, նրանք մի քանի լավ պատճառներ ունեն դրա համար: 1. Հայաստանի հետ համերաշխության որեւէ քայլ խոչընդոտելու է Թուրքիայի հարաբերություններին Ադրբեջանի հետ: Մինչ այժմ նրանք այս խնդիրը լուծում էին սահմանի բացման դիմաց Հայաստանից պահանջելով Ադրբեջանին վերադարձնել Արցախը: Տեսնելով, որ հայկական կողմը մերժում է այս նախապայմանը, նրանք ստիպված հրաժարվել են սահմանի բացման եւ Արցախի միջեւ ուղիղ կապ տեսնելուց: 2. Անընդհատ կրկնելով, որ զբաղված են Հայաստանի հետ «նուրբ բանակցություններ» վարելով, թուրք պաշտոնյաները հետամուտ են եղել, որ ուրիշ երկրներ, մասնավորապես Մ. Նահանգները, ձեռնպահ մնան Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: 3. Թուրք պաշտոնյաները գիտակցում են, որ սահմանի արագ բացումը իրենց շահերից չի բխում: Ինչքան ձգձգեն բանակցությունները, Հայաստանից այնքան ավելի զիջումներ ձեռք բերելու հնարավորությունը ավելանում է: Սա ժամանակի քննությունը բռնած թուրքական դիվանագիտություն է: 4. Սահմանի բացումը ձգձգելով Թուրքիան նաեւ ժամանակ է շահում բանակցելու Օբամայի վարչակազմի հետ եւ հնարավորինս «ձեռնտու» պայմաններ ապահովելու ինչպես կոնգրեսական բանաձեւի, այնպես էլ նախագահի ելույթի առնչությամբ: 5. Նրանք գիտակցում են, որ մարտի 29-ից առաջ որեւէ պայմանավորվածություն Հայաստանի հետ կարող է վնասել իրենց դիրքերինՙ սպասվող տեղական ընտրություններում: 6. Նրանք հավանաբար կսպասեն մինչեւ ապրիլի սկզբները, եթե Օբաման այցելի Թուրքիա եւ հնարավոր լինի դեմ առ դեմ քննարկել որոշ հարցեր, ինչպես օրինակ` Իրաքից դուրս եկող ամերիկյան զորքերին տարանցման իրավունք շնորհելը, Աֆղանստան հավելյալ թուրքական զորքեր առաքելը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը խափանելը: Չունենալով Թուրքիայի հզոր հնարավորությունները, ամերիկահայերը չափազանց մտահոգ են թուրքական դիվանագիտության այս «խաղերով»: Այդուհանդերձ, նրանք ձեռքերը ծալած չեն նստում եւ ամեն ինչ անում են, որ նախագահ Օբաման կատարի իր նախընտրական խոստումը ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Հակառակ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների, որ ապրիլի 16-ին Ալի Բաբաջանի Երեւան այցելության օրերին ակնկալվում է պայմանագրի ստորագրության, հույս ունենք, որ հայկական կողմը կձգձգի որեւէ պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ նախքան ապրիլի 24-ը:* Այլապես Հայաստանի ղեկավարները ոչ միայն անարգած կլինեն մեր մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, այլեւ հիանալի առիթ ընձեռած կլինեն Օբամայի վարչակազմին չճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Սահմանի բացմանը տասնվեց տարի սպասելուց հետո Հայաստանը կարող է մի քանի օր եւս սպասել: Թարգմ. Հ. Ծ. (*) «Ազգ»-ը երեկվա համարում գրել էր, որ, ըստ «Զաման» թուրքական օրաթերթի, Բաբաջանի Երեւան այցը թերեւս չկայանա:

No comments: