Saturday, March 21, 2009

Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու խնդրով հետաքրքրվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը

/PanARMENIAN.Net/ 20.03.2009 - Մարտի 19-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Թբիլիսիի Սբ. Նորաշեն եկեղեցին շրջապատող պարսպի խաչը, որի ձեւը բնորոշ է բացառապես Վրացական Ուղղափառ Եկեղեցու խորհրդաբանությանը, փոխել է իր տեսքը, այն է` նրա թեւերը այժմ ոչ թե իջեցված են, այլ ուղղահայաց են խաչի առանցքին: Պարսպի վերակառուցման եւ նրա խաչի ձեւի փոփոխության վերաբերյալ ՎՈՒԵ պատրիարքարանը ոչ մի պաշտոնական հայտարարություններ չի կատարել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, այդ գործողության մեջ նա դրական կողմն է տեսնում: Նա նաեւ հաստատել է այդ առիթով որեւէ պաշտոնական հայտարարությունների բացակայությունը Վրաստանի Պատրիարքարանից թեմի հասցեին: Այն հարցին, թե արդյոք նրա կարծիքով խաչի ձեւի փոփոխությունը միայն իրական խնդրից «աչքի շեղման» համար է, եպիսկոպոսը բացասական պատասխան տվեց, ավելին` ընդգծեց, որ այդ հարցով զբաղվում են տեղական իշխանությունները, որոնցից ՀԱԵ թեմը աջակցություն է ստացել: Բացի այդ, այդ խնդրով հետաքրքրվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը. այդ երկրի դեսպանը տեղյակ է վիճելի եկեղեցու վերաբերյալ գործից: Դեսպանության աշխատակիցները նույնպես այցելել են մերձեկեղեցական տարածքը եւ տեղում ծանոթացել իրադրությանը: Ամփոփելով վերը ասվածը` Վրաստանում ՀԱե թեմի առաջնորդը նշել է, որ ներկա պահին իրական նախադրյալներ կան, որպեսզի այդ խնդիրը մոտ ժամանակներս լուծում ստանա: Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնական մասում գտնվող Նորաշեն եկեղեցու կարգավիճակը որոշված չէ. եկեղեցին մինչ օրս վիճելի է: «Նորաշեն» Տիրամոր Ավետման եկեղեցին Թբիլիսիի հայկական մշակութային ամենաակնառու կառույցներից մեկն է: Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա տիպը, որի ճակատները առանձնացված են դեկորատիվ կամարաշարով: Եկեղեցին վրացականացնելու փորձերը սկսվել են դեռեւս 1994-1995թթ.. ՎՈՒԵ առանձին ներկայացուցիչների կողմից ոչնչացվել են հիանալի որմնանկարները եւ ավերվել է խորանը, ինչպես նաեւ ջնջվել են եկեղեցու գերեզմանաքարերի գրությունները: 2008թ. մայիսին հարեւան Ջվարիսամա եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին եկեղեցու շուրջ պարիսպ կառուցեց, որի վրա հետագայում հայտնվեցին վրացական խաչերը: Հակամարտությունն իր գագաթանակետին հասավ 2008թ. նոյեմբերի 16-ին, երբ նույն այդ հայր Տարիելը բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխայիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Արդարացումը կայանում էր նրանում, թե իբր քարերը ժամանակավորպես տեղափոխվում էին եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ «շիրմաքարերի տակ մաքրելու համար»: Այս հարցում առանցքային գործոն է հանդիսանում այն, որ ՀԱԵ թեմը, ինչպես եւ Վրաստանի մյուս կրոնական փոքրամասնությունները, մինչ օրս չունեն իրավաբանական կարգավիճակ:

No comments: