Saturday, March 21, 2009

ՀՀ սփյուռքի նախարարը ծանոթացել է Երուսաղեմի հայկական դպրոցների խնդիրներին

/PanARMENIAN.Net/ 20.03.2009 - / Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջեկեղեցական կապերի պատասխանատու Սրբազան Տեր Նարեկ եպիսկոպոս Ալեէմեզյանին: Քննարկվեցին Հայրենիք -Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի որոշ դրույթներ, հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ: Հ.Հակոբյանը հանդիպեց նաեւ Երուսաղեմի սբ. Թարգմանչաց երկրորդական վարժարանի եւ Գյուլբենկյան գրադարանի տեսուչ Հոգեշնորհ Տեր Նորայր աբեղա Գազազյանին, Երուսաղեմի հայ հին ձեռագրերի մատենադարանի հանձնախմբի անդամ, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքների տեսուչ Հոգեշնորհ Տեր Բագրատ վարդապետ Պերճեքյանին: Հյուրերը նախարարին ներկայացրին Երուսաղեմի հայ համայնքի խնդրիները, համայնքի որոշակի համախմբվածությունը հայ եկեղեցու շուրջ: Նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես հետաքրքրվեց համայնքի երկու դպրոցներում (Ժառանգավորաց եւ սբ. Թարգմանչաց) կրթական գործընթացով եւ խնդրեց ներկայացնել այն կրթական կարիքները, որոնք առկա են համայնքի դպրոցներում: Նախարարն առաջարկեց լրջորեն քննարկել սբ. Թարգմանչաց դպրոցի շրջանավարտների` հայրենիքում ուսումնառությունը շարունակելու հնարավորությունները, հատկապես հայագիտական մասնագիտությունների գծով, ինչն, ըստ նախարարի, հայրենիքում կարող է կազմակերպվել միանգամայն անվճար: Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց կրթական հարցերին նմանօրինակ մոտեցման նպատակը. այն է` պատրաստել եւ նախապատրաստել որակյալ մանկավարժ-մասնագետներ սփյուռքի դպրոցներում դասավանդելու համար եւ այդպիսով աջակցել սփյուռքահայ մեր երեխաների ուսման որակի բարելավմանը: Հոգեշնորհ հայրերը ոգեւորությամբ ընդունեցին նախարարի առաջարկները եւ հավաստիացրին, որ սփյուռքի կրթական հիմնախնդիրները հայրենի պետության ուշադրության կենտրոնում գտնվելու իրողությունը եւ դրանից բխող դրական քայլերը մեծապես կաշխուժացնեն համայն սփյուռքի կրթական կյանքը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:--ԿԱ--

No comments: