
«ԱԶԳ» 21-3-2009- Մի խումբ ամերիկահայ ուսանողներ խնդրագրեր են ուղարկել Մ. Նահանգների համալսարանների գիտական խորհուրդներինՙ պահանջելով շրջանառությունից հանել «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչեւ մեր օրերը» (The Armenian people: From Ancient to modern Time) խորագրով պատմության դասագիրքը, դրանում տեղ գտած բազում խեղաթյուրված փաստերի համար:
Ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, համահայկական ցանցին (Pan Armenian.net) տված հարցազրույցի ժամանակ նման քայլը նախաձեռնող խումբը մատնանշել է 130 կոպիտ սխալներ եւ աղավաղված փաստեր, որոնք հրամցվում են ուսանողներին որպես բացարձակ ճշմարտություններ: Նրանք ավելացրել են, որ հակառակ հայաստանյան պատմաբանների բացահայտումների, քննադատությունների եւ ճշգրտումների, երկհատոր պատմության գիրքը 1997-ից օգտագործվում է որպես դասագիրք եւ 2004-ին նույնիսկ վերահրատարակվել է առանց դույզն չափով անգամ սխալների վերանայման եւ վերախմբագրման:
Նրանք եզրակացրել են, որ հակագիտական եւ հակահայկական նման դասագրքերը շրջանառությունից հանելը պարզապես անհրաժեշտություն է, անհետաձգելի քայլ, կոչ են անում միանալ նախաձեռնությանը եւ ստորագրել իրենց պատրաստած խնդրագիրըՙ այցելելով www.gopetition.com/online/24480.html կայքը:
Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավոր խմբագրությամբ լույս տեսած այդ հատորների տարբեր գլուխները գրել են Ջեյմս Ռասելը, Նինա Գարսոյանը, Պիտեր Քաուին, Ռիչարդ Թոմսոնը եւ Ռոնալդ Սյունին: Նրանց տրամադրված համապատասխան գլուխներում անթիվ-անհամար սխալների թվում ուսանողները նշել են հետեւյալները.
ա) Ռասելը հայերին անվանել է «գաղութարարներ» (colonists) իրենց իսկ հայրենիքում (հատոր Ա, էջ 23-24), ավելացնելով, որ Էրեբունու ամրոցը կառուցել է Արգիշտի Բ-ն եւ ոչ թե Արգիշտի Ա-ն:
բ) Գարսոյանը նույն հատորի էջ 42-ում պնդում է, որ մ.թ.ա. 5-2-րդ դարերում հայկական քաղաքներ չեն եղել եւ որ Երվանդունիների դինաստիան հայկական չէ:
գ) 9-րդ գլխում Թոմսոնը 5-րդ դարի հայ պատմաբաններին որակավորում է որպես խիստ տարակուսելի դեմքերի, որոնց «լուրջ չպետք է ընդունել»: Ավելին, էջ 215-ում նա պատմահայր Խորենացուն համարում է կեղծ մի անձնավորություն, որը երբեք չի ապրել 5-րդ դարում:
դ) Քաուին նույն Ա հատորի էջ 295-ում ավելի առաջ գնալովՙ Կոնստանդին Երզնկացուն, Հովհաննես Երզնկացուն եւ Նահապետ Քուչակին ներկայացրել է որպես հեղինակների, որոնք «որդեգրել են թուրքական, պարսկական եւ այլ մահմեդական գրականությունը»:
Նույն գլխում նա պնդում է, որ Նահապետ Քուչակը կեղծ անձնավորություն է, իսկ «Սասնա ծռերը» ոչ այլ ինչ, քան պարսկական «Ռուստամ զալի» էպոսի հայկական տարբերակը:
ե) Երկու հատորների մի շարք գլուխներում հեղինակները Հայկական բարձրավանդակը կոչում են Արեւելյան Անատոլիաՙ տուրք տալով թուրքական տերմինաբանությանը:
զ) Եվ վերջապես հատոր Բ-ի էջ 432-ում նշված է, որ առաջին հայկական գիրքը տպագրվել է Հոլանդիայում 1660-ին, մինչդեռ հայտնի է, որ տպագրվել է Վենետիկումՙ 1512-ին Հակոբ Մեղապարտի նախաձեռնությամբ:
«Նման աղավաղված փաստեր կարելի է գտնել միայն թուրքական աղբյուրներում», գրում են այս միջոցառման նախաձեռնողները:
No comments:
Post a Comment