Monday, April 6, 2009

Ինչ է անում պետությունը 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի համար

«3 ապագա բանակ գնացող տղա ունեմ, տղաներս կհարցնեն` մամա ջան, ի՞նչ է հայրենիքը, ես էլ կասեմ` հայրենիքն այն է, որ դու սոված օրեր ես անցկացրել ու քո երկրի պաշտոնյաներից որեւէ մեկը օրերից մի օր քո տան դուռը չի թակել ու չի հարցրել` ինչպե՞ս եք ապրում»,- մեզ հետ զրույցում ասաց 5 անչափահաս երեխաների մայր Գայանե Ռստակյանը: Արդեն 12 տարի է այս ընտանիքը վարձով է ապրում: Տիկին Գայանեի պատմելով` իրենք բազմիցս դիմել են տարբեր պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին, երբ վարչապետ էր, մի քանի տասնյակ պատգամավորների, սակայն ամեն անգամ իրենց ուղղված նամակները ետ են ուղարկել Արմավիրի քաղաքապետարան, այնտեղից էլ պատասխանել են, թե ձեզ տան հարցով չենք կարող օգնել, քանի որ միջոցներ չունենք: «Պետությունից ոչ մի օգնություն չենք ստանում, նույնիսկ նպաստ չեն տալիս: Ամուսինս «ԱրմենՏելում» ամիսը 57 հազար դրամով աշխատում է, սոցապ բաժնից ասում են, թե այդ գումարը լրիվ բավարար է ու ձեզ նպաստ չի հասնում: Հետաքրքիր է` ու՞մ են տալիս, որ մեզ էլ չի հասնում: Ով իմանում է, որ մեզ նպաստ չեն տալիս, զարմանում է, թե ինչ պետությունում ենք ապրում: 5 երեխեքս էլ դպրոցական են ու մինչեւ հիմա սեպտեմբեր ամսից դպրոցական հագուստների գումար ենք պարտք խանութներին, որ հաշվեմ, մի 1000 դոլարի չափով պարտք ունենք»,- ասաց տիկին Գայանեն: Նպաստի համար մայրը բազմիցս դիմել է Արմավիր քաղաքի սոցիապ բաժին: «Ամուսինս արդեն ամաչում է, որ նորից գնա, ասում է` ոնց որ ողորմություն ուզենք: Այդքան էլ հեշտ չի պետական մարմնի դուռը գնալը, բայց եթե նորմալ պետությունում ապրեինք, ինչի՞ պետք է մենք գնայինք, իրենք պիտի գային, ասեին` բազմազավակ ընտանիք եք, պետությունն ուզում է ձեզ օգնել: Ինչքան լավ կլիներ, որ ձեր նման իրենք էլ գային, մեր դուռը թակեին ու գոնե հարցնեին` ինչպե՞ս եք, կենդանի՞ եք, թե՞ մեռել եք»,- շարունակում է Գայանե Ռստակյանը: 7 հոգանոց այս ընտանիքը ոչ մի սեփականություն չունի, նույնիսկ առաջին անհրաժեշտության իրեր չունեն եւ օգտվում են տանտերերի իրերից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչությունից «Հետքին» պարզաբանեցին, որ այս ընտանիքը դեռեւս 2008 թվականի հունվարից փաստագրված չէ ընտանեկան նպաստի համակարգում: Վարչության աշխատակիցների փոխանցմամբ` եթե փաստագրված լինեին, արտահերթ կարգով նրանք նպաստ կստանային, եւ խորհուրդ տվեցին տիկին Գայանեին անպայման գրանցվել: «Արմավիրի սոցիալական աջակցության կենտրոնը գտնվում է մարզպետարանի շենքում, ու աշխատակիցները հաստատ չեն կարող կոպիտ ու անհարգալից վարվել քաղաքացիների հետ: Եթե նման դեպքեր էլ կլինեն, թող մարզպետին բողոքեն»,-խորհուրդ տվեց վարչության աշխատակիցներից մեկը: «Տանտերերը հիմա Ռուսաստանում են ու արդեն խաբար են արել, որ վերադառնում են, պիտի տունն ազատենք: 12 տարվա մեջ արդեն 5 բնակարան ենք փոխել, չգիտենք, թե ուր գնանք: Հատուկ օգնություն ստանալու համար երեխա չեմ բերել, բայց ոչ մի անգամ կառավարության աջակցությունը չենք ստացել, որ գոնե ոտքի կանգնենք: Ֆրանսիայում ծանոթներ ունենք, ասում են պետությունը ամեն մի երեխայի համար այնքան գումար է տալիս, որ առանց աշխատելու ծնողները հանգիստ կարող են ապրել, իսկ մեզ մոտ ընդհակառակը ոչ մի բանով չեն խրախուսում բազմազավակությունը»,- ասում է Գայանեն: Գայանեն ցանկություն ունի մի քանի երեխա էլ ունենալ, քանի որ ամուսիններով շատ են սիրում երեխաներ, բայց հնարավորություն չունի: «3 տղա ունեմ, որ պիտի մի քանի տարի հետո բանակ գնան, այսօր նեղ օրով պահեմ, մեծացնեմ, էգուց ինչ-որ մեկը, որը մեզ ոչ մի բանով չի օգնել, գա ու մեր երեխաներին հափշտակի տանի: Ճիշտ հասկացեք, ցավով եմ այս ամենի մասին խոսում, բայց այս պետության նկատմամբ ոչ մի պարտավորվածություն չեմ զգում»,- վիրավորված ասաց Գայանեն: Մեր այցելության պահին ընտանիքի մեծ տղան` 12-ամյա Դավիթը, տետր չուներ, որ ուսուցչի հանձնարարած տնային աշխատանքները գրեր, ստիպված պետք է գնային խանութներից մեկի աշխատակցին խնդրեին, որ պարտքով մեկ տետր տար, մինչեւ հայրն աշխատավարձ կստանա, բայց աշխատավարձն էլ դեռ տուն չմտած` արդեն վերջանում է ու նորից պարտքով հաց ու ուտելիք են գնում: Երբ մայրը պատմում էր իրենց ծանր օրերի մասին, երեխաներն ամաչում էին ու սենյակից դուրս էին գալիս: Մեծ դժվարությամբ համոզեցինք, որ գոնե լուսանկարվեն: Գրիշա Բալասանյան. «ՀԵՏՔ»

No comments: