Wednesday, March 25, 2009

ԳՅՈՒԼԸ ՓՇՐԵՑ ՏԱԲՈՒՆՙ ԱՐՏԱՍԱՆԵԼՈՎ ՔՐԴՍՏԱՆ ԲԱՌԸ

«ԱԶԳ» 25-3-2009- Երեքշաբթի գերմանական լրատվամիջոցները վկայակոչելով թուրքական «Հյուրիեթը» նշեցին, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարեւան Իրաք կատարած իր այցելության ժամանակ «փշրել է տաբուն»ՙ արտասանելով «Քրդստան» բառը: Առաջին անգամ է, որ Թուրքիայի պետության ղեկավարը թուրք լրագրողների հետ Բաղդադի ճանապարհին զրուցելիս Իրաքի հյուսիսում քրդերի կողմից կառավարվող տարածքը հրապարակային ձեւով անվանել է Քրդստան: Գյուլի այցը պատմական էՙ 33 տարի անց նա Թուրքիայի պետության առաջին ղեկավարն է, որ Բաղդադ է մտնում: Գերմանական լրատվամիջոցները նշում են նաեւ, թե Թուրքիան պատրաստվում է բացել նաեւ հարեւան Հայաստանի հետ փակ սահմանը, ինչպես նաեւՙ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելՙ միաժամանակ թարմացնելով Երեւանին նախկինումՙ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմաբանների միասնական հանձնաժողով կազմելու մասին արած առաջարկը: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: