
«ԱԶԳ» 28-03-2009- Չնայած երկրի առջեւ ծառացած խնդիրների առկայությանը, «Էրգենեքոնի» գործի հետզհետե ծավալմանը, ինչպես նաեւ ծայրահեղ ազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավարներին Մարաշից տեղափոխող ուղղաթիռի առեղծվածային վթարին, որի մեջ են եղել ղեկավար կազմի մի քանի անդամներ, այդ թվումՙ «գորշ գայլերի» երիտասարդական թեւի երբեմնի առաջնորդ, գլխավոր նախագահ Մուհսին Յազըճըօղլուն, թուրքական լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն դադարում արծարծել Հայոց ցեղասպանության հարցն ու անդրադառնալ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա նախատեսվող այցին:
Ի դեպ, վթարը տեղի էր ունեցել մարտի 25-ին, իսկ ուղղաթիռի բեկորները հազիվ երեկ են գտել, ընդ որումՙ բոլոր ուղեւորները մահացած են: Համենայն դեպս, ԱՄՆ նախագահը Թուրքիայում կլինի ապրիլի 6-7-ին: Նա Անկարայում նախ կհանդիպի Թուրքիայի ղեկավարներին, իսկ հաջորդ օրը կմեկնի Ստամբուլՙ մասնակցելու «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնության միջազգային երկրորդ ֆորումի աշխատանքներին:
«Քաղաքակրթությունների դաշինք» թուրք-իսպանական համատեղ նախաձեռնության աշխատանքներին Օբամայի մասնակցությունն, ինչ խոսք, խորհրդանշական է, քանի որ նրա նախորդներն առաջ էին քաշում «Քաղաքակրթությունների բախում» այսպես կոչված տեսությունը: Սակայն ավելի կարեւորը Թուրքիայի ղեկավարների հետ Բարաք Օբամայի հանդիպումների օրակարգն է: Ո՞ր հարցերն են դրվելու:
Նախքան պատասխանելը նշենք, որ ԱՄՆ նախագահը Թուրքիա կմեկնի առանց առաջին տիկնոջ: Թուրքական մամուլը, ուշադրություն հրավիրելով այս հանգամանքի վրա, միաժամանակ դա պայմանավորեց Միշել Օբամայի խիստ զբաղվածությամբ, ընդգծելով. «Հետեւաբար ԱՄՆ-ի առաջին տիկնոջ բացակայությունը չի նսեմացնելու Թուրքիա կատարած այցին Բարաք Օբամայի տված կարեւորությունը»:
Ըստ ամենայնի, Օբամայի հանդիպումներում առաջնահերթ նշանակությամբ կքննարկվի Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի զգալի մասը Թուրքիայի տարածքով դուրսբերելու, դուրսբերման համար «Ինջիռլիքի» ռազմաբազան եւ Մերսիմի նավահանգիստն օգտագործելու, Աֆղանստանում հակաթալիբյան պայքարին մասնակցող ուժերի կազմում թուրքական ստորաբաժանումը համալրելու, Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանիՙ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներ:
Փոխարենն էլ թուրքական կողմը հավանաբար կբարձրացնի ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ելույթին, առավել եւս դրա բովանդակությանն առնչվող հարցեր: Չի բացառվում, որ ցեղասպանություն բառի օգտագործումը սակարկությունների մեջ ներքաշելու փորձեր անի:
Ըստ երեւույթին, Իսրայելն արդեն ներքաշելու փորձեր անում է, որ «Ջերուսալեմ փոստ» թերթը, «Բիրգյուն» գործակալության վկայությամբ, գրել է. «Չնայած Գազայի հատվածում իրականացված գործողություններին Թուրքիայի բուռն հակազդեցության պատճառով երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածությանը, չի փոխվել Իսրայելիՙ 20-րդ դարի սկզբներին մեկուկես միլիոն հայերի սպանությանն առնչվող դիրքորոշումը»: Իսրայելական թերթը միաժամանակ նշել է, որ Թուրքիան կորցնում է Ամերիկայի հրեական որոշ խմբավորումների աջակցությունը, եզրակացնելով. «Ամերիկայի հրեաները Հայոց ցեղասպանության հարցում կարող են պատրաստվել բանավեճերի»:
Եթե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը ցեղասպանություն բառը նորից չարտասանի եւ օրերս Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը վերստին մերժվի, դրանք այդ երկրում ընդամենը կհետաձգեն ցեղասպանության ճանաչումը, այլ ոչ թե կհանեն պաշտոնական Վաշինգտոնի օրակարգից: Քանի դեռ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի օրակարգում է, առանց պայքարը դադարեցնելու, պետք է պատրաստ լինել ճանաչման հետաձգմանը, որպեսզի հնարավոր հետաձգումից բխող հիասթափությունը չհամադրվի անհաշվենկատ քայլերով:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Օբաման դեռ Անկարա չի մեկնել, չի հանդիպել Թուրքիայի ղեկավարների հետ, դեռեւս առջեւում է նրա ապրիլի 24-ի ելույթը, իսկ Հայոց ցեղասպանության բանաձեւը դեռ պետք է դրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
No comments:
Post a Comment